Անսպասելին

0
73

«Ով չի արգելում չարիքը՝

մեղսակից է»:

Ցիցերոն

 Ռուբէն Յովակիմեան 

Քաղաքական բարդ ու վտանգաւոր խաժամուժ է տիրում մեր երկրում, որի սկիզբը նախատեսելի էր եւ տեսանք ցաւօք՝ քառասուն չորսօրուայ դժոխային մարտերի դժբախտ ու ցաւալի ելքը, որ ոչ մէկի սրտով չէր, բայց ինչպիսի վերջ պիտի այն ունենայ,– գուշակելի է դժուարութեամբ: Երբ  մէկ անդամ ունեցող խմբակները   կուսակցութիւն համարուելով միանում են իրենց աւագ համախոհներին, որոնք դեռ ամիսներ առաջ  պարտիզանական բախումներ էին նախատեսում, արդէն յարմար առիթ են համարում՝ արցախեան պատերազմի դժբախտ ելքը՝ ապականելու մթնոլորտը եւ շիկացած լարուածութիւն ստեղծում՝ հանրութեանը միմեանց դէմ հանելով, որպէս միակ կարգախօս ունենալով վարչապետի շտապ եւ անմիջական հրաժարականը:

Ի մէջ այլոց նշենք, որ հրաժարական պահանջելը դարձել է նորաձեւ (մոդաիկ) յանգերգ: Առաւօտ կանուխ ոտքի ելնողը՝ ըստ իր ճաշակի ու յարմարութեան, ինչ որ մէկի հրաժարականն է պահանջում եւ, եթէ կարողանում է մի քանի համակիր գտնել, ապա քաղաքի մի փողոց է փակում՝ համարելով, թէ իր իրաւունքների  շրջանակում է գտնւում եւ ըմբոշխնում է իր օրինական ազատութիւնը՝ բնաւ չմտածելով, որ օրինազանցութիւն է արածը:

Չեմ համարձակւում նման արարքները գնահատել թշնամութիւն կամ տխմարութիւն՝ որեւէ մէկի նուրբ զգացումները չվիրաւորելու համար, բայց այլ չէ իրականութիւնը, քանի որ հայրենաշէն  չէ եւ մի քանի ամիս առաջ՝ առողջապահութեան նախարարի հրաժարականը պահանջելով փողոց փակողներ եղան, որին հետեւեց կրթութեան եւ մշակոյթի նախարարի դիպուածը նոյն ձեռագրով եւ ուրիշներ․   դրանից առաջ՝ կաթողիկոսի հեռանալը պահանջողները բաւական աղմուկ էին հանել, բայց նա արհամարհեց եւ չհեռացաւ:

Անհերքելի է, որ այսօր տիրող մթնոլորտը, ինչ լինում է ազգային աղէտի հետեւանքով, բազում փորձերից յետոյ՝ նախկինների նոր յեղաշրջում անելու քայլ է, որ դժբախտ աւարտով պատերազմը աւելի գրգռեց փոխվրէժի (revanche) ցանկութիւնը շաղախուած տխմարութեան հետ:

Ի վերջոյ մեր հասարակութիւնը պիտի կարողանայ վերջապէս հասկանալ եւ հաշտուել այն տհաճ մտքի հետ, որ պատերազմը ոչ թէ այսօր,  այլ վաղուց էինք կորցրել:

֊Այն կորցրինք, երբ 94֊ին յաղթող լինելով զինադադարի էինք համաձայնւում խուճապի մէջ եղած թշնամու հետ, բայց  չկարողացանք պարտաւորել ու ի հարկին պահանջել  խաղաղութեան պայմանների վերանայում, սահմանների հաստատում:

֊ Այն կորցրինք հոկտեմբերի 27֊ին երբ երբ դաւադիր եւ աւազակաբարոյ խմբերը գլխատեցին պետութիւնը: Ոչ ոք հարց չի տալիս, թէ ինչպէ՞ս զինուած ջոկատը յայտնուեց խորհրդարանի դահլիճում, ուր մտնելը որեւէ մէկին սկզբունքով անհնար է, մինչ նախագահը առիւծ է որսում Աֆրիկայում: Հասարակութեան վերին խաւը լուռ էր:

֊Այն կորցրինք ապրիլի քառօրեայ բախումների ընթացքին, երբ չհասկացանք, որ ոխերիմ թշնամին պատրաստ չէ հաշտուելու կորուստի տրամաբանութեան հետ եւ ուշ թէ կանուխ իր պահանջները կը յայտնի:

֊Այն կորցրինք,  չհասկանալով այս տարի ամառնային թուրք֊ազերի զինավարժութիւններին կարեւորութիւն չտալով եւ պէտք եղած միջոցներ չձեռնարկելու պատճառով՝ լաւ գիտակցելով, որ նրանց ուժը գերակայ է եւ ոմանց կողմից ահազանգ է հնչել: Թշնամուն տխմար համարելը եւս մեծ սխալ է:

֊Այն կորցրինք տասնամեակներ շարունակ չուզելով  հասկանալ, որ Մինսկի համանախագահները ունէին միեւնոյն սկզբունքը՝ գրաւուած տարածքները յանձնել եւ վերջնական պայմանագիր ստորագրել, որ Լաւրովի ծրագրի հիմնական ատաղձն էր, մինչդեռ մերոնք առաջ էին քաշում մի թիզ չզիջելու եւ մինչեւ Բագուն գրաւելու անրջային տեսիլքը:

֊Այն կորցրինք եւ աւելին կարող ենք կորցնել՝ ընդհուպ Հայաստանի վերացումով, երբ նախկիններից կազմուած ընդդիմադրութիւնը, ետ վերադառնալու մոլուցքի տենչով  տարուած,  մէկ նպատակ ունի՝ վարչապետի հրաժարական պահանջելը, չնայած վերջինս իր բաժին սխալներն ունի, բայց ո՞վ փորձեց, երկիրը եւ բանակը շէնացնելու որեւէ ծրագիր դնել նրա եւ կառավարութեան առջեւ, մինչդեռ արդի պայմաններում երկու կաթողիկոսների եւ երկրի գիտութեան եւ արուեստի որոշ հասարակութեան տարիներ տեւող լռութեան պայմանները փոխուել են եւ նրանք եւս միանում են փողոցի կանչերին դառնալով մեղսակից (անուններ չտանք), հանդարտութեան եւ շինիչ քարոզի փոխարէն, եւ որպէս լուծում իշխանութեան ղեկը՝ ինչ որ նկուղներից դուրս եկած ոմն նախկինների հլու հպատակին յանձնել՝ կարծելով, թէ նա պիտի կարողանայ վիճակը շտկել, մարդ,  որ երբեք դրական դիրք չի ունեցել եւ անտեսել է համատարած թալանը, բայց կարող է սանդղակի դեր ունենալ իշխանութեան հասնելու համար: Այս է հիմնական նպատակը: Լուսահոգի մայրս պիտի ասէր. «Մանչս, ախոռը մտար՝ էշի ճակատը համբուրեցիր»:

֊Այն կորցրինք, երբ Ալիեւը ջանք չէր խնայում իր զօրքը վերջին տեսակի զինամթերքներով ապահովել, մերոնք գնում էին Բադեն֊ Բադենի  կամ Մոնակոյի կազինօներում զուարճանալու, իսկ բանակի համար փող չկար: Ինչպէ՞ս բացատրել, որ  քաջարի հայ մարտիկները, թշնամու 264 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել, իսկ մենք չունէինք ոչ մէկ հատ, մինչդեռ այսօր հացի պէս անհրաժեշտ են նրանք: Երբ ազերիները զինւում էին տասնամեակների ընթացքին, մերոնք  փառաւոր առանձնատներ էին կառուցում եւ օֆշորային դրամատներում դոլարներ կուտակում՝ առանց որեւէ արտադրամաս ստեղծելու:

֊ Այն կորցրինք․ քանզի իմաստուն եւ խորամանկ կեցուածք չունեցանք ձեռք բերել միեւնոյն զէնքերը,  ինչ որ ունէր թշնամին: Չեմ կարծում , թէ հրեաները կը մերժէին եւ հակառակ դէպքում ի՞նչ փորձեր են արուած սեփական զինարդիւնաբերութիւն ունենալու համար: Կարծեմ ոչ մէկ, իսկ փոխարէնը կոնեակի արտադրութիւնը աւելացել է՝ բազմապատիկն ուռճացնելով արդէն յղփացած մի անձ, որի անդադար ձգտումն է վարչապետի  աթոռը  եւ այսօրուայ ցոյցերի հիմնական ջատագովն է՝ իր խմբով:

֊Այն կորցրինք, որովհետեւ դէմ դիմաց էինք թուրք բանակի հետ եւ այդ հանգամանքը ոչ ոք հաշուի չէր առել եւ ոչ մէկ նախապատրաստական համապատասխան աշխատանք չէր տարուել՝ գիտենալով վարձկանների ներկայութիւնը: Թշնամուն կատարեալ տխմար համարելը եւս ռազմավարական խոշոր սխալ է,  եւ մենք ընկանք այդ թակարդի մէջ:

֊Այն կորցրինք․․․ եւ այլն․  կարելի է դեռ շարունակել, միայն թէ կ՝ուզեմ նշել․ որ այս մտորումները որեւէ մէկին արդարացնելու կամ յանցաւոր գնահատելը չէ, իսկ այսօր շրջանառութեան  մէջ եղած դաւաճանութիւն եզրը, որ ցոյցի կազմակերպիչները գործածում են հեշտութեամբ եւ առանց մտածելու՝ բառի իրական ծաւալը զանց առնելով, ոչ մէկ ձեւով համահունչ չէ աղէտից յետոյ երկիրը վերակառուցելու սկզբունքի հետ: Ոչ աւել, ոչ պակաս,  այն վրիպում ապրածների եւ անյաջողների աթոռակռիւ է իրենց՝ մեղքերը ուրիշին վերագրելով:

Մինչդեռ, եթէ տասնվեց կամ տասնեօթը  եւ նրանց սատար կանգնողները հայեցի մտածողութեամբ եւ երկրի ապագայի մասին անհանգստանալու նշոյլ ունենային այս տագնապալի օրերին՝ իմ կարծիքով,– եւ վստահեցնեմ, որ ես դաս տուողի եւ քարոզողի յաւակնութիւն չունեմ,– պիտի մտածէին թէ գլուխ գլխի հաւաքուելով ի՞նչ անենք,  որ աւելին չկորցնենք եւ ի՞նչ այլ հնարաւորութիւն կայ եղած չարիքի հետեւանքը նուազացնելու, ապագայի հոգսերով:

Մէկ այլ կարեւոր բան պէտք չէ մոռանանք, որ Էրդողանի Թուրանի  խալիֆայութեան վերականգնումի անուրջը դեռ չի մարել եւ նրա հիմնական արգելքը մեր եւ մեր երկրի ներկայութիւնն է  իր ճանապարհին, իսկ այդ գայլի դէմ մենք պայքարել անզօր ենք, մանաւանդ այսօր:

Ժամանակն է երեք տասնամեայ անկախութիւնից յետոյ մի փոքր հասունանանք, քաղաքական եւ   տնտեսական  ռազմավարութիւն ընդօրինակենք տարբեր երկրներից:

Կարծում եմ,  թէ վարչապետի հրաժարականի խնդիրը պէտք է թողնել իր խղճին եւ գիտակցութեանը: Դա թթու թան չէ՝  ամէն նորելուկի բան չէ եւ լուրջ խնդիրները փողոցի ցոյցերով չեն լուծում:

Յուսանք՝ կը գայ գարուն կը բացուի վարդը:

9֊12֊20

Ռուբէն Յովակիմեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here