Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կարող է գալ միայն հրաժարականի տեքստը կարդալու համար, հայտարարում է Իշխան Սաղաթելյանը

0
654

https://www.azatutyun.am-Կարլեն Ասլանյան

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները հայտարարել են, որ այսօր բողոքի ակցիա կիրականացնեն Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։

Ժամը 12-ից հետո ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սաղաթելյանը հայտարարեց՝ քաղաքացիներն այլևս լեգիտիմ իրավունք ունեն անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար։

«Ազատությունն» այս թեմայի շուրջ զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հայտնի է, որ այսօր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի օր է, ենթադրաբար վարչապետի պիտի գնա Ազգային ժողով, սա հաշվի առնելո՞վ եք ակցիան տեղափոխել Ազգային ժողով:

Իշխան Սաղաթելյան. – Նաև, ենթադրվում է, որ վարչապետը ևս ներկա է լինելու, մենք գտնում ենք, որ հարցուպատասխանը, ընդհանրապես Ազգային ժողովի նիստերը կեղծ օրակարգեր են: Ազգային ժողովը կարող է մեկ գլխավոր օրակարգով նիստ գումարել, դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունն է, և Նիկոլը կարող է գալ Ազգային ժողով մեկ օրակարգով՝ կարդա իր հրաժարականի տեքստը: Այսօր մենք հավաքվելու ենք Ազգային ժողովի դիմաց մեր բողոքն արտահայտելու համար:

«Ազատություն». – Դա զուտ հանրահավա՞ք է, թե՞ շրջափակել մուտքեր, ելքեր և այլն:

Իշխան Սաղաթելյան. – Սա բողոքի ակցիա է, ըստ իրավիճակի կկողմնորոշվենք:

«Ազատություն». – Արդյոք, օրինակ, երեկ փողոց դուրս էր եկել, ինչպես ընդունված է ասել այն կրիտիկական քանակը մարդկանց, որը իշխանափոխություն է ապահովում:

Իշխան Սաղաթելյան. – Մենք առաջին օրն է, որ հայտարարել ենք խաղաղ անհնազանդության բողոքների մասին և բավականին մեծ թվով մարդիկ դուրս էին եկել փողոց: Կա համահայաստանյան, համահայկական դժգոհություն և համաժողովրդական պահանջ Նիկոլի հեռացման շուրջ, և դա փաստ է:

«Ազատություն». – Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր հրաժարականի պահանջը լայն տարածում չունի, հավանաբար համեմատում է 2018-ի իր առաջնորդած փողոցային պայքարի հետ, երբ բաց փողոցներ չկային, միջպետական ճանապարհները փակ էին, երեկ մեղմ ասած հեռու էր այդ իրավիճակից:

Իշխան Սաղաթելյան. – Նիկոլ Փաշինյանի հեռացման պատճառները փաստելու և համաժողովրդական դժգոհությունը ֆիքսելու խնդիր չունենք, դա օրերի հարց է, դա համահայկական և հայ ժողովրդի պահանջն է, և եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, իր աջակիցները հրապարակի այն 8-10 հոգին են, որ այստեղից, այնտեղից ինչ-որ մարդիկ են գտնում, բերում համազգեստ հագցնում և հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի աջակիցներ:

«Ազատություն». – Բայց ինքը դեռ կոչ չի արել, որ եկեք ի աջակցություն ինձ:

Իշխան Սաղաթելյան. – Ինքը, որ կոչ անի, նրանց թիվը կարա լինի առավելագույնը 100-150 հոգի: Նիկոլ Փաշինյանն այլևս չունի հասարակական որևէ աջակցություն, իր շրջանակում մնացել են նեղ կուսակցական ինչ-որ խմբեր, որոնք տատանվում են մնալու հարցում և որոշ սադրիչների խմբեր, որոնց այս օրերին տեսնում ենք:

«Ազատություն». – Այդ դեպքում ձեր աջակիցների քանակը, որ ասում եք՝ համաժողովրդական, դա ինչո՞վ է չափվում: Մոտ երկու տասնյակ կուսակցություններ հարյուր հազարների փողոց դուրս չեն բերում և եթե քվեարկությամբ նայենք, «Բարգավաճ Հայաստանը» մոտ 8 տոկոս քվե է ստացել:

Իշխան Սաղաթելյան. – Քվեարկության ժամանակն անցել է, էդ մարդկանց քանակով, եթե հաշվենք, վերջին մեր հանրահավաքը տեսել եք: Այսօր մարդկանց համատարած փողոց դուրս չգալը ունի նաև բազմաթիվ պատճառներ՝ սկսած մեր ողբերգական վիճակը, մարդկանց տրամադրությունը, վերջացրած եղանակով և այլն: Բայց հիմ այստեղ փորձենք հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն ունի հեռացման պահանջ, դա փաստ է, որ ունի:

«Ազատություն». – Այստեղ էլ մի հակափաստարկ կա, որ այսօր անգամ Փաշինյանին մերժող շատ մարդիկ ձեր պայքարին կողքից են նայում, մտքում ասում են՝ «ավելի լավ է այսպես, քան նախկինները հետ գան»:

Իշխան Սաղաթելյան. – կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց հարթակին կանգնած քաղաքական ուժերի, այսօրվա մեր միասնական թեկնածուի նկատմամբ չունեն այդ վստահությունը, դրա համար մենք մեր այդ քաղաքացիներին ասում ենք, որ սա մեզ իշխանության բերելու պայքար չէ, սա հայրենիքը փրկելու պայքար է, դրա համար անհրաժեշտ է հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ստեղծվելու է դրանից հետո ժամանակավոր կառավարություն, ով ընդամենը մեկ տարի հետո երկրում կազմակերպելու է արդար, թափանցիկ ընտրություններ, բայց եթե Նիկոլը շարունակի մնալ, այն վեց ամիսը կամ երեք ամիսը կառչած մնալ ընտրություններին և իր վարչապետությամբ գնանք ընտրությունների, ինքը չունի այդ վստահությունը և պարզապես կեղծելու է ընտրությունները:

«Ազատություն». – Դրա հակառակ պնդումն էլ կա, որ Վազգեն Մանուկյանի դեմքով նախկիններն են վերադառնում: Ձեր դաշինքում են՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանն է բացահայտ աջակցում:

Իշխան Սաղաթելյան. – 2,5 տարի ներկայով ու նախկինով պառակտեցինք, թուլացրեցինք, ատելություն գեներացրեցինք մեր հասարակության մեջ: Բավարար է արդեն այդ՝ հին ու նոր, մերժված, մերժվածը Նիկոլն է, իր թիմն է, որի պատճառով կորցրել ենք մեր հայրենիքը:

«Ազատություն». – Ինչո՞ւ չեք պաշտպանում Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ավելի հավանական չէ՞, որ «Իմ քայլը» դաշինքը նրան կընտրի վարչապետ, քան ձեր թեկնածուին:

Իշխան Սաղաթելյան. – Երեկ ևս հանդիպել ենք պարոն Մարուքյանին, կա խոսակցություն, երբ որ վերջնական հայտարարի կգանք, կհայտարարենք, չենք գա, չենք հայտարարի: Բայց շարժումն արդեն ունի միասնական թեկնածու, որի մասին հայտարարվել է և քաղաքական պրոցեսներն ընթանում են:

«Ազատություն». – Այսինքն չե՞ք բացառում, որ հնարավոր կոնսոլիդացիան փոխվի դեպի Մարուքյանի թեկնածությունը:

Իշխան Սաղաթելյան. – Շարժումն ունի ձևակերպած պահանջ և թեկնածու, և ես պարզապես դա անհնարին եմ համարում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here