Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը առաջարկում են ստեղծել անիշխանություն. Փաշինյան

0
108

https://www.azatutyun.am – Սարգիս Հարությունյան

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն, կամ խամաճիկային իշխանություն՝ այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով, թե այդ ինչու իր հրաժարականի փոխարեն չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի ամբողջ ցանկ ներկայացրեց, թե ովքեր են պահանջում վարչապետի հրաժարականը՝ սկսած վեհափառներից, վերջացրած տարբեր բնակավայրերի ղեկավարներով, ապա դիմելով Փաշինյանին՝ հայտարարեց, թե ի պատասխան կառավարության ղեկավարը ընդամենը տարբեր կադրային փոփոխություններ է կատարում, այնինչ նման կերպ հարցը չի լուծվի՝ առանց վարչապետի հրաժարականի։

«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեն պահանջում, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ։ Տեսեք հիմա, Ձեր նշած քաղաքական ուժերը ինչ են առաջարկում․ առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն։ Ներողություն եմ խնդրում էս բառի համար, բայց ուրիշ բնորոշում չեմ գտնում։ Ինչո՞ւ։ Որովհետև առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, և որը չունի նույնիսկ հեռանկար արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես։ Հետևավար այս պայմաններում եթե տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը։ Իհարկե իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են այդ կարգավիճակին են հասցրել։ Եվ այն մի տարվա ընթացքում, որի մասին ասվում ա, ի՞նչ ա տեղի ունենալու։ Վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ»։

Փաշինյանի խոսքով, իր հրաժարականը պահանջողների 90 տոկոսը այն մարդիկ են, որոնք արդեն 2018-ի հունիսից՝ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո էին պահանջում իր հրաժարականը․ – «Նրանք մի մասը ներքուստ էր պահանջում, մյուս մասը հրապարակային էր պահանջում։ Հիմա ուղղակի առիթ է, որպեսզի այդ պահանջը բարձրաձայնվի։ Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայենք՝ պատերազմից առաջ, կտեսնենք, որ էդ կազմը և ասելիքը չի փոխվել։ Բայց իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իմ պատասխանը հետևյալն է՝ ժողովրդին պրոցեսից դուրս թողնելու համար։ Եթե դուք այլ տարբերակ ունեք, խնդրեմ առաջարկեք։ Ես չեմ ասում 7 տոկոսանող ուժը ոնց կարա ժողովրդի անունից խոսա։ Ես ասում եմ՝ ժողովրդի անունից կարող է խոսել ժողովուրդը։ Եվ ինձ համար տարօրինակ է, որ չի առաջարկվում աներկբա և միանշանակ այնպիսի մեխանիզմ, որտեղ ժողովուրդը խոսելու հնարավորություն կունենա»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here