«Արմենպրես»-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հայաստանի ձայնը. պետական գործակալությունը 102 տարեկան է

0
164

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 102-ամյակը:

Գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծում է՝ գործակալությունն առաջիկա 1 տարում ծրագրում է կենտրոնանալ միջազգային հեղինակության ամրապնդման վրա։ «Մեր նպատակն է ավելացնել գործակալության ներկայությունը միջազգային լրատվական հոսքերում, ժապավեններում, ինչպես նաև «Արմենպրես»-ի կողմից ստեղծվող արտադրանքը դարձնել ավելի բազմազան, ժամանակակից և համապատասխանեցնել սպառողի պահանջներին։ Առաջիկայում կլինեն դրա տեխնիկական հնարավորությունները, և կարծում ենք, որ թե՛ մեր ընթերցողները, թե՛ բաժանորդները և թե՛ գործընկերներն այդ փոփոխությունները շատ արագ կտեսնեն»,- ասաց Անանյանը։

Նրա խոսքով՝ «Արմենպրես»-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հայաստանի ձայնը, իսկ դա շատ պահանջված է։ Վերջին 1 տարում ամբողջ աշխարհի լրատվական գործակալություններն աշխատել են արտակարգ ռեժիմի պայմաններում, իսկ Հայաստանը կրկնակի, քանի որ երկրում եղան նաև պատերազմական գործողություններ։ «Այդ իրադարձությունները՝ կորոնավիրուսային համավարակը և պատերազմը, ցույց տվեցին, որ գործակալությունը և կարողանում է, և պետք է ունենա ռազմավարական այդ նպատակը՝ դառնալու Հայաստանի ձայնը, ու լուծի այդ խնդիրը։ Այսօր ավելի քան կարևոր է, որպեսզի մեր երկրի ասելիքը, պատկերացումները լսելի լինեն առաջին հերթին մեր դաշնակիցների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ճակատագրով հետաքրքրված բոլոր մարդկանց, պետությունների և կազմակերպությունների համար։ Մեր ջանք ու եռանդը դնելու ենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց Անանյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրած ձեռքբերումներին, նա նկատեց, որ կա ընթերցողների, ինչպես նաև վստահության աճ՝ գործակալության արտադրանքի նկատմամբ։ Այս պահին կարևոր են տեսանելի ապագայում արվող քայլերը։

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918թ. դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո և վիդեո նորություններ:
2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց:
«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
Գործակալությունն օրական հրապարակում է մի քանի հարյուրի հասնող լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն։ «Արմենպրես»-ն ակտիվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից: Գործակալության կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հասանելի է թե համակարգիչների, թե «խելացի» հեռախոսների համար:

«Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:

Միջազգային համագործակցություն

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:
«Արմենպրես»-ը երկկողմ պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:
Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:

Գործակցություն Արցախի հետ

«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:
2016թ. հոկտեմբերին «Արմենպրես»-ի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով:

Մամուլի կենտրոն

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնը Հայաստանի ամենաակտիվ, արդիական և հեղինակավոր ասուլիսային հարթակներից մեկն է: Շաբաթական մամուլի կենտրոնում անցկացվում է շուրջ 4 միջոցառում՝ լայն հանրային ընդգրկմամբ: «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հյուրընկալվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտի առաջատար ներկայացուցիչներ: Մամուլի ասուլիսները ներկայացվում են ուղիղ հեռարձակմամբ:

Ֆոտոծառայություն

Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համակողմանի օժանդակություն: Ի մասնավորի, աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով: Ֆոտոծառայությունն ունի հարուստ տեղեկատվական և լուսանկարչական արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար: «Արմենպրես»-ի արխիվի մի մասը թվայնացվեց «History. Armenpress.am» նախագծի շրջանակներում, որտեղ ավելի քան 10 հազար լուսանկարների թվայնացված տարբերակները ներկայացված են հանրությանը։ Դա արվեց մասնագիտական լավագույն չափանիշներով:

Տեսածառայություն

«Արմենպրես»-ը ակտիվ աշխատանք է իրականացնում տեսաբովանդակության զարգացման ուղղությամբ: Գործակալության փնտրտուքներն ուղղված են ավելի հետաքրքիր եւ որակյալ բովանդակություն ստանալուն: Այդ դաշտ մտնելու համար առաջին լուրջ քայլերն արված են: Գործակալությունը պատրաստվում է այդտեղ իր ծանրակշիռ խոսքն ու դերակատարությունն ունենալ:

Միջազգային լրատվական ընդգրկում

«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ Նովոստի»-ն և այլն:

Կրթական ծրագրեր

«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:
Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:

«Արմենպրես»-ը շնորհավորում է իր ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին տարեդարձի առթիվ` ձգտելով մշտապես պահպանել իր արժանի տեղը լրատվական բազմազանության մեջ:

https://armenpress.am/arm/news/1038209.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here