Մտախոհ

0
184

Ռուբէն Յովակիմեան

 «Եթէ երիտասարդները գիտենային

                   եւ ծերերը կարողանային-

                                                                    հրաշքներ կը լինէին»

Վիկտոր Հիւգո

 

Իմաստուն էր երջանկայիշատակ Պարոյր Սեւակը եւ նա չափազանց զգայուն եւ խորամիտ էր, երբ գրում էր . «Մարդ կայ աշխարհն է շալակած տանում․․․ մարդ կայ ելել է շալակն աշխարհի»: Գաղտնիք չէ, որ մարդկային հասարակութիւնը՝ ի սկզբանէ, նաեւ կենդանական աշխարհը, շերտաւոր են. կան  տիրողներ եւ ենթականեր եւ այդ վիճակը շարունակւում է մինչ այսօր զանազան անուան տակ: Արդի ամբողջ աշխարհը ղեկավարում են մի խումբ ուժեղ եւ խոշոր դրամատէրերը՝ գործակցելով  գաղտնի կամ ստուերային կազմակերպութիւնների հետ, որոնք տեղեակ են, թէ երբ եւ որտեղ ի՛նչ տեսակի բախումներ են նախատեսուած եւ ի՛նչ աւարտ պիտի ունենան,  եւ բացառուած չէ, որ Արցախեան մարտերի դժբախտ աւարտը քննուած եւ իր լուծումն է գտած այդ մակարդակին, որին կարող է հիմք ծառայել այն հանգամանքը, որ երբ մերոնք ռմբակոծեցին Գանձակը իր օդանաւակայանով եւ ոչ հեռու էր նաեւ դէպի Ջեյհեան տանող գազատարը, որ ունի ռազմավարական կարեւոր արժէք եւ նշանակութիւն՝  մնաց անխոցելի: Ինչո՞ւ: Ենթադրաբար, այդ գազատարի փայատէրերն են, որ նոյն խոշոր դրամատէրերն են, վերից զգուշացրին՝ ո՞ւմ եւ ի՞նչ ճանապարհով՝ մեզ անհասանելի է[1]:

Առեղծուածային եւ անիծեալ խնդիր է «հայկական հարցը», ինչ մակարդակի եւ ինչ ծաւալի էլ այն լինի: Թղթէ շերեփի դրուագից ի վեր, երբ այդ խնդրի   լուծումը լինում է այլոց ձեռքին, միշտ մեզ համար աննպաստ աւարտ է ունենում: Միայն մէկ անգամ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն էր, որ մեր օգտին որոշում ընդունեց, բայց, աւա῀ղ, մահացաւ՝ ա՛յն ստորագրելու նախօրեակին  եւ ոմանք կարծում են, թէ պատահական չէր դէպքը: Նոյն աւարտը ունեցան բոլոր այն համաժողովները, ուր քննում էին մեր հարցը, եւ որպէս հետեւանք ունեցանք մեր պապենական տարածքների միայն տաս տոկոսը, որ դարձեալ վտանգի տակ է, եթէ  ներքին պառակտումները հասնեն այն ուժգնութեան, որ դէպի անդունդ գահավիժենք, ինչ որ անհնար  չէ՝ տեսնելով մեր քաղաքական ուժերի՝ իրար յօշոտելու ախորժակը: Անկախութիւնը մեր երկրին բարիք եւ քաղաքական հասունութիւն չբերաւ, քանզի նախընտրում ենք պառակտութիւնը՝ օտարին ենթակայ  լինելու սկզբունքով եւ դա ոմանց ձեռնտու է, մանաւանդ աշխարհի տիրակալներին, որոնց մաս են կազմում նաեւ թուրքերը, որ պատրաստ են  մեզ կուլ տալ եւ չմոռանանք, որ Էրդողանը ծրագրած է վերականգնել խալիֆի աստիճանը 1924-ին, եթէ կարողանայ շահել գալիք  ընտրութիւնը :

Այդ ջոջերը միշտ արթուն են եւ տեղեակ, թէ ո՛ւր՝ ի՞նչ է կատարւում: Նրանց գործակալները ամէնուր են, նոյնիսկ մեր երկրում, որ քարտէզի վրայ ընդամէնը մի կէտ է առանց անունը նշուելու, ո՛uր կառուցուել է աշխարհի ամենամեծ ԱՄՆ դեսպանատունը: Գաղտնիք է՞, արդեօք, որ տարբեր բարեգործութեան եւ նոր լիբերալ (néolibéralisme) անուան տակ մեր երկրում են հաստատուել տարբեր տեսակի ու չափի կրօնական աղանդներ, մասոններ, սորոսականներ,  նաեւ  թերեւս թաքնուած այլ դեսպանատան ծառայողներ, որոնց միակ նպատակն է խաթարել մեր աւանդականը եւ ներմուծել իրենցը. նրանք ամէն ինչ անում են, որ Տիբեթից մինչեւ Ամազոն բոլորը միանման լինեն իրենց կենցաղով, մշակոյթով, մտածելակերպով ու բարքերով եւ սպառել վերից առաջարկուած արտադրանքը, նոյնիսկ  առօրեայ հագուստների  վրայ լատինատառ  անիմաստ որեւէ բառով, որ մարդկանց դարձնում է մտքից տկար, հոգով բոբիկ կամ ժամանակակից  ստրուկ: Այդ ներմուծումը լինում է որոշ  նուիրատուութիւններով՝ փոքր երկրներում, գովազդի խլացուցիչ աղմուկով կէս զարգացածների համար, մոդայի պիտակի տակ աւելի զարգացածների մօտ:

Եթէ համարենք, որ այդ մտայնութիւնն ու նպատակը այլ  բան չէ, քան համաշխարհայնացման  (globalisation) ծրագիր, ապա մոռացման վտանգի ենթակայ են իրենց բոլոր բաղադրիչներով՝ վեհապետութիւնը, արդիւնաբերութիւնը, աւանդական մշակոյթները՝ արուեստն ու արհեստները,  տնտեսութիւնը, ապրելակերպը,  կրթութիւնը, գեղեցիկի ընկալումը,   «բիզնեսը», ազգային գաղափարախօսութիւնը     եւ այլն: Պատահական է՞, որ Եւրոմիութեան ստեղծումից յետոյ, գործազուրկների թիւը հսկայական աճ արձանագրեց մի շարք երկրներում, քանզի գործարարները տեղափոխում էին իրենց արտադրանքը աւելի էժան բանուորական ուժ առաջարկող երկրներ, դասական արուեստի մատուցումը տեղը զիջեց արդիականին, մանաւանդ աչքի է զառնում մեծ ու փոքր ժողովուրդների համատարած համազգեստի նման   զգեստաւորումը: Աշխարհի մի ծայրից միւսը, մինչեւ իսկ Արցախի կորսուած գիւղերում, այր թէ կին, ահել թէ ջահէլ,  գէր թէ նիհար բարձր թէ կարճահասակ, գէշ թէ գեղեցիկ, բոլորը մինչեւ իսկ մանկիկները, կրում են Ամերիկայից ներմուծած ջինս կոչուած տաբատը՝ սաբօի հետ համատեղ: Դեռ աւելին՝ տաբատները յաճախ լինում են  պատռուած՝ որքան կարելի է շատ բացուածքներով, եւ դա համարում են արդի գեղեցկութիւն՝ մոդա: Ահա ուր է գեղեցիկի զգացումի ապականումը, որ ոմանք կոչում են «նէոլիբերալիզմ»:

Թող ներեն այս նշուածներին նմանուող ընթերցողները, ես փոփոխութիւնների ու նորարարութիւնների հակառակ չեմ, բայց ամէն բանի սահմանը ճանաչելը իմաստութիւն է:

Թերեւս, այլեւս պիտի չտեսնենք հեզաճկուն տիկիններին իրենց բարեմասնութիւններով եւ ամէն մէկը իր սազական հագուստով՝ բարձրակրունկ կօշիկով  ճեմել մայթերի վրայ՝ գայթակղելով անցորդներին:

Յիշեցնեմ նաեւ իմ յարգելի ընթերցողին, այս գրառումով կենսական խնդիրներ չեն, որ կ’ուզեմ ներկայացնել, բայց նրանք մեր կեանքի մասն են կազմում ամէն օր եւ ամէնուրեք եւ ունեն իրենց կարեւորութեան աստիճանը եւ զբաղեցնում են ազգային գաղափարախօսութեան մի մասը:

20-12-20

[1]Այդ գազատարի հիմնական բաժնետէր են՝ Անգլիա, Թուրքիա, ԱՄՆ, Իսրայէլ, Ադրբեջան եւ այլն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here