Հայաստան Հիմնադրամը Արցախում Մեկնարկում Է Բնակարանաշինութեան Նոր Ծրագրեր

0
594

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանը Դեկտեմբերի 19ին ընդունել է Հայաստան Համահայկական հիմնադրամի փոխտնօրէն Արարատ Խլղաթեանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր քաղաքաշինութեան նախարար Արամ Սարգսեանը, քննարկուել են համահայկական կառոյցի կողմից Արցախում իրականացուող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները:

Գրիգորի Մարտիրոսեանը բարձր է գնահատել հիմնադրամի հետ առկայ համագործակցութեան մակարդակը, ինչը, յատկապէս վերջին շրջանում, արտայայտուել է պատերազմի ընթացքում եւ հրադադարի պայմաններում Արցախին ուղղուած բազմաթիւ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարեւորել է քաղաքաշինութեան նախարարութեան հետ իրականացուող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիւ մասնակցութիւնը, ապրանքանիւթական մասով աջակցութիւնը, ինչպէս նաեւ նոր ծրագրերի ներդրման պատրաստակամութիւնը:

Արարատ Խլղաթեանն, իր հերթին կարեւորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարութեան մասնակցութիւնը՝ ներկայացրել է նախատեսուող բնակարանային շինարարութեան ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում եւ քաղաքային ու գիւղական մի շարք բնակավայրերում: Մասնաւորապէս, Ասկերանում կը կառուցուի 9 բնակելի շէնք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շէնք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկայ օրերին կը ներկայացուեն Ստեփանակերտում եւ միւս բնակավայրերում նախատեսուող բնակարանաշինութեան ծաւալը:

Արամ Սարգսեանի հաւաստմամբ՝ շինարարական ընկերութիւնների, շինանիւթի, պատուհանների ու դռների արտադրութեամբ զբաղուող կազմակերպութիւնների հետ համապատասխան իրաւական աշխատանքն է տարուել, եւ պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:

Մարտիրոսեանը Արցախի վերականգման հարցում կարեւորել է իւրաքանչիւր հայի ներդրումը՝ եւս մէկ անգամ շեշտելով հիմնադրամի առաքելութիւնը պատերազմի ծանր հետեւանքները մեղմելու եւ վաղուայ օրուայ հանդէպ հաւատը վերակերտելու հարցում:

(Թղթակցութիւնը՝ պետական նախարարութենէն)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here