Վարչատարածքային բաժանման մասին օրենքը պետական սահմանի որոշման տեսանկյունից կարևոր չէ. արձագանքներ վարչապետի հայտարարությանը

0
293

https://www.azatutyun.am – Նանե Սահակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է ընդդիմախոսներին՝ հղում անելով 2010 թվականին Հանրապետականի իշխանության օրոք ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որի որոշ հավելվածներում կա նաև պատերազմից հետո Ադրբեջանի անմիջական հարևանը դարձած Սյունիքի արտաքին սահմանի նկարագրությունը, բացի այդ Սյունիքի ու Արցախի սահմանը նկարագրելու համար կիրառվում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահման արտահայտությունը։

«Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով», – գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ «օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, որոնց ներկայացուցիչները մեղադրում են կառավարությանը ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հակադարձում է՝ նշված օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանի համար. «Որովհետև աշխարհի բոլոր երկրներում միջազգային բոլոր փաստաթղթերով, բոլոր նախորդող պրակտիկաներով, եթե ուզում ես պետական սահման գծել, դա կոնկրետ իրավական գործողություն է, որը նախատեսված է ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքով, այլ պետական սահմանի մասին օրենքով»:

Հաջորդ գրառմամբ` վարչապետ Փաշինյանը պնդում է, որ իրեն Քարվաճառը հանձնելու մեջ մեղադրողները դեռ 2010-ին օրենքում գրել են, որ այն Ադրբեջանի մաս է, և ըստ օրենքի հավելվածի նկարագրության՝ Քարվաճառին սահմանակից Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքի կեսը գտնվում է Ադրբեջանում։ Այժմ ընդդիմադիր իրավաբան, նախկին պատգամավոր Հովհաննիսյանը բացատրում է՝ Արցախի մասին հիշատակում չկա, որովհետև Արցախը Հայաստանի կողմից ճանաչված չէր։

«Դա սահմանվել է ընդամենը ցույց տալու՝ որտեղ է ավարտվում Սյունիքի սահմանը ու հետո սկսվում է Արցախը, որը չճանաչված էր, Ազգային ժողովով որոշվել է Հայաստանի…, դրա համար կա վարչատարածքային բաժանման ու պետական սահմանի մասին օրենք, երկու տարբեր օրենքներ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ դա զրո նշանակություն ունի», – ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպե՞ս պետք է ի վերջո որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, և արդյոք դրա համար կարո՞ղ է հիմք ծառայել վերջին օրվա ընթացքում շարունակ հիշատակվող Վարչատարածքային բաժանման մասին օրենքը. միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ասում է՝ պետական սահմանները որոշվում են երկու երկրների բանակցությունների արդյունքում։

«Ներքին վարչատարածքային կարգավորումները միջպետական սահմանի հիմք չեն ծառայում, այո: Ուրիշ հարց, որ ինչ-որ մի պետություն սահմանի իր վարչատարածքային բաժանումը և այդ բաժանման այն մասը, որը վերաբերում է արտաքին սահմաններին, ներկայացնի հարևան պետությանն, ասի՝ ես առաջարկում եմ՝ այս կերպով դելիմիտացիան անել, մենք արդեն մեր ներքին նպատակներով արել ենք և գտնում ենք, որ սա պետք է լինի միջազգային սահմանի որոշման հիմք», – ասաց Խզմալյանը:

Իրավաբանի խոսքով՝ պետական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան երկարատև գործընթացներ են և անհնար է հապճեպ՝ մի քանի շաբաթում կամ ամսում իրականացնել. «Սահմանի որոշումը ենթադրում են երկու պետությունների համատեղ գործողություններ: Անշուշտ պետություններից մեկը կարող է առանձին իր կողմից ներկայացնել իր տարբերակը մյուս պետությանը, և դրան հետևեն բանակցություններ: Առանձին սահմանային գոտիների մասով համաձայնության բացակայության դեպքում կարող է հետևել վեճ և արդեն վեճի պարագայում որպես կանոն հանգուցալուծումը խաղաղ իրականացվում է միջազգային արբիտրաժում կամ դատարանում»:

Ըստ իրավաբանի, 2010 թվականին Վարչատարածքային բաժանման մասին օրենքն այդ տեսքով ընդունելը արդեն սխալ էր, սակայն այսօր օրենքի բովանդակությունը միջազգային իրավունքում նշանակություն չունի։ «Դա ինքնին անհեթեթություն էր ժամանակին, որը ենթադրում էր Արցախի չճանաչում որպես առանձին պետություն: Այդ խնդիրը, իհարկե, արդեն լավ հայտնի է երկար տարիներ, Հայաստանն ամեն ձևով զերծ էր մնում Արցախի ճանաչումից, թեպետ գոնե այդ օրենքի մակարդակով ճիշտ կլիներ, որպեսզի ներքին մեր պետական օրենսդրությունում օգտագործվեր Արցախի Հանրապետություն անվանումը, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ մի բան է ասել՝ սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, լրիվ մեկ այլ բան է որոշել, թե որտեղով է անցնում այդ սահմանը», – ասաց Արա Խզմալյանը:

Մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե ո՞ր թվականի և ի՞նչ քարտեզներ պետք է Հայաստանը ընդունի որպես հիմք պետական սահմանազատման մասին բանակցություններում, որովհետև Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը չեն եղել առանձին միջազգային իրավունքի սուբյեկտներ։

«Սահմանազատում սահմանող ԽՍՀՄ օրենք ես այդպես էլ չեմ կարողացել գտնել: Մենք ունենք անորոշություն և այդ անորոշությունը ենթադրում է բանակցություններ և փոխադարձ համաձայնություն, ոչ թե միակողմանի ուղղակի մյուս կողմի պնդումները ընդունել», – նշեց իրավաբանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here