Քաղհասարակության ներկայացուցիչները հետպատերազմյան իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ են մշակել

0
260

https://www.azatutyun.am-Նաիրա Բուլղադարյան

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակել են հետպատերազմյան իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 3-6 ամսվա համար։

Մոտ երկու տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընլ»-ը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Հելսինկյան ասոցիացիա»-ն, և մի շարք ակտիվ քաղաքացիներ առաջարկում են կենտրոնացնել Հայաստանի Ազգային ժողովի, Կառավարության, քաղաքական ուժերի ու քաղաքացիական կառույցների, ինչպես նաև հայկական Սփյուռքի բոլոր ուժերը և ռեսուրսները, ստեղծել օպերատիվ շտաբ, որն էլ կհամակարգի 5 ուղղություններով գործողությունները։

Հումանիտար, անվտանգության, դիվանագիտական, ժողովրդավարության ոլորտներում առաջարկվող փոփոխությունների նախաձեռնող խումբը իշխանություններից դեռևս արձագանք չի ստացել։ «Ազատությանը» այսօր ևս չի հաջողվել պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները քաղհասարակության առաջարկների շուրջ։ «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իշխանությունները պետք է լսեն իրենց ձայնը, խոսքը պետականությանն է վերաբերում։

«Ստիպված են լինելու այս իշխանությունները հաշվի նստել բոլոր այդ առաջարկների հետ և բոլոր խմբերի հետ: Հիմա, իհարկե, մի փոքր դժվար է իշխանությունների հետ աշխատել, որովհետև իրականությունից ու կյանքից կտրվել են մեր բոլոր տեսակի իշխանությունները՝ սկսած խորհրդարանից վերջացրած կառավարությունից, բայց իրենք ստիպված են լինելու ուղղակի գնալ համագործակցության, որովհետև սա բոլորիս հայրենիքն է և պատասխանատվությունն այս իրավիճակում կրում ենք բոլորս», – ասաց Կարապետյանցը:

Քաղհասարակության նախաձեռնող խումբն առաջարկում է ձևավորել հանրային վերահսկողության մարմին և ներգրավվել ձևավորվելիք աշխատանքային խմբերում։ Կարապետյանցը ընդգծեց՝ հիմա էլ են աշխատում՝ ներգրավելով տարբեր ոլորտների մասնագետների, որոնց դիրքորոշումներն էլ կներկայացնեն իշխանություններին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահն ասում է՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի հանդեպ թեև վստահություն չունի, բայց քաղհասարակությունը պատրաստ է լսել նաև նրանց կարծիքը։

«Անկեղծ ասած, 17 ուժերն այնպես են վարկաբեկել, որ ես շատ դժվար եմ պատկերացնում իրենց հետ համագործակցությունը, բայց կարծում եմ, որ, ինչու ոչ, օրինակ, կարող են լինել առանձին կուսակցություններում առանձին մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք ի վիճակի են կոնկրետ ինչ-որ ոլորտ հանել այս ճգնաժամային իրավիճակից: Չօգտագործել այդ ներուժը, ես կարծում եմ, շատ սխալ կլիներ, բայց կուսակցությունների հետ իրենց հռետորիկայով, իրենց պահվածքով, իրենց վարքագծով, իրենց ուլտիմատումներով ես շատ դժվար եմ պատկերացնում հենց այդպես ուղիղ համագործակցությունը», – ընդգծեց Նինա Կարապետյանցը:

Առաջարկի հեղինակները առանձնացրել են մի շարք կարևոր խնդիրներ գերիների, անհետ կորածների, փախստականների, սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Հատկապես սահմանազատման և Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին տարբեր հարցերի մասին կառավարությունը ամբողջական տեղեկատվություն չի տալիս հանրությանը, «Ազատության» հետ զրույցում նկատեց նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Խառատյանը։

«Սահմանազատման հարցը կարևոր, առանցքային հարցերից մեկն է, առանցքայիններից է գերիների և անհետ կորածների խնդիրը, առանցքայիններից են նաև այն հայտարարությունները, որ կան, թե ինչպես է ԼՂՀ-ի նախկին ադրբեջանական բնակչությունը հետ գալու, ապրելու այդ տարածքում, այդպիսի հայտարարություններ հնչել են: Դա էլ է առանցքային և պետք է դրան արագ արձագանքել, որ ոչ թե ուղղակի բերեն ցանկացած մեկին բնակեցնեն այդտեղ, այլ դա էլ է պետք՝ մասնագիտական հանձնաժողով, որը հասկանա, թե ինչ բնակչության մասին է խոսքը և ինչպես է դա արվում, նաև հայերը ինչպես կարող են, օրինակ, հետագայում նույն տարածքներում…., դա ոնց է լինելու էլի ընդհանրապես», – նշեց Խառատյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում են վերջ տալ սահմանամերձ շրջաններում ներկայումս ընթացող «հակասական ու խնդրահարույց» սահմանագծման և սահմանազատման հապշտապ գործընթացներին: Նրանց հայտարարությունում նշվում է, որ իրականացվող գործընթացը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերին և կարող է ունենալ աղետաբեր և անդառնալի երկարաժամկետ հետևանքներ։ Շեշտում են՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր պաշտոնական սահմանազատում և սահմանագծում երբևէ չի կատարվել, իսկ այդ ժամանակ միայն արհեստականորեն գծված ներքին վարչատարածքային սահմաններն էին, որոնք էլ իրենց հերթին բազմիցս փոփոխվել են տարբեր տարիների: Եվ հենց այդ պատճառով էլ 44-օրյա պատերազմի ավարտից մինչ այժմ իրականացված սահմանազատման և սահմանագծման գործողությունները, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, անհրաժեշտ է համարել որպես ժամանակավոր իրավիճակային լուծում։ Ի թիվս այլ առաջարկների, քաղհասարակության ներկայացուցիչները կառավարությունից ակնկալում են արագացնել աշխարհազորի ստեղծումը, բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած արատավոր երևույթները։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here