Չորս Սեզոն

0
175
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Շոգ ու ցրտախառն օրերը

Հոլովում են օրավուրը իմ կյանքի,

Ամառային ամանակով ,

Որ թեքվում է,

Որ թեքվել է

Աշնանային աշխարհին,

Որ ոսկեպատ է ու անդորր,

Բայց թխպում է տարիներիս կուտապով,

Ու երեկվա շոգը ապրած,

Երբեմնակի սրսփում եմ ցուրտերով․․․

 

Ամառը ինձ խլել էր իմ գարունքից,

Երբ երգեցի

Ամառնացող իմ գարունը

Օրերիս լուրթ հեքիաթներում,

Ու սերերիս բազմագունեղ հաճույքում։

 

Ես ապրեցի իմ ամառը

Տոթ ու շոգի արբեցուցիչ ծավալում․

Արեվը վառ ու կենսաբուխ,

Երկնային հուր լուսատուն,

Գեղեցիկ ու հոգեպարար դշխուհին,

Թխացրեց ինձ պարգեվների հուռութքով,

Որ ես բաժանեցի սիրով

Ծտերի հետ իմ սիրած․

Երիտության արբունքում

Մենք մեր սիրած աղջկան

Քնքշությամբ ծիտ էինք ասում

Երանավետ իմաստով․․․

 

Շրջագայեց երջանկության անիվը

Ու տիրացա ավարտական իմ ծտին,

Որի հետ էլ միասին

Բույն շինեցինք ու երգեցինք,

Ծիծեռնակների նման

Եվ աշխարհը զարդարեցինք

Ծլվլոցով, ծաղիկներով բազմազան։

 

Մեր բուսած հիր ծաղիկները

Կոկոնել են,

Ու նոր բույր ու ջերմ են տալիս

Հասարակածը անց կացած մեր արեվին

Որ աշնամուտից ձմեռնամուտ է անում․․․

 

Բուրումնավետ ծաղիկներ,

Որոնց վրա մենք խնդում ենք օրհնանքով,

Համբուրում ենք նրանց թերերը գունեղ,

Որ լեցուն են նեկտարով,

Նոր աշխարհին բերում են նոր գարուններ․․․

 

Մեր աշնավառ օրերի հետ

Մեր կյանքին դեռ ընծայում ենք

Աշնան շիկնանքի ոսկին

Զարգուն, խայծուն, լիահաս,

Որ մեծ ծիրում արեվի շուրջ

Ըմբոշխնելով մեր գարունը, մեր ամառը

Մեր հրաշեկ աշունը,

Կուտակել ենք հավատքով․․․

 

Ոսկեմանած մեր աշուն

Աշնանավար լի ցելերում անդորրած

Փայլիր բնական ցոլքերով վաստակած,

Ապրած, շահած, վայելած ու երազուն․․․

 

Դեռ չեմ ուզում փառերգել ցուրտ ձմեռս,

Որ պատել է շքեղանքով սպիտակ,

Որպես մշուշ, սառցաճիթ ու ձյունփաթիլ

Գագաթիս շուրջ ու ծնոտիս բովանդակ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here