Քաղաքական ուժերն արձագանքում են մոսկովյան վերջին հայտարարությանը

0
301

https://www.azatutyun.am –Նաիրա Նալբանդյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․
Հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է․ այսպես է արձագանքում խորհրդարանական ընդդիմությունը երեկ Մոսկվայում ընդունված հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ հայկական կողմը այդ հանդիպումից ընդամենը մեկ առաջնային ակնկալիք ուներ՝ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը սեղմ ժամկետներում, ինչը, սակայն, տեղի չունեցավ․ – «Թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր։ Հայկական օրակարգը չի իրականացվում։ Ինչո՞ւ։ Որովհետև պարտության սիմվոլը շարունակում ա գնալ խոսալ։ Ամբողջ արգումենտացիան մեր կառուցված էր այ էս փաստի վրա՝ որ դուք չեք կարողանալու գնալ, բանակցել և ստանալ պրոհայկական լուծումներ անորոշ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև որոշակի հարցերի վերաբերյալ։ Անորոշ հարցերը սահմանային դեմարկացիան էր, որ ասում էին դեմարկացիա չի, Վլադիմիր Պուտինի խոսքում շեշտվեց, որ դա դեմարկացիա է, և որոշակի հարցերն էլ ռազմագերիների հարցերն են»։

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս փաստաթուղթը ևս վկայում է, որ Փաշինյանը չի կարող բանակցություններում ներկայացնել հայկական կողմի շահերը։ Զոհրաբյանի հիշեցրեց, որ մինչև հանդիպումը Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր, որ հայկական կողմի առաջնահերթությունն է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը։ Այն է՝ գերիների, պատանդների և զոհվածների մարմինների փոխանակում։ Սակայն այս մասին, ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը, համատեղ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում․ – «Անգամ վստահ եմ, որ ինքը անգամ էդ չորսժամյա փակ քննարկումներում Ալիևի հետ չի էլ բարձրացրել, կամ Ալիևը միանգամից փակել է ռազմագերիների թեման։ Ինչո՞ւ եմ վստահ։ Որովհետև Ալիևը և այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այնուհետև Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը արդեն հաստատել են՝ վերջին գերեվերված 62 գյումրեցիներին համարելով դիվերսանտներ։ Նիկոլ Փաշինյանը տարվեց Մոսկվա ընդամենը մեկ բանի համար՝ որպեսզի ինքը ստորագրի Ադրբեջանի համար կենսական կոմունիկացիաների ապաշրջափակման և տրանսպորտային արտերիաների ապաշրջափակման հարցը»։

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ընդգծել էր, որ գերիների հարցը չի հաջողվել կարգավորել։ Միևնույն ժամանակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում կարևորեց այն, որ ՌԴ նախագահը պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումը գերիների փոխանակման հարցում։ Իսկ երեկ ստորագրված հայտարարությունը, ըստ իմքայլականների, հայկական կողմի համար բավականին շահեկան դրույթներ ունի։

«Մեզ համար ձեռնտու հայտարարություն է, և կոմունիկացիաների ապաբլոկավորումը մեզ համար մի շարք հնարավորություններ կարող է բացել, այդ թվում Հայաստան – Իրան երկաթուղային կապի վերականգնման առումով, Հայաստան – Ռուսաստան երկաթուղային և ոչ միայն կապի վերականգնման առումով։ Ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման հարցով, ինչպես նշել է վարչապետը, անմիջական, այսինքը մոտակա օրերի ընթացքում խնդիրը լուծելու ուղղությամբ չի ստացվել հաջողություն գրանցել, սակայն հայկական կողմը այդ խնդիրը բարձրացրել է և շատ կոշտ է բարձրացրել»։

Մինչդեռ ընդդիմադիրները վստահ են, թե ապաշրջափակման մասին դրույթները հայկական կողմի լոբբինգի արդյունք չեն, այլ ներմուծվել են փաստաթուղթ, որովհետև հայկական կողմը պարտվել է պատերազմում։

«Հիմա հարց ա առաջանում՝ հայ ժողովուրդը տենչո՞ւմ էր, որ Իրանով երկաթգծով ճանապարհ ունենար, Ադրբեջանով գնար Ռուսաստան․․․ Էս պահին, եթե չեմ սխալվում, անգամ Մարնեուլի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարներ վրա։ Էս խնդիրը չլուծած՝ մենք ուզում ենք հրճվենք էն թեմայով, որ նման հնարավորություն ա տրվե՞լ»։

Փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը պետք է կայանա մինչև հունվարի 30-ը։ Արդեն հայտնի է, որ հայկական կողմից խումբը կնախագահի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here