ՆԶՈՎՔ

0
214

Ռուբէն Յովակիմեան

 « Մեր ունեցածը՝ ըստ արժանաւորն

չենք գնահատում բայց վայելում ենք,

իսկ երբ կորցնում ենք, յայտնաբերում

ենք այն արժէքները որ չէինք տեսել»

Շեքսպիր

   Կարծում եմ, թէ աշխարհասփիւռ հայերի հիմնական անհանգստացնող մտածմունքը ոչ միայն 44-օրեայ նզովեալ պատերազմն էր, այլ նաեւ նրա հետեւանքները եւ ապագայի անորոշութիւնը, քանզի միայն պարզամիտներն են, որ նոյնը չկրկնուելու տարբերակը չեն տեսնում, ինչպէս որ չտեսան յուլիս ամսին Նախիջեւանում տեղի ունեցող  զինավարժու-թիւնը, որ նախազգուշացում  էր՝․- առանց նախապայմանի համաձայնուել Լաւրովի  ծրագրին եւ յանձնել տարածքները առանց  դիմադրութեան․-, պայման, որ տասնամեակներ շա-րունակ կրկնուում էր, բայց մերոնք չէին ցանկանում համակերպուել այդ սկզբունքին եւ   Պուտինի թեւի տակ պատսպա-րուելով,  կարողանում էին յետաձգել կամ ձգձգել խարխուլ վիճակը առանց որեւէ առարկայական լուծում փնտրելու, մինչդեռ՝ համանախագահները բոլոր   հանդիպումների ընթացքին  մնացել են կառչած այդ նոյն սկզբունքին:

Այսօր եւս Կարսի տարածքում     թուրք-ազերի զօրքերը մեծ ծաւալի նոր զինավարժութեան են պատրաստւում եւ մերոնք արդեօք նկատո՞ւմ եւ փորձո՞ւմ  են հասկանալ, թէ ում դէմ է այն ուղղուած եւ ինչի է այն ծառայելու,  երբ մեր հիմնական թշնամին, չի դադարում կրկնել, որ Երեւանը եւ Սիւնիքը հայկական չեն, առանց դադարեցնելու որոշ ոտնձգութիւններ սահմանին, իսկ մեր տհաս  ընդդիմադիր այրերը, կարողանում են միասնաբար՝(sic) իրենց պետութեան դէմ ցոյցեր կազմակերպել՝ իրար  յօշոտելու ախորժակով:

Այս գրութեան նպատակը չէ անմեղ կամ մեղաւոր փնտրել, ոչ եւս խրատել  եւ մեկնաբանել անցեալի ճիշտն ու սխալը, միայն թէ կ՝ուզէի հասկանալ, թէ քաջութիւն եւ իմաստութիւն կարող ենք ունենալ խոստովանել, որ վաղուց է, որ կորցրել ենք  իրատես լինելու բնական մեր ունակութիւնը եւ լրջօրէն չենք գնահատել մեր ազգային ուժեղ պետականութեան գոյութեան պայմանները:

Մեր հայրենաբնակների օտարամոլութիւնը տեսնելու համար հեռադիտակի կարիք չկայ, երբ նրանք ունակ են ամէն ինչ   ընդօրինակել, իսկ որքա՞ն շահաւոր կը լինէինք, եթէ ջանք թափէին նմանուել այն երկրներին, որոնք փոքր լինելով եւ նաւթ չունենալով, կարողացել են բարեկեցիկ համակարգ ստեղծել, ինչպէս Սինգապուրը, բալթեան երկրները, Իսրայէլը,  Լիւքսեմբուրգը եւ այլն:

Աւելորդ չեմ համարում մէջբերել Գոլդա Մեյերի պատգամը՝ իր հայրենակիցներին․-

«-Ուժեղ պետութիւն կառուցելու համար անհրաժեշտ է, որ օտարութեան մէջ բնակուողները վերադառնան երկիր,  ապագայի հոգատարութիւն  չունենալու պայմանով եւ այնտեղից դուրս ելլեն միայն արձակուրդի առիթով, որի համար անհրաժեշտ  պայմաններն են․՝

-Կաշառքը՝ համարուի դաւաճանութեան համազօր եւ բոլորը, պետական այրերի հետ մէկտեղ,  դատուեն օրէնքի խստութեամբ՝ երբ կաշառուած են:

-Զինուորականները, բժիշկները եւ մանկավարժները անհրաժեշտաբար բարձր   գնահատուեն:

-Աշխատել, աշխատել եւ աշխատել, քանզի մեզանից բացի՝ ոչ ոք պատրաստ է հոգալ եւ մեզ պաշտպանել, սնել եւ կառավարութեան բարեկեցութիւնը ապահովել»:

Այս պատգամը նման է Հայաստանի չափերով կարուած շքեղ հագուստի եւ ճիշտ կը լինէր, որ բոլորը տեղեակ լինեն:

Յաճախ եմ կասկածում, տեսնելով երկրում տիրող երեւոյթները՝  դրակա՞ն, թէ՞ բացասական էր մեզ համար անկախութիւնը: Դժուար է կողմնորոշուել, քանի որ երեք տասնամեակ  սխալներ ենք կուտակել բոլոր ոլորտներում՝ չենք ստեղծել համահայկական մտքի առանցք, որ լինէր մեր ուղեցոյց  հաւատամքը՝ իւրաքանչիւր քայլի համար, փոխարէնը անբարոյ անգրագէտ կեցուածքը համատարած բնոյթի է: Զանց չառնելով ազգային արժէքների՝ պետականութեան, դիւանագիտութեան, բանակի, կրթութեան, մշակոյթի, գիտութեան եւ տնտեսութեան աւերումը, նշենք նաեւ արդիւնաբերութեան կատարեալ տարրալուծումը եւ ոչնչացումը եւ այդ նզովեալ վիճակի  հեղինակը մէկ հոգի չէ, նրանք բազում են եւ տարբեր տրամաչափի:

Եթէ Փաշինեանի գալուստը նախկիններից փրկուելու մի միջոց էր եւ շատերը ծափահարեցին, ապա այն չեղաւ մեծ վերակառուցում՝ ցաւօք, թերեւս  անփորձութիւնը թոյլ չէր տալիս ձերբազատուել թաւշեայ թիկնոցից, դառնալով որոշ սխալների ակունք, որ դաւաճանութիւն որակել՝ մեր համոզմամբ թիւրատեսութիւն է եւ անիրաւ, չնայած ինքը եւս փորձում է անցեալի սխալների թափանցիկ շղարշի յետեւում թաքնուել:

« Տուք զկայսերն կայսեր․․․»

Մէկի կամ միւսի սխալը մատի փաթաթան անելը պայքար չէ, խնդրի լուծում եւս չէ, մանաւանդ, որ սխալից բան սովորելը եւս հայոց «culture»ի մաս չէ, ուստի արդի հրամայականը՝ ինչ ձեւով վերականգնելն է, որի համար պէտք է ազգով սթափուենք,  արթնանանք  լուրջ ուղիներ փնտրենք՝ ցոյցերի փոխարէն:

Բազում այլոց կողքին, կարելի է մտածել եւ ձեռնարկել մեր երկրում պսակաձեւ ժահրի դէմ եւ այլ պատուաստի  արտադրանքի կենտրոնի ստեղծումը, նախ, որ ամբողջ աշխարհն է այդ խնդրով հետաքրքիր եւ այդ ոլորտում մեծ յաջողութիւն է գրանցել MODERNA-US ընկերութիւնը, որի տնօրէնն է հայազգի Նուբար Աֆեյեանը, որ բացէիբաց նշում է իր եղեռնից ճողոպրածի զաւակ լինելը: Ինչո՞ւ նրան դիմելով փորձ չանել՝ թերեւս յաջողուի: Նմանատիպ քայլեր պէտք է անել նաեւ զինամթերքի արտադրութեան վերաբերեալ, մինչդեռ տասնամեակներ է որ երկիրը անարդիւնաւէտ սպասարկութեամբ եւ հանքեր մշակելով է յարաջանում, որ հեռու են  շահաւէտ լինելուց:

Այն կարծիքի չեմ, թէ պարտութիւնը վերջակէտ է, այն կարող է եւ պիտի լինի մեր վերափոխման սկիզբը, եթէ պատրաստ լինենք քաղաքական կարգապահութիւնը եւ ժողովրդի անկիրթ կեցուածքը անհրաժեշտ մակարդակի բարձրացնել եւ մենք եւս յաղթական կը լինենք:Վստահ եմ:

Պէտք չէ մոռանալ, որ մեր երկիրը չամրացուած պատնէշ  է պան-իսլամութեան վարակիչ տարածման ծրագրին եւ մեր դերը հսկայական է քաղաքակիրթ երկրներին այդ չարիքից փրկելու գործում, չնայած շատերը գիտեն, բայց ոմանք չտեսնել են ձեւանում: Մեր ուսերին դրուած ակամայ պարտականութիւնը պատուաւոր իրագործելու եւ մեզ վրայ ծանրացած նզովքից ազատուելու  համար զգօն, իրատես, արթուն, պիտի լինենք, մինչեւ մեր օրը գայ:

 22 յունուար 2021

Սեն Ռաֆայել- ֆրանսա

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here