Պետրոս Հաճեանի Յիշատակին

0
182

Մարիամ Խաչադրյան

Այսօր Պետրոս Հաճեանի ծննդեան օրն է: Հայ գրականութեան այս անխոնջ մշակի ստեղծագործութիւնները առանց վարանելու կարելի է դնել Օշականի, Համաստեղի, Մնձուրիի, հայ գիւղի երգը կերտած միւս գրողների ստեղծագործութիւնների կողքին:

Երջանիկ եմ եւ հպարտ, որ անձնապէս ճանաչել եմ պարոն Հաճեանին. այժմ երկիւղածութեամբ եմ պահում նրա մի քանի նամակները, որոնցում ինձ է ներկայացնում Հարաւային Ամերիկայի հայ դպրոցի վիճակը: Ինչ-որ ժամանակ Հայաստանից պիտի մեկնէի Հարաւային Ամերիկա՝ տեղի հայերէնի ուսուցիչներին կարճ ժամանակով օգնելու-վերապատրաստելու համար, սակայն սփիւռքի նախարարի «բարի կամքով» այդպէս էլ չգնացի, քանի որ որոշել էի աշխատանքս անվճար անել եւ վերադարձից յետոյ իր հետ կիսելու բան չէի ունենալու: Սա իմ կեանքի տհաճ պատմութիւններից մէկն է, սակայն երեւի ճիշդ են ասում՝ չկայ չարիք առանց բարիքի. այս առիթով եղաւ ծանօթութիւնս Պետրոս Հաճեանի հետ, թէեւ նրա գրականութեանը վաղուց էի ծանօթ: Սիրելով եւ արժեւորելով Պետրոս Հաճեանի գրականութիւնը՝ կարեւորում եմ նաեւ նրա դերը հայ մանկավարժութեան պատմութեան մէջ:

Երբ պարոն Հաճեանը վախճանուեց, բազմաթիւ մահախօսականներում շեշտւում էր արգենտինահայ համայնքի կրած կորուստը, սակայն նրա մահը վստահաբար մեր ազգային֊ հաւաքական կորուստը եղաւ. նրա էջը բաց մնաց ե՛ւ հայ գրականութեան, ե՛ւ հայ մանկավարժութեան պատմութեան մէջ…

Նրա մահուան հետ կապուած մի միջադէպ կայ, որ լսել եմ որդուց եւ միշտ յիշում եմ։ Այդ օրերին նրա դուստրը շրջագայութեան է մեկնած եղել Արեւմտեան Հայաստան, եւ հենց այն պահին երբ հօր սիրտը կանգ էր առել հեռաւոր Արգենտինայում, նա մոմ է վառել (իհարկէ, այդ պահին նա չգիտէր, որ սիրասուն հայրն արդէն չկայ) Վանայ ծովակի վրայ գտնուող Սուրբ Խաչ եկեղեցում…

Մոմ եւ լո՛յս Պետրոս Հաճեանի անմար յիշատակին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here