ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0
161

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Աշխարհում երջանիկ ապրելու համար

Մենք պետք է սկսենք

Երջանկությունը հասկանալուց

Եվ ձեռք բերելուց․․․

Թեեվ դպրոցում

Մեզ չեն սովորեցրել ինչպե՛ս երջանկանալ․․․

 

Երջանկանալը մեծ ու դժվարին գործ է․

Բազմաթիվ ձախողանքներով փորձառված,

Նորովի վճռականությամբ նպատակադիր,

Պիտի դիմագրավել մարտահրավերները,

Փոքր գործերով ու հետեվողականությամբ

Պիտի իրագործենք մեր նպատակները․

Երջանկանալու երազանքը չպիտի հետաձգել։

 

Պիտի պայքարենք ընդդեմ զայրույթի,

Վիրավորվածության ու ատելության,

Ծայրահեղության ու անօրինականության,

Բռնության ու հիվանդության,

Գործազրկության ու Հուսախաբության,

Անել ավելին քան մեր բնազդները․․․

 

Երբ մրսել ենք,

Մեզ ծածկել ենք, որ տաքանանք․

Երբ շոգել ենք,

Զով տեղ ենք ապաստանել,

Կամ հովհարել ենք մեզ․․․

Բնականից արվող բաներ են դրանք,

Որ անում ենք բնազդաբար․․․

 

Օրինակ, բազմության մեջ

Աղմուկ աղաղակից խուսափում ենք․

Իսկ մենության մեջ՝

Մենակությունից տխրում ենք․․․

Ամբողջ շաբաթվա մեջ

Ձգտում ենք

Շաբաթավերջի արձակուրդին․

Իսկ շաբաթավերջի արձակ օրերին

Պարապությունից անհամբերանում ենք․․․

Մեղավորը՝ կիրակի երեկոն է,

Որ չի լինում որեվէ բան դասավորել․․․

 

Ընդհանրապես սպասում ենք,

Որ օրը ավարտին հասնի,

Իսկ չենք ըմբռնում օրը վայելելու հաճույքը․․․

Մեր կյանքի լավ պահերը․․․

 

Դպրոց․․․ համալսարան․․․ աշխատանք․․․

 

Ճամփորդելիս ձգտում ենք տեղ հասնել,

Չենք մտածում ճանապարհի հաճելիության մասին․․․

 

Այդպես․․․ չենք անդրադառնում,

Որ կյանքը հենց այդ անցումներն են,

Ընդմիջումներն են,

Երթ ու դարձն են․․․

Որ պիտի վայելենք,

Հաճույք տանենք․․․

 

Հավատքի եվ բանականության դատողությամբ

Պիտի ընտրենք մեր ուղին։

 

Իսկ հասարակական կյանքում

Անփույթ ենք եղածով,

Կամ պախարակում ենք եղածը․․․

Երբեմն էլ մտահոգվում ենք հասարակության

Ու ազգի խնդիրներով․․․

 

Ներշնչված ենք, որ

Ժողովրդավարական օրենքներն են լավագույնը,

Ուստի ուզում ենք

Ժողովրդավարական օրենքներ պահպանվեն։

 

Ժողովրդավարությունը մեծ արժեք ունի

Ազգի համար․

Ազգը, որպես նույն պատմության,

Նույն հայրենիքի, ու քաղաքակրթության,

Նույն լեզվի ու մշակույթի կրող,

Հանրություն ու հոտ,

Թանկագին է մարդկության համար։

 

Ազգի համար,

Եվ ընդհանրապես մարդկային հոտի համար,

Կենսական է

Կանոնավոր ու ապահով ապրելու ի խնդիր

Ընտիր կառավարություն ունենալ,

Ձեռնհաս պաշտոնյաներ,

Որպեսզի կառավարեն ապրելու գործերը,

Ազգի պաշտպանությունը ապահովեն․․․

 

Մարդկային հոտը հանգիստ ապրելու համար

Կարիք ունի

Ժողովրդավարական օրենքների,

Ժողովրդավարական օրենքներով ընտրված

Կառավարության։

 

Վերջապես մարդկայն հոտը,

Հավատացյալների հոտը,

Ինչքան էլ տարբեր մտածումներով

Ու ցանկություններով,

Գոնե մեկ բանի մեջ նույնանպատակ են՝

Խաղաղ ու ապահով ապրելու․․․

 

Իր հայացքներով անհաղորդ

Եվ շարժումներով խառնանպատակ,

Ազգը չի մռնչում առյուծի նման,

Կամ ավանակի հանգույն չի զռում․․․

Նապաստակների նման չի վազվզում,

Կամ ձուկերի նման

Չի սուզվում ջրի հատակը։

 

Ազգն ընդամենը հայրենի հոտն է,

Որ ապրում է ազգային, համայնքային կյանքով,

Խոսք ու զրույցով,

Մի տեսակ մայունով ու մկկոցով,

Որ մայում է ու մկկում

Ձայն հանած լինելու համար,

Այլ ոչթե մի բան ասելու

Կամ մի բան պահանջելու․․․

Ոչխարների ու այծերի հավաքածու, հոտ․․․

 

Նրանք բազմաթիվ կարիքներ ունեն,

Կարիքներ, որ գոյանում են ապրելուց,

Առանց գիտակցվելու․․․

 

Ազգի հոտը կարիք ունի պահակների,

Շների կարիք ունի,

Որ կառավարողներն են,

Որ պահպանեն հոտը գայլերից,

Իհարկե շներն էլ հավատարիմ են հոտին,

Որին պահպանում են։

 

Նույն հավատարմությամբ

Շները հոտին պաշտպանելով

Նրանց առաջնորդում են՝ մսագործներին,

Որոնք մորթոտում են հոտին

Ազգին կշտացնելու համար,

Պահելու համար։

 

Լինում է նաեվ,

Որ մարդիկ մատաղ են անում

Լավ նպատակների համար՝ գլխատելով․․․

 

Խնդիրը այդպես է։

 

Հիմա ոչխարների հոտը

Ժողովրդավարական օրենքներով

Ու՞մ ընտրի իրեն պահպանելու համար․․․

 

Պարզ է, որ գայլերին չի ընտրի․․․

Արդյոք, շների՞ն ընտրի

Որ պահպանելով՝ նրանց տան մսագործների՞ն․․․

 

Խոսքը ժողովրդավարական ընտրությունների մասին է․․․

 

Գլենդել, Կալիֆորնիա

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here