Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, հայտարարում է վարչապետը

0
447

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Պաշտպանության նախարարությունում մեկնարկում է մեկ րոպե լռությամբ։ Կառավարության ղեկավարը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ միասին հարգանքի տուրք է մատուցում պատերազմում զոհված զինվորականների, կամավորների ու ազատամարտիկների հիշատակին։ Հետո արդեն խոսում պատերազմում զինվորների, սպաների, գեներալների, կամավորների ցուցաբերած զոհողություններն ըստ արժանվույն գնահատելու կարևորությունից։

«Այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, իհարկե, պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է», – նշել է վարչապետը:

Այդ անելիքն արդեն Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի օրակարգում է, ասում է վարչապետը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է Հայաստանի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը:

«Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը», – ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարում է՝ ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Վարչապետի խոսքով՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը շեշտում է՝ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել դաշնակցային հարաբերությունները, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ։

«Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար», – ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայոց բանակի օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին: Նրա հետ միասին նաև՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Զինված ուժերի կազմավորման առիթով այսօր ուղերձ է հղել Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Օնիկ Գասպարյանը վստահ է, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու։ Պաշտոնյան չի խուսափել Ադրբեջանին ուղղված կոշտ ձևակերպումից։

«Հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից», – հայտարարել է Գասպարյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը Զինված ուժերի հրամանատարի հայտարարությունը բնական է համարում։ Ասում է՝ Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել ռազմական հռետորաբանությունը, այլև շարունակում է մեծացնել ռազմական ներուժը. «Այս գործողությունների համալիրը ու դրան գումարած նաև ադրբեջանական հռետորաբանությունը այլընտրանք չի թողնում, քան նման կերպ արձագանքելը»:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը քիչ հավանական համարում, այսպես ասած, Արցախի շուրջ ձևավորված նոր ստատուս քվոյի էական փոփոխությունն առաջիկա տարիներին, անգամ տասնամյակում։ Ասում է՝ հայկական կողմն իր ուշադրությունն այլ հարցի վրա պետք է կենտրոնացնի. «Որպեսզի մենք էլ կարողանանք բազկի ուժը հակառակորդին ցույց տալ և ինչ-որ տարածքներ հետ բերել, ինձ թվում է մենք հիմա ավելի շատ պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք, որպեսզի գոնե այն տարածքները, որոնց անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանի կողմից, ոչ հայկական բանակի կողմից, մենք պետք է ռուսների հետ աշխատենք, որպեսզի գոնե այդ տարածքները շարունակեն մնալ ռուսական վերահսկողության ներքո»:

Այսօր բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահը։ Արմեն Սարգսյանը անհրաժեշտ է համարում ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, նախագահն ասում է՝ պետք է հաշվի առնել ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները:

«Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների, եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ, եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք, եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ, եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», – նշել է նախագահը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ զինված ուժեր կազմավորմանն ուղերձում հայտարարում է, որ հայկական բանակը չի պարտվել, Պաշտոնաթող նախագահը խոսում է բանակին թիկունքից հարվածելու, դավաճանության, ծանր վիրավորելու մասին է՝ առանց որևէ անուն տալու։

Ըստ Սարգսյանի՝ վերջին տարիներին ամեն ինչ արվել է բանակը վարկաբեկելու և թուլացնելու համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here