ՄԻ ՏՈՊՐԱԿ ԽԱՌԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

0
196

Keghart.org, Խմբագրական, Թորոնթօ, 4 փետրուար 2021

Թարգմանութիւն՝ Դոկտ. Մինաս Գոճայեանի

 

ԾԽ- Սոյն խմբագրականին անգլերէն տարբերակը  ընթերցել   մեր կայքի  «International Press»  բաժնին  մէջ:

Ստիպուած այս բացատրութիւնը կու տամ Պէյրութի մէջ լոյս տեսնող շատ յաջող «Երեբունի» առցանց թերթի ընթերցողներուս, որ սոյն թուի Փետր. 2-ի համարին մէջ իմ թարգմանութեամբ գրութիւնը ՆԿԱՏԻ ԱՌՆՈՒԱԾ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԱՀԱՅ ընթերցողներուն համար, որոնց մեծ մասը ցաւօք սրտի տակաւին չվարժուեցաւ դասական ուղղագրութեան ու տակաւին իրենց համար քիչ մը «խորթ» է արեւմտահայերէնը: keghart.org-ի մեր արեւելահայ ընթերցողներէն տրտունջքներ հասած ըլլալով մեզի, ստիպուած եղանք ներողութիւն խնդրել մեր Ուսուցչապետ՝ Մեսրոպ Մաշտոցէն այս հարկադրուած զիջումին համար: Տակաւին լուր մը չեկաւ Իրմէ…: Ուրեմն, նախընտրեցինք մեր խօսքը մեր հայրենակիցներուն հասցնելու համար դիւրացնել իրենց գործը…

Ընթերցողներուս հասկացողութեան կ’ապաւինիմ:

Մեղաւորս՝
Մինաս Գոճայեան

 Մի բան, որի պակասը Հայաստանը չի ունեցել սեպտեմբերյան խայտառակ պարտությունից հետո, դա եղել է խորհուրդների հեղեղը: Եղել են լավ խորհուրդներ, սխալ խորհուրդներ  և մի ամբողջ  խառը տոպրակ այսպիսի խորհուրդներ: Հունվար ամսին Ավստրիայից ուղարկված Կոնստանտին Ղազարյանի «Ինչ պետք է Հայաստանը սովորի Իսրայելից» հոդվածը պատկանում է վերջին խմբին:

Հայաստանում ծնված Ղազարյանը, որը վերջերս է ժամանել Ավստրիա, Ավստրիա-հայկական ֆորումի գործադիր տնօրենն է, գործոն անդամ է Ավստրիայի ժողովրդական կուսակցության մեջ, տեղի հայ համայնքի Գործադիր վարչության նախագահն է, համահիմնադիրներից է առցանց հարթակի (պլատֆորմ), օգնական դասախոս է և միաժամանակ սովորում է Սալցբուրգի համալսարանում: Հոդվածի հեղինակը գրում է քաղաքական բնոյթի հոդվածներ, անում է նաև քաղաքական հայտարարություններ: Նա նոր ավելացած մի ուժ է հայկական սփյուռքի գրողների փաղանգում: Նրա հոդվածում Իսրայելը ներկայացվում է որպես Հայաստանի համար վերականգնման օրինակ: Կ. Ղազարյանի հայտարարությունը տեղեկատվական է, երբ քննարկում է իսրայելական հաջողության հիմնասյուները՝ ուժեղ զինվածությունը, կաշառակերության վերացումը, սփյուռքի հրեաների ներգրավումը և իրապաշտական քաղաքականության (real politic) կիրառումը: Հոդվածը ներկայացնում է Հայաստանի թերությունների գրեթե ամբողջական պատկերը (ռազմական անպատրաստություն, փտախտ-կոռուպցիա), աղետալի կրթական համակարգ, գործարարական (բիզնես) մշակույթի խոցելի մտածելակերպը և հայրենաբորբությունը (jingo): Այնուամենայնիվ հոդվածը կաղում է, երբ նա համեմատում է Հայաստանն ու նրա սփյուռքը Իսրայելի և նրա սփյուռքի հետ:

Քանի որ Իսրայելի մասին Ղազարյանի բազմաթիվ պնդումները շատ հաճախ կրկնվում են հայերի կողմից, կարժե քննարկել նրա կարծիքները:

  1. Ղազարյանն ասում է, որ հայկական և իսրայելական հասարակությունները նման են միմյանց: Փաստերը սակայն հակասում են նրա պնդմանը: Հայաստանը 95 տոկոսով հայ է և բաղկացած է հազարամյակներից ի վեր այդ հողերի վրա գտնվող հայերից, առավել՝  ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներից և ‘40-ականներին Հայաստան հայրենադարձված հայերից: Իսրայելը ներգաղթյալ հասարակություն է, որտեղ կան հրեաներ աշխարհի բոլոր անկյուններից, գումարած պաղեստինցիները, որոնք կազմում են բնակչության 20 տոկոսը: Մոտ երկու դար Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի ստվերում, իսկ Իսրայելը Արեւմուտքի մեկ մարզն է: Հայերը չունեն աստվածաշնչյան դիցաբանության նման մի բան, որն օգնում է իսրայելցիներին իրար սոսնձելու: Հայերը Եհովա չեն հորինել: Հայերը չունեն աշխարհը լուսավորելու համար Աստծո Ընտրյալ լինելու մեսիական բարդույթ: Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանը տնտեսապես, քաղաքականապես և ռազմականապես պատսպարված հանրապետություն էր Խ. Միութեան մեջ: Իսրայելը, առաջին իսկ օրվանից լինելով ռազմական ճանապարհի վրայ, ժողովրդավարական է (ի հարկե հրեաների համար): Հայաստանը նոր է սկսել փորձարկել ժողովրդավարությունը: Իսրայելն ունի Միջերկրական և Կարմիր ծովի (Էլաթ) ափեր` ամբողջ աշխարհի հետ ծովային կապի մեջ մտնելու համար: Հայաստանը շրջափակված է Թուրքբեյջանի կողմից, ունի անվստահելի հարևան Վրաստանը և արևմուտքին տարամերժ (անհպելի, պարիա) Իրանը: Բացի թուրքերի կողմից, հայերը արևմուտքում չեն եղել հրեաների նման ատելության առարկա: Հայերը ձգտում են մերձենալ Արեւմուտքին մինչ Իսրայելը Արևմուտքի մի մասն է: Երկու երկրների միջև կան նաև այլ էական տարբերություններ:

2. Ղազարյանն ասում է. «Այսօր Հայաստանը քիչ թե շատ կանգնած է այն հանգրվանին, որտեղ Իսրայելն էր ՝ 1948, 1956, 1967 և 1973 թվականներին, այսինքն ՝ գոյապահպանման ճգնաժամի առջև»: Դա ինչ որ չափով ինքնագոհություն է պարզապես: 1948-ին արաբական և իսրայելական բանակները թվով հավասար էին, բայց Իսրայելը կարողացավ ավելացնել 100,000 պահեստազոր: Իսրայելական բանակը ղեկավարվում էր հարյուրաւոր սպաներով, ովքեր ծառայել էին բրիտանական բանակում: Իսրայելցիներին աջակցում էին անհայտ թվով սփյուռքի հրեաներ, ովքեր գործոն մասնակցություն էին ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հաճախ ասում են, որ արաբական հինգ երկրներ հարձակվել են Իսրայելի վրա, մինչդեռ Լիբանանը ուղարկել էր խորհրդանշական 1000 զինվոր միայն, որոնք հետ են քաշվել չնչին փոխհրաձգությունից հետո: Հորդանանի ուժերը ղեկավարվում էին բրիտանացի սպաների և գաղութատիրության գլխավոր մայոր Սըր Ջոհն Գլուբ Փաշայի կողմից, որի համար առաջնահերթություն էին անգլիական շահերը և ոչ թե Պաղեստինի շահերը: Իրաքյան ուժերը գրեթե չէին պատրաստվել: Եգիպտոսի ապականած ու փտած (կոռումպացված) Ֆարուկ թագավորի բանակը թղթե վագրի էր նման: Սիրիան, որը նոր էր անկախացել, նորածնի տառապանքների միջով էր անցնում: Պատերազմի նախօրեին ԿՀՎ-ն (CIA) և Բրիտանիայի MI6- ը պնդում էին, որ արաբները կկորցնեն:

3. Դժվար է հասկանալ, թե ինչու է Ղազարյանը կարծում, որ Հայաստանն այժմ գտնվում է այնտեղ, որտեղ Իսրայելն էր 1956 թ.-ին: Այդ տարի Իսրայելը Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ միասին հարձակվեցին Եգիպտոսի վրա և գրավեցին Սինայը: Իսրայելը հետ քաշվեց, քանի որ ԱՄՆ-ի Նախագահ Դուայթ Այզենհաուերը հրամայեց երեք նախահարձակներին «տուն վերադառնալ»: Ի տարբերություն 2020 թ.-ի Հայաստանի, ոչ մի թշնամական ուժ Իսրայելին չի մոտեցել 1956-ին:

4. 1967 թ.-ին Իսրայելը կրկնակի ուժեղ էր, քան արաբական ուժերը միասին վերցրած: Իմանալով այդ մասին, Եգիպտոսի Գամալ Աբդել Նասերը դժկամությամբ էր ուզում պատերազմել, բայց ստիպված էր ռազմատենչ կոչեր արձակել, քանի որ հավատում էր, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Սիրիայի վրա:  Եգիպտոսը թույլ լինելով՝ Նասերը համաձայնվեց ԱՄՆ-ի Նախագահ Լինդոն Ջոնսոնի խաղաղ բանակցությունների հրավերին: Մինչ Նասերը հանգիստ էր զգում, որ պատերազմը կանխվել էր, Իսրայելը անսպասելի հարձակման անցավ ՝ ոչնչացնելով Եգիպտոսի օդուժը: Սըր Գլուբ Փաշան, ով Հորդանանի բանակը ղեկավարում էր 50-ականների առաջին կեսին, ասաց. «Բոլոր նրանք, ովքեր վերջին քսան տարիների ընթացքում ռազմական փորձ ունեին Մերձավոր Արևելքում, լիովին տեղյակ էին, որ Եգիպտոսի բանակը նվազագույն հնարավորությունը չունի իսրայելցիների դէմ պատերազմելու»:

5. 1973 թ.-ի Հոկտեմբերյան պատերազմի առաջին օրերին արաբները տարածքներ ձեռք բերեցին, քանի որ Իսրայելն անակնկալի եկավ: Այն արագ վերականգնվեց Հենրի Քիսինջերի «օդային կամրջի» շնորհիվ, որը դատարկեց ԱՄՆ զինանոցը Գերմանիայում ՝ Իսրայելին զենք մատակարարելու համար: ԱՄՆ-ի զորքերը կրկին հասան Սուեզի ջրանցք: 1973-ի Իսրայելը և ներկայի Հայաստանը չհամեմատելու մի այլ պատճառ է նաև հետևյալը՝ Իսրայելը 60-ականներին միջուկային ռումբեր ուներ, որոնք կարող էին ջնջել Կահիրեն և Դամասկոսը, եթե արաբական բանակները դառնային գոյության սպառնալիք:

6. Ղազարյանը հիասթափեցնում է մեզ կրկնելով սիոնիստական ​​հին ու հոգնած առասպելը՝ «անապատը պարտեզ դարձնելու» մասին, ըստ այդմ էլ, պաղեստինցիները բեդվիններ էին, որոնք ապրում էին անապատում, երբ սիոնիստները ժամանեցին Եվրոպայից և մացառուտը վերածեցին պարտեզի: Եվրոպական հրեաների ապօրինի ներգաղթից առաջ Պաղեստինը չոր ու ցամաք երկիր չէր: Այն ուներ դպրոցներ և հիվանդանոցներ, իսկ պաղեստինցիները Յաֆֆայի հայտնի նարինջները արտահանում էին Եվրոպա: Պաղեստինցի գործարարները մասնակցում էին առևտրական ցուցահանդեսների (Կիևը նման օրինակներից մեկն է) և ճանապարհորդել մինչև Ֆիլիպիններ ՝ ներմուծելու ոստրեի պատյաններ, որոնք օգտագործվում էին Սրբավայրերի հուշանվերների արտադրության մեջ: Սիոնիստների ժամանումից շատ առաջ Երուսաղեմի հայերն ունեին տպարան, լուսանկարչական ստուդիաներ և ազգային վարժարան:

7. Ղազարյանի Իսրայելի հանդէպ հիացմունքի ենթահողը բացահայտում է իր անտարբերությունը իր համար մոդել երկրի գործադրած  ահավոր անարդարությունների մասին պաղեստինցիների հանդէպ: Դեռ ավելին՝ կուրացած Նոր Իսրայելի «յաջողություններից»՝ նա անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ Իսրայելը գողացված Արաբական Պաղեստինն է: Այս առումով Հայաստանը Իսրայելի հակառակ կողմն է. Թուրքիան գրավել է պատմական Հայաստանի 90 տոկոսը, էլ չեմ ասում Կիլիկիան: Եթե ​​հայութեան նման ազգ ենք փնտռում՝ պաղեստինցիներն են:

8. Ղազարյանը ենթադրում է, որ հայկական սփյուռքը կարող է և պետք է ընդօրինակի հրեական սփյուռքին: Նա գրում է. «Այն, ինչը հիմնովին կապում է երկու երկրները, մեծ սփյուռքներն են … սակայն, չնայած Իսրայելն առավելագույն օգուտներ է քաղում այս մեծ լոբբիստական ​​ցանցից, հայկական սփյուռքի մեջ էլ մեծ ներուժ կա»: Համեմատությունները անխուսափելի են, և այս դեպքում նաև սխալ ուղղորդված: Երկու սփյուռքներն այնքան տարբեր են, որ հավաստի նմանություններ հայտնաբերելը հերկուլեսյան խնդիր է: Եթե ​​հայկական սփյուռքը փորձեր հաջողակ լինել հրեական սփյուռքի նման, ապա այն կնմանվեր առակի այն գորտին, որն ուզում էր կովի պես մեծանալ: Հրեական սփյուռքը շատ անգամներ ավելի ուժեղ և հարուստ է, քան հայկական սփյուռքը: Հրեական սփյուռքը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի և, այդպիսով, լավ հաստատված է տարբեր արևմտյան հասարակություններում` հայոց գրերի գյուտից շատ ավելի առաջ: Հռոմի հրեական սփյուռքը գոյություն ուներ նախքան Քրիստոսի ծնունդը: Հրեական կրոնական սովորույթներն ու փակ տոհմականությունը զայրացրել են Կիկերոնին, Սենեկային, Յուվենալին և Տակիտոսին: Տրայանոս կայսրը մեղադրվում էր «սրբազան հրեաների» կողմից շրջապատված լինելու մեջ: Հրեաները Արևմուտքում դերակատարներ են եղել շատ ավելի երկար ժամանակ, քան եվրոպական պետությունների մեծ մասը: Հայերը, բացի Նոր Ջուղայի իրանահայերից և Գալուստ Գյուլբենկյանից, առևտրական հաջողությունների մեծ լիգայում նորեկներ են: Հրեաները առաջին սպիտակամորթներից են, ովքեր բնակություն են հաստատել Ամերիկայում: Ասում են, որ մի հրեա բնագետ (ֆիզիկոս) և մի քարտեզագրող ճանապարհորդել են Քրիստափոր Կոլոմբոսի հետ դեպի Նոր աշխարհ:

Հրեական սփյուռքն էր, որ ստեղծեց Իսրայելը՝ Եվրոպայում և Ամերիկայում իր հարստության և ազդեցության միջոցով: Հրեական սփյուռքը, շատ դեպքերում, ավելի հարուստ է, քան «բնիկները» (ամերիկացիներ, բրիտանացիներ, կանադացիներ և ֆրանսիացիներ), որոնց մեջ ապրում են իրենք: Արևմուտքում սփյուռքի հրեաները գերակշռում են բազմաթիվ ոլորտներում, որոնցից թվարկենք երկուսը՝ քաղաքականություն և տնտեսություն: Ռոթշիլդները օգնեցին ֆինանսավորել եվրոպական շատ պատերազմներ, սկսած 18-րդ դարից: Դրանք հնարավորություն տվեցին Բրիտանիային ձեռք բերել Սուեզի ջրանցքի ընկերության բաժնետոմսերը: 19-րդ դարի Բրիտանիայի ամենահաջողակ վարչապետը Բենիամին Դիզրայելին էր: Այսօր Անգլիայում կան 23 պատգամավորներ և 10 գործակիցներ, ովքեր հրեա են: Չորս հարյուր տասներկու բրիտանացի հրեա ստացել են Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշաններ: Հրեա Դոմինիկ Ռաաբը Բրիտանիայի վարչապետի գլխավոր պաշտոնակատարն է: Այստեղ կան հզոր միջկուսակցական Բրիտանիա-Իսրայել խորհրդարանական խումբ, Իսրայելի բարեկամների քաղաքական խումբ և Իսրայել-Բրիտանիա դաշինք: Սուպերմարկետների ամենամեծ ցանցերից երկուսը (Tesco and Sainsbury’s) հրեական սեփականություն են: Marks & Spencer հանրախանութների ցանցը նույնպես պատկանում է հրեաներին: Բրիտանիայում կա 300,000 հրեա՝ համեմատած 18,000 հայի:

Ֆրանսիայում, որտեղ 450 հազար հրեա կա, պատկերը նման է Բրիտանիային: Հայկական աղբյուրները նշում են, որ կան 400,000 ֆրանսահայեր, բայց մեծամասնությունն այնքան է ձուլվել, որ նրանց միակ հայկական կապը «յանն» ու DNA-ն է: 19-րդ դարում Ֆրանսիայի նախագահ Լեոն Գամբետան հրեա էր: 20-րդ դարում Ֆրանսիայի վարչապետներից չորսը հրեա էին՝ Լեոն Բլում, Պիեռ Մենդես Ֆրանս, Ռենե Մեյեր և Միշել Դեբրե, գումարած երեք արտգործնախարարներ՝ Մորիս Շուման, Ժակ Լանգ և Բեռնար Քուշներ: Նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին հրեա է:

Բիզնեսում՝ Danone-ի հիմնադիրներն են Իսահակ և Դանիել Կարասո, Անդրե Սիտրոյէն (Andre Citroen) Սիտրոյէն ավտոընկերության հիմնադիրն է, հրեա են նաև  Մարսել Դասսոն (Marcel Dassault, օդատիեզերական և ռազմական ինքնաթիռներ), Ճերարդ Լուիզ Դրեյֆուսը (Gerard Louis-Dreyfus, արդյունաբերող), Ռոթշիլտները (Rothschilds) և աշխարհի ամենամեծ հանրային հարաբերությանց (PR) ընկերությունը հրեական է: 20-րդ դարի Իտալիայի երեք նախագահներ՝ Ալեսանդրո Ֆորտիսը, Սիդնի Սոննինոը և Լուիջի Լուցացին, նույնպես հրեա էին:

ԱՄՆ-ում էր, որտեղ հրեական սփյուռքն ամենաուժեղ ազդեցությունն է թողել Իսրայելի ստեղծման և գոյատևման վրա: ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմում Հուդա Բենիամինը Համադաշնության (Confederation, Կոնֆեդերացիա) պետքարտուղար էր: Չնայած ամերիկացի հրեաների թիվը կազմում է մոտ 7,5 միլիոն (բնակչության 2,5 տոկոսը), շատ ամերիկացիներ գերագնահատում են հրեաների թիվը նրանց տարածվածության պատճառով: Հրեաները Ամերիկայում ամենակազմակերպված, ամենադինամիկ և ամենաազդեցիկ խումբն են: ԱՄՆ Կոնգրեսի 28 անդամ հրեա են, սենատում ՝ ինը: Առաջինի (Ադամ Շիֆ, Դեբի Վասերման Շուլց) և երկրորդի (Դիան Ֆայնշտեյն, Բեռնի Սանդերս և Չարլզ Շումեր) ծանր քաշայինները հրեա են: Նախագահ Ջո Բայդենի մերձավոր շրջապատի ինը հիմնական անդամները հրեա են՝ պետքարտուղարը, ԿՀՎ (CIA) տնօրենը, ազգային անվտանգության տնօրենը, գլխավոր դատախազը, ներքին անվտանգության քարտուղարը, գանձապետարանի տնօրենը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, պետքարտուղարի տեղակալը, քաղաքական գործերի քարտուղարը, գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության ղեկավարը…

Ըստ «Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի գործերի Տեղեկագրական զեկույցի (Washigton Report on Middle East Affairs, 2015 թ. Հոկտեմբեր) գնահատվել է, որ (պահպանողական գնահատումներով) ԱՄՆ-ի կողմից Իսրայելին 1948 թվականից սկսած ուղղակի օգնությունը կազմում է մոտ $ 138 մլրդ.: Այս վիթխարի գումարի մեջ չեն ներառվել անուղղակի օգնությունները, վարկային երաշխիքները, շտապ օգնությունները, վերապատրաստման և կրթաթոշակի ֆոնտերը, ներված պարտքերը, սպառազինությունը և այլն: Այստեղ չի ներառված նաև Իսրայելին կատարված նվիրատվությունների տրազերծ լինելը: 1991 թվականից ի վեր ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանին 2 միլիարդ դոլար է: ԱՄՆ հրեական կազմակերպությունները տարեկան մոտ 1 միլիարդ դոլար են ուղարկում Իսրայել: Անցած տասնամյակում Հայաստան հիմնադրամը 100 միլիոն դոլար է ուղարկել Հայաստան ՝ չհաշված սեպտեմբերյան պատերազմի ընթացքում հավաքված արտակարգ իրավիճակների համար գոյացած միջոցները:

Ավելի հարուստ հրեական սփյուռքը (9 միլիոն) 50 տոկոսով ավելի մեծ է և հարուստ, քան 6 միլիոնանոց հայկական ողջ սփյուռքը: Լինելով նոր ներգաղթողներ դեպի Արևմուտք՝ հայերն այնքան լավ կայացած չեն, որքան հրեաները: Ղազարյանը մասամբ արդարացված է իր հիացմունքի մեջ այն մասին, թե ինչպես է Իսրայելը ներգրավել և տեղավորել սփյուռքի հրեաներին: Նա ցավում է, որ Հայաստանը նման քաղաքականություն չի վարել: Մինչև անկախություն Հայաստանը ներգաղթ որոշելու իրավասություն չուներ: Անկախացումից հետո Հայաստանը չափազանց շատ ռազմական եւ տնտեսական խնդիրներ ուներ ցանկացածին գրավելու համար: Չկար նաև հարուստ սփյուռք կամ 138 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ եկամուտներ՝ եկվորներին կարգավորելու համար: Մենք չենք մոռացել Հայաստանի փտած եւ ապականած գործարարության (բիզնես) միջավայրը, որը չի խրախուսում սփյուռքի ներդրումները: Հրեաների՝ Իսրայել ներգաղթելու մեկ այլ խթան է հակասեմականությունն ու արաբական թշնամանքը: 1948 թվականից ի վեր Իսրայելում բնակություն են հաստատել 800 000 արևելյան հրեաներ:

Վերոնշյալ տարբերությունները սառցաբեկորի գագաթն են միայն, երբ համեմատում ենք Հայաստանը և նրա սփյուռքը՝ Իսրայելի և նրա սփյուռքի հետ: Հայաստանին խիստ անհրաժեշտ է սփյուռքի հայրենադարձությունը: Սա չի նշանակում, թե պետք է փորձենք կրկնօրինակել Իսրայելի և նրա գերհարուստ սփյուռքի արածը, մենք պետք է մշակենք մեր սեփական առաքելությունն ու ծրագիրը, թե ինչպես կարող ենք հայկական սփյուռքը դարձնել Հայաստանի առավել արդյունավետ դաշնակիցը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here