Կառավարությունը 750 միլիոն դոլարի պարտատոմսեր է թողարկել

0
373

https://www.azatutyun.am – Սարգիս Հարությունյան

Կառավարությունը 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրաբոնդեր է թողարկել միջազգային ֆինանսական շուկայում՝ Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 3,8 տոկոս տոկոսադրույքով, այսօր բացելով կառավարության նիստը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ օտարերկրյա ֆինանսիստների շրջանում հայաստանյան պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մոտ 4 անգամ ավելին է եղել, քան առաջարկել է Հաայստանի կառավարությունը (ըստ վարչապետի, շուկան պատրաստ է եղել Հայաստանի կառավարությանը շուրջ 3 միլիարդ դոլար պարտք տալ՝ գնելով պարտատոմսերը), և այն, որ 1991 թվականի անկախությունից ի վեր արդեն չորրորդ անգամ թողարկվող պարտատոմսերի տոկոսադրույքը այս անգամ ամենացածրն է (օրինակ, նախորդ անգամ՝ 2019-ին պարտատոմսերը թողարկվել են 4,2 տոկոս տոկոսադրույքով, այսինքն՝ երկու տարի առաջ Հայաստանի կառավարությունը ավելի բարձր տոկոսադրույքով է պարտք վերցրել), այս ամենը, Փաշինյանի կարծիքով, վկայում է, որ արտերկրի ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ։

«Եվ սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար։ Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Եկրորդը, ըստ էության, կարող ենք ասել, որ ետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է», – նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց՝ պարտատոմսերի այս թողարկումը արտահերթ չէր, նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեով, որպես պետբյուջեի դեֆիցիտը՝ պակասուրդը ֆինանսավորելու գործիք։

2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 968,5 միլիոն դոլար, կամ մեկ տարվա ընթացքում այդ պարտքը ավելացել է 647,2 միլիոն դոլարով։ Նույն 2021 թվականի պետական բյուջեի կանխատեսմամբ, այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 9 միլիարդ 35 միլիոն դոլար։

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս տարի ՀՆԱ-ի կանխատեսված 3,2 տոկոս աճի դեպքում, տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսը։

«Ազատության» հարցին, թե արդյոք նման մակարդակը մտահոգիչ չէ, Ջանջուղազյանն արձագանքեց․ – «Տարօրինակ կլինի, եթե պետական պարտքի կառավարման գործառույթն իրականացնող մարմինը մտահոգված չլինի։ Բնականաբար, մենք ռիսկերի կառավարման մեր ունեցած էսօրվա գիտելիքի շրջանակում մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները»։

Նախարարը հիշեցրեց, որ կան երկրներ, ուր պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի իննսուն, հարյուր և ավելի տոկոսը, այսինքն՝ տվյալ երկրում պետպարտքն ավելի մեծ է, քան ողջ տնտեսությունը․ – «Բայց որպես կանոն, զարգացող երկրների համար 70-ից բարձր պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը, այն դեպքում, երբ որ հստակ չի դեպի հետ վերադարձի սցենարը, թե ինչպես է կառավարությունը կամ իշխանությունը նախատեսում պարտքը վերադարձնել ավելի կառավարելի միջակայք, համարվում է բարձր կամ առնվազն միջին ռիսկայնություն ունեցող։ 70-ից բարձրի մասին է խոսքը։ Բայց էստեղ շատ կարևոր է՝ եթե բացակայում է էդ երկրորդ մասը՝ թե ինչպես է իշխանությունը նախատեսում վերադառնալ կառավարելի միջակայք»։

Պետք է ջանք գործադրել, որպեսզի վերադառնալ այդ միջակայք, և պետք է նախևառաջ մտածել ոչ թե պարտքը բացարձակ թվով նվազեցնելու մասին, այլ ՀՆԱ-ի ավելի արագ աճելու մասին՝ եզրափակեց Ջանջուղազյանը։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, մտահոգիչ է պետական պարատքի նման աճը, քանի դեռ իրականություն չի դարձել Ֆինանսների նախարարի ասածը՝ ՀՆԱ-ի ավելի արագ աճը․ – «Հետագա տարիների համար եթե մենք չունենանք ավելի բարձր տնտեսական աճ, պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Այսօր աշխարհն է էդպիսի վիճակում հայտնվել, ոչ մի երկիր չկա, որի պետական պարտքը չի ավելացել։ Եվ Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի կամ մասնագետների բոլորի տեսակետը հետևյալն է, որ համաճարակը նոր խնդիրներ է դրել մարդկության առջև, առանձին պետությունների առջև։ Այդ խնդիրներից երեքն են շատ կարևորը՝ պետական պարտքի բեռը, աղքատության, գործազրկության աճը և անհավասարության աճը մարդկանց միջև։ Հիմա էս երեքի առկայությունն էլ Հայաստանում կա»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here