Վիտալի Բալասանեան Հերքեց Արցախի Պաշտպանութեան Բանակի Կազմալուծման Լուրերը

0
427

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի պետական մարմինները կը զբաղին պայմանագրային հիմքերով՝ արհեստավարժ ստորաբաժանումներ կազմաւորելու հարցով: Այս մասին կ՛ըսուի Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի հրապարակած յայտարարութեան մէջ։

«Խօսակցութիւններ են պտըտւում այն մասին, թէ իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շէնքերին, տեղադրուելու է ադրբեջանական պետական դրօշ: Հարկ եմ համարում կատեգորիկ (բացարձակապէս-Խմբ.) հերքել այդ լուրերը: Որոշ լրատուամիջոցներում եւ սոցիալական (ընկերային-Խմբ.) ցանցերում լուրեր են տարածւում, թէ Արցախի պաշտպանութեան բանակը կազմալուծուելու է եւ ըստ այդ լուրերի տրամաբանութեան` Արցախի սահմանների պաշտպանութեան կազմակերպում չի լինելու: Այս կապակցութեամբ ցանկանում եմ հանրութեանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղւում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմաւորելու հարցով` հէնց մեր սահմանների պաշտպանութեան նպատակով:

«Հասարակութեան որոշ շրջանակներում մտավախութիւն կայ, թէ օրինակ Ստեփանակերտի` Կրկժան, Աջափնեակ թաղամասերը կամ Ասկերանի Իւանեան գիւղն առաջիկայում կը բնակեցուի ադրբեջանական ընտանիքներով: Խօսակցութիւններ են շրջանառւում նաեւ այն մասին, թէ մասնաւորապէս Ստեփանակերտի առեւտրային կէտերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հաւաստիացնում եմ, որ նման խօսակցութիւնները զուրկ են որեւէ հիմքից:

«Սիրելի՛ արցախցիներ, Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների անունից հաւաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողութիւնների հետեւանքով մեզ հասցուած անդառնալի կորուստներին, պետութիւնը մշտապէս յանձնառու է` կատարելու բնակչութեան անվտանգութեան եւ բնականոն կենսագործունէութեան ապահովման իր պարտականութիւնները: Ըստ այդմ` կոչ եմ անում, տուրք չտալ կեղծ լուրերին եւ հաւատացած լինել, որ արուել, եւ արւում է ամէն ինչ` արցախցու արժանապատիւ կեանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղութեամբ», կ՛ըսուի Վիտալի Բալասանեանի յայտարարութեան մէջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here