Հայաստան-Սփյուռք երկխոսության նոր ձևաչափ. վերագործարկվել է «Հայերն այսօր» հարթակը

0
257

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր գործառույթներով ու բովանդակությամբ՝ թարմացվել և վերագործարկվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» տեղեկատվական-լրատվական կայքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 10-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կայացել է տեղեկատվական կայքի նոր  տարբերակի  շնորհանդեսը:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի ղեկավար Լյուսի Վանա Կարապետյանի խոսքով պահպանելով «Հայերն այսօր» լրատվական հարթակի ձևաչափն ու անունը,  տարաբնույթ բովանդակություն ու նոր շունչ հաղորդվել կայքին:

«Լիովին նոր՝ քառալեզու կայքում՝  արևելահայերենին զուգահեռ՝  ավելացրել ենք նաև արևմտահայերենը՝ կարևորելով նրա պահպանումը: Մեր հարթակում Հայաստանն ու Սփյուռքը կարող են երկխոսել միմյանց հետ, միշտ տեղեկացված լինել միմյանց մասին և կապ հաստատել»,-նշեց Կարապետյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ համոզմունք հայտնեց, որ «Հայերն այսօր» լրատվակայքը՝  թարմացված տարբերակով շարունակելու է առավել արդյունավետորեն ծառայել Հայրենիք-Սփյուռք կապերի ու երկխոսության ամրապնդմանը:

Կարևորելով Սփյուռքի դերը ժամանակի մարտահրավերների համատեքստում՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ օբյեկտիվ տեղեկատվության միջոցով ամուր կապի ստեղծումը ներկայում անհրաժեշտություն է:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում  վստահեցրեց, որ  «Հայերն այսօր»  հարթակի տեղեկատվությունը ծառայելու է գերատեսչության  կրթագիտական միջնաժամկետ ծրագրերում Սփյուռքի  ներուժն ընդգրկելու գործին:

Ներկայացնելով կայքի վերաթարմացված տարբերակը՝    Սփյուռքի բաժնի ղեկավարի տեղակալ     Վիտալի Գրիգորյանը տեղեկացրեց, որ  Հայերն այսօր»-ը՝ իր  6 բաժիններով և 8 ենթաբաժիններով պատմելու է  Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կյանքի, Հայաստանի   գրավչությունների, հաջողակ ու հայտնի դեմքերի, ինչպես նաև հայրենադարձության հնարավորությունների ու խնդիրների մասին:

Կայքի թարմացված տարբերակի շնորհանդեսին ներկա էին նաև  պետական  բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայրենադարձներ:

https://armenpress.am/arm/news/1042985.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here