ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի ԿԽ-ի՝ Թուրքիային առնչվող հայտարարությանը

0
261

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի՝ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ մտահոգություններ պարունակող հայտարարության առնչությամբ, և նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նաղդալյանը մեկնաբանության մեջ նշել է, ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը մշտապես միտված է եղել համահայկական օրակարգի առաջմղմանը։

Անդրադառնալով հայտարարությանը՝ նա ընդգծել է, որ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտահոգությունները հիմնված են նախարար Այվազյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված խոսքերի մեկնաբանությունների վրա։ «Այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես, Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:

Նաղդալյանը հարկ է համարել նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։

«ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով»,- վստահեցրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը և շեշտել, որ այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Միևնույն ժամանակ նա հարկ է համարել ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու են ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: «Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական»,- շեշտել է Նաղդալյանը՝ մեջբերելով ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:

 

https://armenpress.am/arm/news/1043173.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here