Պաշտոնական Երևանի առաջին «ուղերձն» Անկարային

0
311

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ընթանում է ուժային նոր հարաբերակցության ձևավորման գործընթաց: Փոփոխությունների այս ֆոնին վերջին շրջանում պարբերաբար ակտիվանում են քննարկումները նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ապօրինի շրջափակման վերաբերյալ:

Թուրքիան առաջին երկրներից էր, որը դեռևս 1991թ.-ի դեկտեմբերին ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման չգնաց: 1993թ.-ին, Քարվաճառի ուղղությամբ հայկական ուժերի արձանագրած ռազմական հաջողությունների ֆոնին, Թուրքիան, համերաշխություն հայտնելով Ադրբեջանին, փակեց «H-50» միջազգային օդային միջանցքը՝ թույլ չտալով օդանավերի թռիչքները դեպի Հայաստան (միջազգային ճնշումների արդյունքում վերաբացվեց 1995թ.-ին), Գյումրի-Կարս երկաթգիծը, արգելեց մարդասիրական օգնությունների փոխադրումն իր տարածքով` փակելով նաև ըստ անհրաժեշտության օգտագործվող Ալիջան-Մարգարա և Դողուքափ-Ախուրիկ սահմանային անցակետերը: Թուրքական պաշտոնական շրջանակները Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանային անցակետերի վերաբացման հարցը սկսեցին պայմանավորել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» գործոնով:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը թուրքական կողմը որպես նախապայման առաջ քաշեց նաև 2009թ-ին՝ փաստացի տապալելով Ցյուրիխում երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացը:

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածաշրջանում շուրջ 25 տարի պահպանվող ստատուս քվոն փոփոխվել է և փաստացի արդեն գոյություն չունի այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան 1993թ.-ից ի վեր Հայաստանի նկատմամբ իրականացնում է շրջափակման թշնամական քաղաքականություն: Չնայած այս հանգամանքին՝ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը դեռևս որևէ կառուցողական քայլ չի ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում եղել են միայն կցկտուր ակնարկներ, սակայն այդ նույն պաշտոնյաները շարունակում են աչքի ընկնել նաև իրենց հակահայկական հռետորաբանությամբ:

Թուրքական կողմի նման հակահայկական քաղաքականության շարունակությունն  անընդունելի, է և կարևոր է, որ պաշտոնական Երևանը հանդես եկավ Անկարային ուղղված «ուղերձով», որը պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում առաջինն է: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում, մասնավորապես, հայտարարեց. «… Մենք լսում ենք Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է որոշակի ուղերձներ հղել, սակայն հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախևառաջ, գործողություններով։ Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»:

ՀՀ ԱԳ նախարարն այս ուղերձով փաստացի արձանագրում է, որ Թուրքիան չունի Հայաստանի նկատմամբ Անկարայի շրջափակման թշնամական քաղաքականությունը շարունակելու «պատրվակ» և երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեքստում Երևանը դիտարկելու է ոչ թե Անկարայից հնչող կցկտուր հայտարարությունները, այլ գործողությունները, որոնք մինչ օրս այդքան էլ կառուցողական չեն եղել: Եթե անգամ Թուրքիան չունի նման ցանկություն, ապա միջազգային հանրությունը պետք է գործադրի ճնշումներ՝ ստիպելով Անկարային առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորման և բացել Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը:

Այս համատեքստում կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում չի պատրաստվում գնալ որևէ զիջման պետական և ազգային շահերի հաշվին, ինչի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հանդես է եկավ համապատասխան հայտարարությամբ:

 

Նարեկ Մինասյան

https://armenpress.am/arm/news/1043181.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here