ՀՀ-ԵՄ համաձայնագրից «ակնկալվում է, որ տարբեր ոլորտներ կմոտեցվեն Եվրամիության չափորոշիչներին»

0
328

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ շուրջ երեք տարի տևած վավերացման գործընթացն ավարտվել է։ Փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի մարտի մեկից։

«Շուրջ 80 տոկոսն արդեն ուժի մեջ էր 2018 թվականի հունիսի 1-ից, և դա իր մեջ ներառում էր մի շարք ոլորտներ, այդ թվում` առևտուրը, որ ամենամեծ մասնաբաժինն է այս համաձայնագրում, ներառում էր տրանսպորտի ոլորտը, սպառողների պաշտպանության իրավունքների ոլորտը, շրջակա միջավայրի ոլորտը, էներգետիկայի ոլորտը», – ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:

Համաձայնագրի գործողություններն իրականացնելու համար ընդունվել էր ճանապարհային քարտեզ, որով շուրջ 200 գործողություններ՝ միջոցառում է նախատեսվում՝ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած օրենսդրական փոխփություններից մինչև ոլորտային ռազմավարությունների մշակում. «Համաձայնագիրը մարտի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մյուս հատվածը, որը շուրջ 20 տոկոսն է համաձայնագրի, որ ենթադրում է կրթության ոլորտ, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, աշխատանքային իրավունքների, այդ մի շարք ոլորտներում ևս ուժի մեջ կմտնեն դրույթները, և այն ճանապարհային քարտեզը, որը ուղղված կլինի այդ ոլորտների կիրարկմանը, դա ևս քննարկվել է կառավարության կողմից»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, որը նաև համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարն է, ասում է՝ կառավարությունը մոտ 8 տարի ժամանակ ունի համաձայնագրի գրեթե բոլոր դրույթներն իրականացնելու համար։ Իսկ որպես վերջնարդյունք ակնկալվում է, որ հայաստանյան տարբեր ոլորտներ կմոտեցվեն Եվրամիության չափորոշիչներին. «Սկսած տրանսպորտի ոլորտից, վերջացրած սպառողների պաշտպանությամբ կամ աշխատանքային պայմաններով մենք ունենալու ենք այն չափորոշիչները, որոնդ ներդրված են Եվրոպական միությունում, սակայն այստեղ շատ կարևոր է մի հանգամանք, որ այդ հրահանգերը և կանոնակարգերը տալիս են ուղղություններ և նպատակներ, այսինքն` վերջնարդյունքն ինչ պիտի լինի, բայց մեխանիզմը` ճանապարհը, որով պետք է գնալ և հասնել այդ վերջնարդյունքին, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, այդ թվում` Հայաստանը»:

Պաշտոնական Երևանը, անդրադառնալով վավերացման գործընթացի ավարտին, հայտարարում է` համաձայնագիրը նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն», – ասված է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունում կարծում են, որ համաձայնագրի արդյունավետ կիրառումը շոշափելի արդյունքներ կբերի Հայաստանի քաղաքացիներին, մասնավորապես ըստ ԱԳՆ-ի` այն կխթանի ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծում է՝ համաձայնագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, մասնավորապես նշվում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ, իշխող ուժից Արման Եղոյանը ևս համոզված է՝ համաձայնագիրը նոր որակական փոփոխություններ կմտցնի Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում: Իշխող ուժի պատգամավորը նաև լավատես է՝ փաստաթուղթը կնպաստի վիզաների ազատականացմանը, չնայած դրա մասին համաձայնագրում խոսք չկա, միայն նշվում է մուտքի արտոնագրերի դյուրացման մասին. «Նաև հաշվի առնելով, որ Հայաստանից անօրինական դեպի ԵՄ ներգաղթի թվերը շեշտակիորեն նվազել էին դեռ մինչև կորոնավիրուսը, 18 և 19 թվականներին համապատասխանաբար ամեն տարի 30-ական տոկոսով նվազել էր դիմումատուների քանակը` ապաստան հայցողների քանակը»:

Հայաստանի ու Եվրոպական միության միջև համաձայնագիրը ըստ էության փոխարինեց Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումից հայկական կողմը հրաժարվել էր 2013-ին՝ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելուց անմիջապես հետո։ Այս համաձայնագրում հենց մաքսային հատվածն է բացակայում։

«Ասոցացման համաձայնագրից մի քայլ ուղղակի հետ ասեմ, թե մի էլեմենտով ավելի պակաս համաձայնագիր է, բայց շատ ավելին է, քան մենք ունեինք 96 թվականի համաձայնագրով», – նշում է Եղոյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here