Հայաստան Համահայկական Հիմնադրամի Միջոցով Հայաստան Հասած Է Աւելի Քան 184 Թոն Օգնութիւն

0
223

Պատերազմի առաջին օրերից Սփիւռքի ջանքերով եւ Հայաստան Համահայկական հիմնադրամի (ՀՀՀ)օժանդակութեամբ Սփիւռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածաւալ մարդասիրական օգնութիւն: Առ այսօր Հայաստան է հասել շուրջ 184.345 կգ․ (աւելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնոյթ օգնութիւն:

Ստացուել են բժշկական ժամանակակից սարքաւորումներ, առաջին բուժօգնութեան վիրակապեր, վէրքերի մշակման եւ մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ եւ կօշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նուէրների փաթեթներ արցախցի դպրոցականների համար եւ այլն:

Լոս Անջելեսից բեռներ են ստացուել Հոկտեմբերի 10-ին, 1ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին եւ 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61.549 կգ․, Նիդեռլանդներից Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ 10.415 կգ․: Հայաստան ժամանել են նաեւ 2 ինքնաթիռներ` Ֆրանսիայից եւ Բելգիայից Հոկտեմբերի 23-ին եւ 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եւրոպայի տարբեր հայ համայնքներից հաւաքուած մօտ 15.977 կգ․ օգնութիւն:

Պատերազմական գործողութիւնների ընթացքում ստացուած մարդասիրական բեռները արտակարգ դրութեան պայմաններում շահառուններին արագ հասցնելու նպատակով ստացած օգնութիւնը հիմնադրամը ստանալուն պէս զիջել է արտակարգ իրավիճակների, առողջապահութեան եւ պաշտպանութեան նախարարութիւններին, որը հնարաւորութիւն է տուել ստացուած մարդասիրական օգնութիւնը առանց օր կորցնելու անմիջապէս ուղղել ծառացած կարիքների ապահովմանը:

Պատերազմի աւարտից յետոյ եւս ՀՀՀի ջանքերով Հայաստան է հասել եւ բաշխուել 33.389 կգ․ օգնութիւն: Այս շրջանում օգնութեան մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպէս նաեւ Ֆրանսիայից:

Այս շրջանում ստացած օգնութիւնը բաշխուել է մի շարք առողջապահական եւ համայնքային կառոյցների եւ Արցախի առողջապահութեան նախարարութեանը: Որոշակի քանակի օգնութիւն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ եւ կօշիկներ, շահառուներին փոխանցուել է Տաւուշի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:

Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, եւ այս պահի դրութեամբ պահեստաւորուած է Յունուարի 22-ից Փետրուարի 4-ը Լոս Անջելեսից ստացուաց 63.015 կգ․ բեռ: Դրանք դեռեւս գտնւում են մաքսազերծման եւ դասակարգման գործընթացում եւ շուտով կը հասնեն իրենց հասցէատէրերին:

(Քաղուած հիմնադրամի թղթակցութենէն)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here