Փաշինյանն ու Հարությունյանը համոզված են` Արցախը կվերածնվի

0
176

https://www.azatutyun.am

Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ասում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը:

«Հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավոր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը», – նշում է Հարությունյանը:

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե 33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը:

«33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն: Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների», – ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը. «Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։ Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ»։

Արցախի ԱԳՆ-ն նկատում է, որ ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 44-օրյա պատերազմը։

«Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է», – շեշտում է ԱԳՆ-ն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է` 33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ «ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here