Յիշեցում

0
163

Ռուբէն Յովակիմեան

«Սխալը ընդունելը ամօթ չէ,

 քանզի այն նշանակում է, աւելի

 խելացի լինել այսօր՝ քան երեկ»:

Լա Ռոշֆուկօ

10 Նոյեմբերից ի վեր հայրենի քաղաքական դաշտը նման է թենիս խաղին՝  անդադար մէկը միւսի վրայ պարտութեան պատասխանատուութիւնը նետելով ամէն մարդ հպարտութեամբ է քայլում անմեղութեան թիկնոցը ուսերին: Եզակի էր Արցախի նախագահը, որ քաջութիւնը ունեցաւ յայտարարելու թէ «Մենք բոլորս ենք մեղաւոր», մինչդեռ միսների համար բացի իրենցից բազում են մեղաւորները: Զաւեշտալի ողբերգութիւն էր երկու նախագահների մամուլի հետ հարցազրոյցները, իւրաքանչիւրը երեք ժամ շարունակ, աղաւաղուած եւ կեղծ լուրեր հնչեցնելով, իսկ զղջումի նմանուող մէկ բառ անգամ չարտայայտեցին, նոյնիսկ իրենց համարելով ազգային  փրկիչ-հերոս, իւրաքանչիւրը իր տեսակի մէջ:

Աւելի զարմանալի, նոյնիսկ բանականութեանը հետ հաշտութեան եզրեր չունեցող երեւոյթ է՝ ինձ համար անհասկանալի եւ անընդունելի, երբ 17+ի վարչապետի  թիւ մէկ թեկնածուն, իր տարիքային հասունութիւնը  եւ իմացականութիւնը (եթէ ունի) անտեսելով կոչ է անում իր շուրջը հաւաքուածներին, թէ բոլորը միասին պիտի գնան եւ կառավարութեան յենարանները քանդեն,–սխալ չհասկանաք, խօսքը ազերի կամ թուրքի մասին չէ, այլ մեր երկրի, որի ղեկավարումը ցանկանում են ձեռք բերել ամէն գնով․–որին զուգակցում է 130-ամեայ ծանր ուղի անցած կուսակցութեան երիտասարդ  անդամը, որ շանթ ու կայծակ է սփռում իշխանութիւնը քանդելու համար:   Անմիջապէս նշեմ, որ ոչ մէկին դատապարտելու կամ մեղադրելու միտում չունեմ եւ ի զօրու եւս չեմ, բայց այսքան մարտունակ հայրենապաշտպանները ո՞ւր էին քառասուն չորսօրեայ դժոխքի օրերին, կամ ի՞նչ  քայլեր ձեռնարկեցին՝ քնած տեղը հայ սպային կացնահար անող ճիւաղին շան սատակ անելու՝ ի՞նչ գնով որ այն լինէր: Ոչ, միայն քաջութիւն չունեցան եւ չեմ կարծում, թէ նման մի միտք յղացան, քանզի որեւէ աթոռի տիրանալու հեռանկար չկար: Սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ այս ընկալումը սազական է ընդդիմադիր յորջորջուողներից իւրաքանչիւրին: Մեզ հասանելի եւ հնարաւորի սահմանում հետեւում ենք երկրում եղած անց ու դարձին, եւ ցաւօք՝ անցած ամիսներին ոչ մէկ խօսք եւ առաջարկ, սոսկ մէկ ձայն հնչէր, թէ ինչպէ՞ս անենք երկիրը ոտքի հանելու եւ  յանցաւորներին պատժի ենթարկել՝ օրինական կարգ ու կանոնով: Առաւօտեան կանուխ արթնացողը՝ իրեն իրաւապահ  եւ դատավճիռ կայացնող համարելով՝ դաւաճան գոռալով փողոց է ելնում հայրենիք փրկելու միտումով, առանց հասկանալու, որ այս օրերին հայրենիք փրկելը այլ հարթութեան վրայ է եւ այլ պահանջներ ունի, որի համար առաջին պայմանը՝ բոլոր տեսակի ուժերի միաւորումն է , քանի որ հայ միտքը տարագրուել է եւ իւրաքանչիւր  հայի դերը քառապատիկ կարեւոր է, եթէ ոչ աւելի, իսկ նոր արտագաղթի ուրուականը նշմարելի է:

Ոմանք լռութեամբ տոկում են, ոմանց յոգնածութեան ալարն է պատել, շատերը անում են այն ինչ կարող են, բայց բոլորն են գիտակից, որ ծանր օրեր են ապրում՝  նոյնիսկ օրհասական          եւ յոռետեսութիւն  չէ, թէ Ալիեւը   կրող է վերսկսել, քանզի ըստ պայմանաւորուածութեան պատերազմը կասեցուել է, բայց չի աւարտուել Արցախի կարգավիճակը թողնելով, որպէս յետագայի խնդիր, ըստ Լաւրովի ծրագրի, մինչդեռ մերոնք քաղաքական աղմուկ կամ փողոց փակելը հայրենաշինութիւն կամ փրկութիւն են համարում մոռանալով, որ կարող էին ցոյցեր կազմակերպել տարբեր երկրներում թուրք եւ ազերի դեսպանատների առջեւ գոնէ գերիների վերադարձը պահանջելով, որ շատ աւելի օգտակար կարող էր լինել:

Այս վիճակի պատճառներից մէկը կարելի է համարել կառավարութեան դանդաղ եւ վարանած քայլերը մի շարք կենսական եւ խոստացած հարցերի վերաբերեալ: Որպէս օրինակ, ըստ  ոչ պաշտօնական տեղեկութեանց, երկրից խարդախ միջոցներով դուրս է հանուել, մօտ քառասուն միլիարդ դոլար, որ պատկառելի գումար է: Վարչապետը տեղեակ է եւ բազմիցս խոստացել, թէ բոլորը ետ բերելու ջանք պիտի չխնայի, բայց աւաղ՝ սայլը տեղից  շարժելու  խօսք անգամ չկայ: Բազում են նման հարցերը եւ  բոլորը յիշելը անհրաժեշտ չեմ համարում: Գուցէ սխալ չի լինի, որ իշխանութիւնները եւս իրենց գինու գաւաթի մէջ ջուր աւելացնեն համախմբուելու եզրեր գտնելու նպատակով, որքան որ խարդաւանքներ  եւ լպիրշ արտայայտութիւններ պակաս չեն:

Այս օրերին նեղմիտ քաղաքական աղմուկը տիրակալ է դարձել՝ քաղաքը կաթուածահար եւ ջարդ ու փշուր անելու կոչերով, որ կուսակցական նեղմիտ,  անբարոյ եւ  իշխանատենչ մոլուցք է: Այսքան հայհոյանք ու տագնապ երբեք չեն հնչել, որ հոգեբանական տառապանքի է նման: Դժուար է այն քաղաքակիրթ տրամաբանական համարել, որի կարիքը ունենք եւ այն վերականգնելու պարագային թերեւս առաւել յաջողութիւններ գրանցենք, որ մեր վերապրելու կարեւոր գրաւականն է:

Աղմկարար ընդդիմադիրները դեռ չեն հասկացել, որ ճշմարտութեան մի ոտքը  հակառակորդի դաշտումն է եւ, եթէ իրենք մէկի հրաժարականն են պահանջում, ապա նա եւս կարող է պայման դնել, թէ կը հրաժարուի՝ երբ բոլոր ցուցարարները հրաժարուեն իրենց յետագայ թեկնածու լինելու հնարաւորութիւնից: Նման վիճակը մանկական խաղի մակարդակի է, բայց որքա՞ն այլ տխմար հանգամանքներ ենք տեսել, որ յարիր չեն հազարամեայ մշակոյթով հպարտացողներին:

Յիշեցնելու կարիք կա՞յ արդեօք, կամ չտեսնելու եւ մոռանալու  իրաւունք ունե՞նք, որ սիրիացի վարձկան խմբերը դեռ մնում են մեր սահմանների երկանքով մէկ, իսկ թշնամու նոր տարածքներ գրաւելու ախորժակը չի փոխուել եւ նրանք թերեւս աւելի ուշիմ են եւ մեզ մօտ տիրող ներքին իրադարձութիւններին մանրամասնօրէն են հետեւում, որ ոչ մի տեսակով քաջալերական չի կարող համարուել պաշտպանութեան  բնագաւառում եւ մեզ թուլացնող  քանդիչ աշխատանքը՝ մենք ենք կատարում ի ցնծութիւն թշնամուն: Բարձր պաշտօնեաներից շատերը՝ ցաւօք, սատարեցին  հրաժարական պահանջողներին, բայց ոչ մէկ ձայն հնչեց կրքերը հանդարտեցնելու համար, թէպէտ այդ նրանց պարտականութիւնն էր :

Տեղին չէ՞ յիշելու Սողոմոնի առակը՝ երկու կնոջ մասին:

24-2-21- Սեն Ռաֆայել

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here