Երկնում

0
170
ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Ես ներկա եղա լույսի ծնունդին,
նրա անքույթ երկնումը տեսա,
ասես նորահարս, ամոթխած մի կին
բացեց աչքերն իր ամենահմա…
Տեսա, թե ինչպես լուսաթելերից
առավոտ հյուսեց երկինքը ծավի,
և նրա քնքուշ շղարշաքողով
նա վարագուրեց երեսն աշխարհի…
Ես այսօր վկան եղա հրաշքի,
նորօրյա հույսի ծնունդը տեսա,
տեսա, թե ինչպես շառափը լույսի
լվաց երեսը հանգչող գիշերվա…
Ես տեսա՝ ինչպես ցողը վաղորդյան
մարգարտի փրփուր ժապավեն դարձավ,
և գարնանաբույր դալար շիվերի
մերկ ցողուններին նա հավերժացավ…
Ես զգացի՝ինչպես հոգեմատներով
մանվեց կծիկը երազանքների,
և ինչպես սառեց աշխարհի սրտում
չարձակված ճիչը անարար մեղքի…
Եվ տեսա՝ ինչպես երկնակամարում
առավոտ ծնվեց մի անապական,
արդյոք էլ ի՞նչ կա ամբողջ աշխարհում
այսքան անաղարտ, այսպես մոգական…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here