Ովքե՞ր են «ծախվածները»․

0
96
Նայրի   Հոքհիքյան
Գերմանացի լրագրող, մեկնաբան Յան-Վերներ Մյուլլերը իր «Ինչ է պոպուլիզմը» գրքում նշել է․ «Պոպուլիստները դեմ են բազմակարծությանը, նրանք պնդում են, որ իրենք ու միայն իրենք են ներկայացնում ժողովրդին»։ Մեջբերելով 21-րդ դարում աշխարհի համար չարիք դարձած մի շարք պոպուլիստների խոսքերը՝ Մյուլլերը շեշտում է, որ նրանք թշնամի ու ծախված են պիտակավորում բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց կարծիքը և համարձակվում են ընդդիմանալ։
Հայաստանյան իրականության մեջ 2018-ից մինչև այսօր «ծախված»-ի, «թալանչի»,-ի, «պիցցայակեր»-ի ու բազում այլ պիտակավորումներ են ստանում նրանք, ովքեր փորձում են կեսբերան քննադատել ՀՀ իշխանության քայլերը։ Հիմա թիրախները շատացել են, ագրեսիվ հռետորաբանությունը՝ մեծացել։ Իսկ դրա պատճառն այն է, որ ձախողված պոպուլիստները միշտ ձգտում են բոլոր խնդիրների մեղավոր համարել իրենց քաղաքական հակառակորդներին։
Երբևէ փորձե՞լ եք սթափ նայել իրականությանն ու հասկանալ՝ ինչո՞ւ են գրեթե ողջ մտավորականությունը, տարբեր ոլորտների առաջատար մասնագետները դեմ ՀՀ այսօրվա վարչապետի գործողություններին։ Բոլորը ծախվա՞ծ են։
Քաղաքական գործիչները, դեռ հասկանալի է, ունեն քաղաքական նպատակներ։ Բա մյուսնե՞րը։ Բոլոր գեներալները, սպայական կազմը, տնտեսագետները, բանասերները, քաղաքագետները, վերլուծաբանները, գործարարները, գիտնականները, իրավաբանները, լրագրողները․․․ բոլորը ծախվեցի՞ն։
Եթե այո, ապա առավել քան աղետալի է հայ ժողովրդի վիճակը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձգտում է թագավորել ավերակների վրա, եթե այս երկրի մտավորականությունն ամբողջությամբ ծախված է։ Չէ՞ որ երկրի կայունության ու ամրության հիմքը հենց պրոֆեսիոնալներն են, ոչ թե հրապարակներում հավաքվող ամբոխը։ Ամբոխին մոլորեցնելը հեշտ է, քանի որ նրանք չունեն հիմնավոր գիտելիքներ քաղաքական գործընթացների ու պետության կառավարման մասին, նրանք ուղղորդվում են զգացմունքներով, իսկ զգացմունքը ՉԻ՛ կարող լինել պետականության հիմք։
Իշխանության քարոզիչներին բարեկամաբար առաջարկում եմ՝ դադարեցրեք կործանարար պոպուլիզմի տրամաբանությունը։ Չի կարող ամբողջ երկրի մտավորականությունը ծախված լինել, դա ողբերգություն է։ Մի՛ քանդեք պետության հիմքերը, այլ դուրս եկեք ձեր վիրտուալ աշխարհից ու նայեք իրականությանը, նայեք ոչ թե հրապարակում ձեզ աստվածացնող մարդկանց, այլ գիտնականների, զինվորականների, լրագրողների, տնտեսագետների, գործարարների, երկիր կառուցող մարդկանց աչքերով։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here