Հայուհուն

0
231

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Հեզությամբ կամ ըմբոստությամբ,

Ես չգիտեմ որով ես դու պճնված,

Բայց պաճույճդ գերում է ինձ անկասկած:

 

Մեղմագույն և մեղրագունակ

Դեմքդ իմ մեջ հարուցում է

Ցանկություններ փափկասեր,

Եվ հավատքի ու սիրո

Մաքրամաքուր ցանկություններ,

Որ հասնում են ծոցիդ հստակ տաքությանը

Ու ջերմին,

Ոգուդ առաքինությանը

Ու կանացի սեթեվեթիդ պերճագին:

 

Արծարծուն են երկնի կայծուտ աստղունքը,

Ցոլացումը հուր աչքերիդ իմաստի

Եվ հայացքիդ խոհեմության

Ճիշտ պատճենը դրվագված…

 

Նայվածքներդ են

Տարտղնված՝ մոտ ու հեռու,

Որ այնպես մերձ են հոգուս,

Եվ ուզածիս

Ու սրտիս:

 

Խոսվածքդ միշտ ուղղված է ուղեղիս,

Որ բեռնավոր խոհերովս է ծանրակիր,

Ինչպես ծառը մեծասաղարտ

Ամառային տերեվուտի կանաչով.

Եվ բառերդ կրում են

Թեթեվությունը հովի,

Կամ բզզոցը մեղրամեղվի,

Հռնդյունը ծովահույզ գոռ ալիքի,

Նայած թե

Սրտիդ ո՞ր լարն է հնչում,

Սիրո՞ քնքուշ,

Թե կարիքի՞ անողոք,

Թե բողոքի՞, ըմբոստությա՞ն հուրբորբոք…

 

Բայց ափը, որ ես եմ ժեռ,

Ծանոթ է խոլ բախումներին ալիքի,

Ու ժիր մեղուն ճանաչում է իր ծաղկին,

Տերեվին էլ հարազատ է հովը զով…

 

Ընծայումս միշտ լինում է

Ակոսներիդ բերրիության հավատքով,

Հուռթիության հուռութքով

Սուրբ, անվարան,

Մատուցումի շքեղագույն ծեսերով,

Եվ թանկագին,

Որպես ազնիվ արմաղան:

 

Ո՞վ է կանչում

Հեռուների տամկության բիլ մշուշում.

Ո՞վ է դրել այս կարոտը այսքան խոր

Սրտիս տոչոր արեվկողում

Որպես հորդոր,

Որ ես ձգտեմ

Առ քո գիրկը սիրաթոր,

Փարվելու քեզ,

Նվիրվելու քաղցրությանդ փառավոր…

 

Ո՜վ հայուհի,

Իմ սերերի վեհագույն,

Որ անցյալի մեր բազում

Փորձառության և բռնության

Ոստայններից ձերբազատ՝

Բեվեռվել ես իմ սրտում.

Օրերը բարկ ու հապշտապ,

Ժամանակը վեհերոտ է ու անկամորդ,

Եվ իղձերս վրնջում են,

Որպես կամքիս փրփրաբաշ նժույգը…

 

Հայրենական տենդերիս հետ

Սիրտս կրում է և՛ քեզ,

Որ հաղթության բոսոր ժամին

Ոսկեթասս լինես հզոր մաղթանքիս.

Լինես ոգիս լուսավորող արեվը

Գոհարական փայլերով.

Լինես արտը իմ բերքավոր կարոտի,

Ցորենահասկ ոսկեգունով լիառատ.

Ու լինե՜ս,

Լինես կտորն իմ սրտի,

Որ ըմպում է նույն երակից արյունը տաք,

Որպես սիրո ու հուզումի,

Ցանկության ու նվիրումի թանձր գինի,

Եվ սուրբ սերը հայրենիքի,

Առհավատչյան իբր անխախտ

Մեր ապրելու, բազմանալու, պայքարելու

Ու հաղթելու վեհ ուխտի…

 

*****

ՍԻՐԱԳԱԶԵԼ

 

Ճերմակության գիրգ թավիշով քո կուրծքերը սիրահամեմ,

Նրանց փափուկ ջերմոցներում ուզմունքներս թող քաղհանեմ։

 

Ես ծարավի անապատում տենչով ու քո սիրով տարված,

Հուր շուրթերիդ գավաթը լիք անհագորեն ըմպեմ, քամեմ:

 

Թարթիչներիդ ստվերի տակ, աչքերիդ ջինջ լճակներում

Ես իմ շողքն եմ ուզում տեսնել, որ հայացքդ ողջ վանդակեմ:

 

Ալաբաստրե քո մատների շոյքը զգամ ողնաշարիս,

Ու մազերս խիստ փշաքաղ՝ ամբողջ մարմնով մեկ սրսըփեմ…

 

Եվ շուռ եկած ողորկ լանջիդ, արեվելքցու տաք հրայրքով

Սեվ մազերիդ գանգուրներով սիրուս քրտինքը ցամաքեմ:

 

Ու հեշտանքի անդորրությամբ, քո էլ փակվող կոպերի հետ,

Բարձիս վրա, շունչս շունչիդ, փայանքիդ տակ խո՜ր մրափեմ…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here