Թռչունները Ինձմէ Բախտաւոր Էին. Մարալ Նաճարեան

0
205

ՍՈՒՍԱՆ ԲԱԴԱԼԵԱՆ

Չորս ամիս ադրբեջանական գերութեան մէջ գտնուող Մարալ Նաճարեանը,  10 Մարտին Բաքուի բանտից տեղափոխուել է Ստամբուլ, ապա Բէյրութի թռիչքով հասել ծննդավայր: Հարազատները նոյն օր Լիբանանի Կարմիր խաչից են տեղեկացել, որ Մարալը ազատւում է գերութեան չարչարանքներից: Այժմ նա իր Ռաուդա թաղամասի տանն է` մայրիկի, երեխաների ու հարազատների հետ:

«Շատ լաւ եմ հիմա, որ ընտանիքիս տեսայ, Աստուած ինձ այս նուէրը պարգեւեց, շատ ուրախ եմ», ան:

Մարալը Բաքուի երեք տարբեր բանտերում է եղել` անյոյս, որ երբեւէ կ՛ազատուի գերութիւնից. «Բնաւ յոյս չունէի, ես կարծում էի, որ այնտեղ պէտք է մահանամ»:

Ֆիզիկական վիճակը, ասում է Մարալը, լաւ է, միայն հոգեբանի կարիք է զգում. «Ինձ այնտեղ չչարչարեցին, որովհետեւ երբ որ տեսան, որ ես իրենց որեւէ բան չունեմ տալիք, դրա համար իրենք էլ ինձ չվնասեցին, բայց հոգեկանս անշուշտ վնասուեց»:

Լիբանանահայ Մարալ Նաճարեանը քրոջ` Անիի հետ Հայաստան էր եկել Բէյրութի նաւահանգստի պայթիւնից յետոյ եւ որոշել էին վերաբնակեցման ծրագրով հաստատուել Արցախում: Բերձորում սպասում էին կառավարութեան խոստացած տանը, եւ օրեր անց պատերազմն էր սկսուել, վերադարձել էին Երեւան: Նոյեմբերի 10ին խաղաղութեան լուրը ստանալուց յետոյ, Մարալը ընտանիքի բարեկամ Վիգէն Էուլջեքեանի հետ ճանապարհուել էր դէպի Արցախ, Բերձորից վերցրել էին Մարալի իրերը, ապա շարժուել դէպի Շուշի` Վիգէնի իրերի հետեւից, այդտեղ էլ գերեվարուել էին:

«Նոյն գիշերը Ադրբեջան հասայ եւ առաւօտ կանուխ Բաքու տարան ինձ», պատմեց «Ազատութեան» զրուցակիցը:

Մարալի քոյրը` Երեւանում միայնակ մնացած Անին, ասում է, թէ միայն հիմա Մարալից է տեղեկացել, որ նրանք գերեվարուել են ոչ թէ Բերձորի ճանապարհից, այլ Շուշիում, չիմանալով, որ 10 Նոյեմբերի  դրութեամբ այն այլեւս հայկական չէր: Որտեղի՞ց իմանային, հարցնում է Անին. «Ասում էին, որ Ջաբրայիլն ընկած է, մէկը ասում էր, որ, չէ, Ջաբրայիլը մերն է: Ասացին, որ Շուշի մտել են, յետոյ ասացին` չէ, ընկած չէ Շուշին»:

Պատերազմի աւարտից յետոյ 10-ից աւելի խաղաղ բնակիչ է գերեվարուել, նրանց թւում` Մարալն ու Վիգէնը, ինչու՞ նրանց ոչ ոք չէր զգուշացրել, ասում է Անին:

Իսկ տաքսիի վարորդ Վիգէնն ու վարսայարդար Մարալը ադրբեջանական կողմի համար մերձաւոր արեւելեան ծագմամբ վարձկանների թեկնածուներ էին: Վիգէնին մի շարք մեղադրանքներ են առաջադրուել եւ նա դեռեւս գերութեան մէջ է: Մարալին մինչեւ այժմ էլ ադրբեջանական լրատուամիջոցները պատերազմին մասնակցած մարտիկ են ներկայացնում: Մարալն ասում է` բանտում պարբերաբար հարցաքննուել է. «Կասկածում էին, որ ես լրտես կամ թարգմանիչ եմ»:

Ադրբեջանը նախորդ տարեվերջին վերջապէս արձագանգել էր Ստրասբուրգի դատարանի դիմումին ու հաստատել, որ Մարալ Նաճարեանը գերեվարուած է, իրենց մօտ է: Դրան հետեւեց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի աշխատակիցների այցը Բաքուի բանտ: Մարալի Լիբանանում ապրող դուստրը, որդին դիմել էին տեղի կառոյցներին: Լիբանանի կառավարութիւնը բողոքի նամակով Բէյրութում Ադրբեջանի դեսպանատուն էր դիմել, Մարալի քոյրը` Անին այստեղ էր տարբեր դռներ թակում:

«Մենք չգիտենք` ով աւելի շատ աշխատեց, ով աւելի քիչ աշխատեց, բայց բոլորին էլ շատ շնորհակալ ենք. Լիբանանին էլ, Հայաստանին էլ, Ռուսաստանին էլ եւ մեր անձնական բարեկամներին», ասաց Անի Նաճարեանը:

Անին ասում է` Մարալի հետ շատ էին ցանկանում այստեղ ապրել-մնալ, չի կասկածում` գերութիւնից վերադարձած քոյրը հէնց ապաքինուի կը ցանկանայ Հայաստան գալ, միայն թէ ընկերային խնդիրներ կան: Ընտանիքն այս ընթացքում որեւէ ծրագրից չի օգտուել:

«Ես դիմել եմ, մէկ ամիս յետոյ ինձ մերժուած պատասխան եկաւ, ասելով, որ մենք Արցախի գրանցում չունենք, եւ մենք չենք ապրել նուազագոյնը երեք ամիս Արցախում», պատմեց Մարալի քոյրը:

Երեւանում Անիի հեռախօսը չի լռում, Բէյրութում Մարալի շուրջ հաւաքուած հարազատներն են, դուստրը: Մայրը` տիկին էլմաստը դեռ ուշքի չի գալիս:

Հայկական կողմի տուեալով Բաքւում դեռեւս շուրջ 200 հայ գերիներ են պահւում: Մարալն ասում է` որեւէ հայի, որեւէ մարդու այս 4 ամսում չի տեսել. «Երանի տեսնէի, բայց ոչ գերի, ոչ էլ իրենց բանտարկեալներից ոչ ոքի չեմ տեսել»:

Խցում միշտ եղել է մեն-մենակ, որեւէ մէկի հետ շփուելու հնարաւորութիւն չի ունեցել, մաքուր օդ ու արեւի երես չի տեսել. «Միայն վերեւում փոքրիկ պատուհան կար, թռչուններին տեսնում էի, ասում էի` բախտաւոր էք, դուրսն էք»:

Գերութեան մէջ գտնուողների ու նրանց հարազատների համար Աստծուց ուժ է խնդրում, որ դիմանան, ինչպէս ինքը դիմացաւ:

Ադրբեջանական բանտի ճաշացուցակը անգիր է արել, քանի որ այն անփոփոխ նոյնն էր` 4 ամիս բրինձ, բորշ ապուր, մակարոն, հնդկաձաւար, խնձոր շաբաթը 3 անգամ: «Առատաձեռն էին», Մարալը դառը ժպտում է ու սպասում մայրիկի ճաշին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here