Տարակուսող Գարուն

0
231
ԼԱՈՒՐԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Իմ երկրի շեմին գարունը կանգնել՝
Խոր միտք է անում. ինչպե՞ս առաջ գա.
Կամուկաց, շվար մտքի մեջ ընկել՝
Ամաչում է, թե լիաթոք ժպտա…
Երկիրս ցավ ու վշտից գունատվել՝
Սրտում գալիքի տագնապն է առկա,
Երկրիս աչքերում հոգսը կուտակվել՝
Մշուշապատ են գալիք ու ներկա…
Գարունը երկրիս շեմին մոտեցել՝
Տարակուսում է. հապաղի՞, նե՞րս գա,
Արևն էլ արդեն սրտում հուր վառել՝
Ծիկրակում է. դեռ երկչոտ, անվստահ…
Մերթ արտասվում է գարունս հիմա,
Տաք արցունքներով երկիրս թրջում,
Արտասվող գարնան քնքշության առաջ
Անգութ ձմեռն է հալվում, նահանջում…
Մերթ ժպտում է նա աչքերով իր ջինջ,
Ու այդ ժպիտից ձյուներն են լացում,
Մերթ հուզախռով առնում է նա նինջ՝
Ձյան արցունքն այդժամ սառույց է դառնում…
Ու երկրիս նման՝ մերթ արտասվելով,
Մերթ ճերմակ ձյունը բաց գլխին տալով,
Մերթ սիրո տաքուկ հույզից դողալով,
Գալիս է. հույսի նարոտ հյուսելով…
Իմ երկրի շեմին գարունը հասել՝
Մեկ հեռանում է, մեկ՝ առաջանում,
Բայց արդեն սիրով լցվել, ուռճացել՝
Այդ սիրուց ձյան տակ հողն է շունչ առնում…
17.03.2021

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here