ԳԵՂԱՄԱՆՐԱՆԿԱՐԻՉ ԵՍԱՅԻ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ 1939-1987

0
275

«alikonline.ir» – Իրանահայ նշանաւոր նկարիչ Եսայի Շահիջանեանի կիսանդրին տեղադրւել է Սպահանի Չարբաղ-Բալա փողոցում: Այս մասին տեղեկացնում է Norjugha.ir-ը յղում անելով Imna.ir-ին:

1400 թւականի Նոռուզի նախօրէին, Սպահանի Քաղաքային վարչակազմի նախաձեռնութեամբ եւ Կերպարւեստի դպրոցի համագործակցութեամբ, քաղաքի Չարբաղ-Բալա փողոցում տեղադրւել են նկարիչ Եսայի Շահիջանեանի եւ Սպահանի 10 այլ արւեստագէտների կիսանդրիները:

Եսայի Շահիջանեանի կիսանդրիի հեղինակն է քանդակագործ Ալիռեզա Ղադամեարին:

Կիսանդրիները կառուցւած են ֆայբրգլասից, ընդհանուր բարձրութիւնը շուրջ 2 մետր է։

Նաեվ՝ Կցված տեսնել գրությունը

Եսայի Շահիջանյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 24ին, Նոր Ջուղայում, Իրան։ Տարրական կրթությունը ստացել է տեղի պետականացված, նախկին հայոց, Կենտրոնական դպրոցում․ ավարտելուց հետո մտնում է Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը, գեղարվեստական նկարչության բաժանմունքը, 13 տարեկանում, աշակերտելով ժամանակի պարսիկ հայտնի գեղանկարիչներ Ռոստամ Շիրազիին և Հաջ Մոսավար օլ Մոլքին։ Նախքան այդ էլ նա սկսել էր տպագիր գեղանկարներից մատիտով ընդօրինակումներ անել, որոնցից երեվում էր պատանու նկարչական հետաքրքրությունները և սերը։ Ուսումնառության տարիներում նա ծանոթանում է նորջուղայեցի, իրանահայ հայտնի գեղանկարիչ Երվանդ Նահապետյանի հետ․ սկսում է այցելել նրա աշխատանոցը, երբեմնակի գեղանկարչական փորձեր անելով նրա մոտ, յուրացնում է վարպետի տարիների փորձառությունը։

Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը ավարտում է բարձր մակարդակով, ավելի կենտրոնացած գեղարվեստական մանրանկարչության վրա։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Լիբանան, բայց երկու տարուց հետո վերադառնում է Սպահան, Նոր Ջուղա, և արդեն որպես գեղանկարիչ աշխատանքի է մտնում Իրանի Մշակութային ժառանգությունը պահպանող պետական հիմնարկության մեջ։ Գործուղվում է Իրանի պատմական պալատների որմնանկարների վրա հին գեղանկարների նորոգման ու գույների թարմացման աշխատանքին․ վարպետանում է, ցուցաբերում է աննախադեպ հաջողություն․ այնպես որ հիմնարկությունը նրան նշանակում է իտալական ԻԶՄԷՕ կազմակերպության որմնանկարների նկարիչների խմբի հետ աշխատելու, որին ղեկավարում էր Պրոֆեսոր Ռոբերտո Չերբինոն, այդ օրերում Իրանում։

Եսայի Շահիջանյանը աշխատում, վերականգնում և թարմացնում է Սպահան քաղաքի՝ Ալիղափու, Չեհել Սոթուն, Հաշթ Բեհեշտ պալատների, Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների, Նաին քաղաքի՝ Փիրնիա տան, Շիրազ քաղաքի՝ Ղավամ նարինջստանի,  և Ղազվին քաղաքի  պատմական կոթողների որմնանկարները։ Պատմական կոթողների որմնանկարների վրա աշխատանքի ընթացքում նա նաեվ ուսումնասիրում է դրանց ձեվավորման գեղանկարչական ոճը, գույների համադրության ճաշակը և կիրառված փորագրումների ու քանդակների յուրահատկությունները։ Նա դարձավ պարսից Սաֆավիյան և Ղաջարական դինաստիաների նկարչության ճանաչված հեղինակություն։ Նա վերականգնեց Սաֆավիյան պատմաշրջանի նկարչական ոճը, որով նա գեղազարդեց Սպահանի՝ Աբբասյան հյուրանոցի սրահները, մայրաքաղաք Թեհրանի՝ Քոսար հյուրանոցը, պատվերով ստեղծագործեց Նիու Յորքի՝ Վալդորֆ և Աստորիա հյուրանոցների գեղանկարված պաստառները։ Ղաջարական դինեստիայի ծաղիկների ու թռչունների նրա վերականգնած և իրագործած գեղանկարները հիացմունքով համարվում են տվյալ ոճի բնորդներ։ Իտալական ԻԶՄԷՕ կազմակերպությունը նրան պարգեվում է մասնագիտական դիպլոմա․ իսկ նրա դպրոցը՝ Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը՝ Պրոֆեսորի կարգ ու կոչում է շնորհում նրան։

Եսայի Շահիջանյանը հեղինակային նորույթ մտցրեց իրանական մանրանկարչության մեջ։ Մանրանկարչությունը տափակ նկարչություն է, ներկայանում է հարթ տարածքով․ չունի խորք։ Նա խորք ստեղծեց տափակ մանրանկարչության մեջ, որ իրանական դարավոր նկարչական գեղարվեստում հսկայական պատմական նորույթ եղավ։

Ամուսնացավ ու բախտավորվեց երկու զավակներով՝ աղջիկ ու տղա։

Այդ տարիներում, իր աշխատանքի շրջանակում, նա ծանոթանում ու մտերմանում է, Իրանում գտնվող, հռչակավոր արեվելագետ Արթուր Պոպի հետ, որ դառնում է նրա գեղարվեստի և իրագործումների հիացողներից մեկը։

Տարիների աշխատանքների ավանդությամբ հարուստ ու հռչակված նա իր սեփական գեղանկարչական գործին զուգահեռ վերադառնում է իր սիրելի Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը, որպես պրոֆեսոր, սովորեցնելու իր կախարդական գեղարվեստը երիտասարդ ու նոր սկսնակներին։ Մանրանկարչություն է ուսուցանում նաեվ Սպահանի Պարդիս համալսարանում։

Նոր Ջուղայի ազգային, հասարակական կյանքում նա ներկա էր իր գեղարվեստով։ Պարմանությունից նա անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, սկսյալ պատանեկան խմբերից։ Նա իր մի գեղանկար ստեղծագործությունը նվիրում է Նոր Ջուղայի Հայ Դատի հանձնախմբին, որ վիճակահանությամբ գումար է ապահովում նույն հանձնախմբին։

Եսայի Շահիջանյանի բազմաթիվ գեղամանրանկարչական ստեղծագործությունները սփռված են բազմաթիվ վայրերում։ Սպահան և Նոր Ջուղա այցելող ամերիկացիներ և եվրոպացիներ այցելում էին, և գնում։ Այնպես որ ցրիվ են բազմաթիվ անհատական հավաքողների մոտ։ Նրա  արժանավոր կողակիցը, Ստելլան, մինչեվ վերջերս էլ, նկարահանդեսներ էր կազմակերպում սփյուռքից՝ հայրենիք։ Այնուամենայնիվ Եսայի Շահիջանյանի ստեղծագործական ժառանգությունը ավելի ճանաչված է իրանական հասարակության տարածքում։

Ավաղ, պատմական կոթողների որմնանկարների նորոգումները դարձան ճակատագրական։ Գաճով սվաղված հին պատերի քերումների աննկատ փոշին և գույների թարմացումները նրան վարակեցին թոքերի քաղցկեղով, որը անգթորեն խզեց Եսայու դեռ երիտասարդ կյանքը․ 1987 թվականի դեկտեմբերի 19ին․ ընդամենը 48 տարեկան հասակում, նա մահացավ Նոր Ջուղայում։ Բազմահազար ժողովուրդ սգաց նրա մահը։ Ծովածավալ հուղարկավորությունը քայլեց Նոր Ջուղայից մինչեվ հայոց գերեզմանատունը, հանգստարանը․ նրա աշակերտները ուսամբարձ տարան իրենց սիրելի վարպետի դագաղը։ Իրանի գեղարվեստից նախարարը դամբանական խոսեց․ գնահատեց Եսայուն, որպես այն մեծագույն գեղամանրանկարիչը, որ ամենախորքային ոճը զարգացրեց իրանական գեղամանրանկարչության մեջ, վերջին երեքհարյուրամյա ընթացքում։ Դամբանական խոսեց Նոր Ջուղայի մեծ բանասեր և պատմաբան Լեվոն Գ․ Մինասյանը և ուրիշներ։ Գլենդելում, նրա եղբայրները, և հարազատներս, հոգեհանգիստ կատարեցինք, սուգ արինք։

Իրանի Գեղարվեստագետների խորհուրդը Եսայի Շահիջանյանի գեղանկարչական ստեղծագործությունների ժառանգությունը ուսումնասիրելով, ետ մասնագիտական քննարկման, նրան ճանաչեց իբրեվ առաջնակարգ գեղարվեստագետ, ետ մահու նրան պարգեվեց Գեղարվեստի Դոկտորայի տիտղոսով․ Դր Պրֆ Եսայի Շահիջանյան։

Եսայի Շահիջանյանի կիսանդրին զետեղված է Սպահանի Գեղարվեստից ուսումնարանի պարտեզի Վարպետների ճեմելիքում․ իր պատվանդանից նա հսկում է հասակ առնող գեղանկարիչներին։ ․․․որ ինքը եղել էր․․․

Ես ու Եսային հորեղբոր զավակներ ենք․ ես՝ թոռ, Եսային՝ ծոռ հարաբերակցությամբ։ Մեր գերդաստանի մոտավոր տարեկից տղաններ խմբով, ընկերներ, հարազատներ էինք․ դե, տարիքիս բերումով նրանց մեծություն էի անում։ Ինչ խոսք, երբեմն էլ ապտակով պատժում։ Վերջին անգամ հանդիպեցինք 1985 թվականում, ընտանիքով Նոր Ջուղա էինք գնացել․ հյուր եղանք նրա տանը։ Ապա միասին, ընտանիքներով, մեր ավտոներով, գնացինք Նոր Ջուղայի Փերիա գավառի մեր տոհմական Բոլորան գյուղը, այնտեղ՝ մեր պապենական խրճիթը։ Պատմեցի նրան, որ ընտանիքով գաղթելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տրտմությամբ ամպեց․ ասաց, որ ինքը ընտանիքով կներգաղթի հայրենիք։ Այն ժամանակներում Խորհրդային Միության հյուպատոսարանի սովետահայ հյուպատոսը մերժել էր իմ դիմումը հայրենիք այցելելու։

Գլենդել, Կալիֆորնիա, 20180625

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here