Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «քաղաքական խրամատը երբեք չի լքելու»

0
183

https://www.azatutyun.am –Նարինե Ղալեչյան

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական նիստի մեկնարկից առաջ Սարգսյանը մոտեցավ դատարանի բակում հավաքված իր աջակիցներին և ուղերձ հղեց: Նախկին նախագահն ասաց, որ «երբեք չի լքելու խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»:

«Ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ», – ասաց նա։

Ժողովրդական ճնշմամբ 2018-ին հրաժարական տված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով դատարանի բակում հավաքված իր աջակիցներին, ասաց՝ ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, այդպես էլ չհստակեցնելով, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, դատարանի առջև է կանգնել հեղափոխությունից հետո: Ըստ Հատուկ քննչական ծառայության` 2013 թվականին նա կազմակերպել է, որ իր «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված կես միլիարդ դրամ գումարը: Նախկին նախագահի փաստաբաններն այս գործը որակում են քաղաքական հետապնդում, իսկ ինքը` Սարգսյանը` անհեթեթություն. «Ինչ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, և գործն ուղարկվեց դատարան: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց»:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, այս գործով ևս 4 մեղադրյալ է անցնում։ Երկուսը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նախկին գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով։ Դատարանն այսօր, մահվան հիմքով պայմանավորված, դադարեցրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։

Ի դեպ, ըստ մամուլի, Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողը հենց հանգուցյալ Սերգո Կարապետյանն է եղել։ Գործով մյուս մեղադրյալներն են նախկին նախագահի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը և Գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Այսօր Սերժ Սարգսյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին նրան պատկանող գույքը կալանքից ազատելու համար։ Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի վաղը։ Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս անց։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here