ԱԳՆ-ն տեղյակ չէ Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների որևէ ձևաչափի մասին

0
480

https://www.azatutyun.am- Անուշ Մկրտչյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների որևէ ձևաչափի մասին, այսօր Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին` հայտարարեց ՀՀ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Արա Այվազյանն՝ ընդգծելով` ցեղասպանություն վերապրած ժողովուրդն ամենալավն է գիտակցում խաղաղության գինը և թշնամիներ չի փնտրում։ Նախարարը հիշեցրեց, որ տարբեր նախաձեռնություններով Հայաստանը փորձել է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն փոխադարձության սկզբունքը երբեք չի գործել։

«Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները», – նշեց նա:

Ընդամենը մի քանի ամիս առաջ 1991 թվականից ի վեր Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որն էլ ահաբեկիչ վարձկաններ էր ուղարկում հայ զինվորի դեմ կռվելու։ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները նաև հայտարարում էին, որ հենց թուրքական «Բայրաքթարներն» են թիրախի տակ պահում Արցախը։

Այդուհանդերձ վերջին օրերին իշխանական վերնախավն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Շաբաթ օրն էլ Արմավիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Տարածաշրջանի երկրները պետք է վերագնահատենք բոլորով մեր փոխադարձ վերաբերմունքը և մեր փոխադարձ կեցվածքը»:

«Երկխոսությունը չպետք է լինի թուրքական պայմաններով»

Արդյոք հնարավոր է այս հետպատերազմական փուլում վերանայել Ադրբեջանի բարեկամ Թուրքիայի նկատմամբ կեցվածքը, երբ ըստ հայկական կողմի գնահատականների` դեռ 100-ից ավելի գերի գտնվում է Ադրբեջանում, երբ դեռ մարդիկ փնտրում են պատերազմ մեկնած ու չվերադարձած իրենց հարազատներին, երբ դեռ տարածաշրջանային ապաշրջափակման մասին զրույցները նախապայմաններով են։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է` Հայաստանը պետք է ուժեղ լինի տարածաշրջանում, որպեսզի Թուրքիան շահագրգռված լինի առանց նախապայմանների երկխոսություն սկսել սահմանների բացման և հարաբերությունների նոր ձևաչափ ստեղծելու համար: Ընդգծում է՝ միանշանակ պետք է դուրս գալ զգայական և կարծրատիպային ընկալումներից, սակայն. «Շատ կարևոր է շեշտել, որ այդ երկխոսությունն այն չէ, երբ Թուրքիայի պայմաններով մենք մոռանում ենք մեր հարցերը, մենք մոռանում ենք Ցեղասպանությունը, մենք մոռանում ենք Հայկական հարցը: Այս ամեն ինչի մասին չէ խոսքը, բայց մենք իսկապես պետք է մտածենք այդ մասին, մտածենք, թե ինչպես կարող ենք ստեղծել միջավայր, գալ մի իրավիճակի, երբ Թուրքիան ինքն էլ կհամարի, որ իր համար էլ արդյունավետ կլինի առանց նախապայմանի երկխոսությունը Հայաստանի հետ»:

Բադալյանը վստահ է, որ հայկական կողմի նպատակը պետք է լինի չդառնալ Թուրքիայի և երրորդ կողմի առևտրի, սակարկության առարկա. «Տվյալ դեպքում Ռուսաստանը մեզ հետ հարցերում խոսում, քննարկում, պայմանավորվում է թուրքերի հետ, և մեր հաշվին ձեռք են բերում ինչ-որ ռեգիոնալ համաձայնություններ, և ըստ այդմ առնվազն մեզանից պահանջվում է հասնել մի իրավիճակի, երբ մենք կխոսենք թուրքերի հետ: Սա է գլխավոր խնդիրը, որն արագ լուծում չունի մեզ համար, բայց որի մասին մենք պետք է սկսենք մտածել»:

Հիմա Թուրքիայի միակ ցանկությունը Հայաստանին մեկուսացնելն է. Սաֆրաստյան

Ժամանակավրեպ է խոսել Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու մասին, վստահ է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ պնդելով` թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հաղթանակից, փորձում է էլ ավելի ճնշել Հայաստանին։ Թուրքագետը օրինակ է բերում համատեղ զորավարժությունները, որ այս տարի արդեն երկու անգամ անցկացվեցին, Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս ամենը գործիք է Հայաստանից զիջումներ կորզելու համար, ընդգծում է Սաֆրաստյանը. «Նախապատրաստելով պատերազմը, ղեկավարելով, վարձկաններ բերելով` Թուրքիան ցույց տվեց, որ ինքը տրամադրված է արդեն թշնամաբար Հայաստանի նկատմամբ»:

Թուրքագետը նաև շեշտում է՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել: Այսօր թուրքական խորհրդարանում անգամ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնոտ հայտարարություններ են հնչում, ասում է նա. «Փաստորեն սկսվում է քննարկվել արդեն թուրք-ադրբեջանական կոնֆենդերացիայի խնդիրը թուրքական խորհրդարանում: Թուրքիայի խորհրդարանում հնչում են կոչեր, որ լուծեք նաև, ինչպես լուծեցինք, ասում են, Արցախի հարցը, Սյունիքի հարցը, այսինքն` այս ամեն ինչն իրականություն է Թուրքիայի կողմից: Այս պայմաններում ես կարծում եմ` սխալ է, որ մենք գնանք այդպիսի քաղաքականությամբ, որը ոչ միայն մեզ օգուտ չի բերի, այլ կարող է վնաս բերել»:

Շատ է խոսվում տնտեսական օգուտների մասին, սակայն թուրքագետն այստեղ էլ լավատեսական հույսեր չի փայփայում. Հայաստանը փոքր շուկա է, չունի ելք դեպի ծով։ Սաֆրաստյանի պնդմամբ՝ ներկայումս Թուրքիայի միակ ցանկությունը Հայաստանին մեկուսացնելն է. «Այս պայմաններում հույս ունենալ, որ Թուրքիայի հետ մենք կարող ենք նորմալացնել հարաբերությունները, առևտուր վարենք, չի լինի դա, որպես հավասար պետություններ դա հնարավոր չէ, իսկ եթե մենք գնանք այդ ճանապարհով, կնշանակի, որ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի զգալի հատվածից»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here