Ի՞նչ է փոխվել, որ ուզում են «որոշակի շտկումներ մտցնել» Թուրքիայի հետ հարաբերություններում. Գանտահարյան

0
623

Իմքայլականները և իրենց համակիրները սկսել են Թուրքիայի հանդեպ «մոտեցումների փոփոխման» քարոզչություն տանել այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գործընկեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են Հայաստանի և Արցախի հանդեպ սպառնալիքի լեզու օգտագործել։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

– Պարոն Գանտահարյան, Թուրքիային և Ադրբեջանին մեզ թշնամի համարո՞ւմ եք, հնարավոր համարո՞ւմ եք հիմա հարաբերությունների կարգավորումը։

– Խնդիրը գլոբալ է, տարածաշրջանային տարողություն ունի։ Պարզ է, որ Մոսկվան ու Անկարան ինչպես աշխարհագրական այլ շրջաններում, նաև Հարավային Կովկասում համակարգում են գործողությունները՝ ռազմական և քաղաքական առումներով։ Կարծում եմ՝ ամբողջ մեխը Նոյեմբերի 9-ի ցավալի հայտարարության 9-րդ կետն է, ապաշրջափակման խնդիրն է։ Իհարկե վտանգ տեսնում եմ։ Որովհետև, ի վերջո, Ադրբեջանն ու Թուրքիան հայաստանյան միջանցքով [Սյունիքի մարզի Մեղրի համայնքի միջոցով] կապվում են իրար։ Ընդհանրապես ապաշրջափակումը նորմալ, բնական պրոցես է, և փակ սահմանները որևէ երկրի համար լավ չեն, բայց նման պայմաններում, պարտությունից անմիջապես հետո, երբ նախաձեռնվում են բարդ գործընթացներ, հուշում է ոչ փոխշահավետ արդյունքների, գործընթացների մասին։ Մանավանդ եթե երկու երկրների հռետորաբանությունը և արած քայլերը նկատի ունենանք, պաշտոնական Բաքուն բաց տեքստով, այն էլ նախագահի մակարդակով, իր տարածքային պահանջներն է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ Թուրքիան մի քիչ փակ տեքստով, անուղղակի պարզ դարձրեց, որ ինքը չի հրաժարվել իր նախապայմանային քաղաքականությունից։

– Իշխանությունները տարբեր դեմքերով՝ Արմեն Գրիգորյանի, Լենա Նազարյանի, պնդում են, որ մոտեցում պետք է փոխվի, խոսում են հարաբերությունների կարգավորման մասին։

– Դժվար եմ պատկերացնում կարգավորումների մի հնարավորություն, որը չի հարվածի հայկական կողմի շահերը։ Չմոռանանք նաև, որ հենց այս իշխանություններն էին որդեգրել Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ, որտեղ նաև խոսում էին Թուրքիայի ագրեսոր քաղաքականության, ամբողջ տարածարաշրջանին վտանգ լինելու, հանգամանքերի, թշնամանք հրահրելու մասին։ Ըստ էության, ոչինչ չի փոխվել այդ բոլորից։ Չմոռանանք, որ պատերազմի՝ ադրբեջանական նախաձեռնողականությունը չէր լինի առանց թուրքական ոչ միայն աջակցության, այլ նաև՝ ակտիվ մասնակցության՝ Թուրքիայի միջոցով մերձավորարևելյան ահաբեկչական տարրերի բերումով։ Գիտե՞ք, խնդիրները բացահայտ են։ Սրանք ոչ միայն հայկական կողմն է բարձրաձայնում, իրենց քաղաքական շահերից ելնելով՝ նաև եվրոպական երկրները, Միացյալ, Նահանգները․ Թուրքիայի ներգրավվածության, տարածաշրջանային վտանգ լինելու մասին։  Միջազգային ամրագրում է ստացել և՛ Թուրքիայի ագրեսորությունը, Ադրբեջանին պատերազմի դրդելը, Ադրբեջանին աջակցելը՝ և՛ զինտեխնիկայով, և՛ սպայակազմով, և՛ անօդաչու թռչող սարքերով, բոլորով։ Այսինքն՝ պատերազմը հրահրելուց հետո անվտանգային ի՞նչ հայեցակարգեր են փոխվել կամ ինչո՞ւ պետք է փոխվեն։ Ես հասկանում եմ, որ սա նաև ռուս-թուրք-իրանական առանցքում կայացած համաձայնություններն են։ Սրանք ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ են, այլ՝ ամբողջ տարածաշրջանում այդ առանցքի ռազմավարական համաձայնություններն առարկայացնելու, գործնականացնելու։

Ազգային անվտանգայության ռազմավարության փաստաթղթում, որ ընդունել էին, եթե չեմ սխալվում մայիսին, Թուրքիայի գծով ասվում էր, որ «Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, [ՀՀ ԱԱ ռազմավարություն»։ Այսինքն՝ նախապայմանային քաղաքականության փաստը հաստատել է մեր ԱԱ ռազմավարության փաստաթուղթը։ Սա պետական մակարդակով փաստաթուղթ է։ «Թուրքիան ոչ միայն ժխտում է, այլ նաև արդարդացնում է Հայոց ցեղասպանությունը»։ Այս բոլորը գրվել է այս փաստաթղթում։ Փաստաթուղթը նաև ասում էր, որ «Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները»։ Ինչը տեղի է ունեցել։ «Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը»։ Այսինքն՝ ոչ միայն պատրաստակամությունը, այլ նաև առարկայացումը, գործնապես մասնակցությունը։ Ավելին, այնտեղ ասվում էր նաև «հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը»։ Այսինքն, Թուրքիան սպառնալիք է ամբողջ տարածաշրջանին։ «Եվ առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ»: Ինչը տեղի է ունեցել․ բոլորը 44-օրյա պատերազմին են հանգել։ Ուզում եմ ասել, որ սա ոչ միայն այժմեական ու հրատապ է, այլ նաև իրականցվել է․ այն բոլոր վտանգները, որոնք նշվել են ԱԱ ռազմավարության փաստաթղթում։ Ի՞նչ է փոխվել, որ ուզում են «որոշակի շտկումներ մտցնել»։

Ի՞նչ է փոխվել։ Իհարկե կա, ինչպես ասեցի, նաև գեոպոլիտիկ իրականությունը։ Հատկապես Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունները։ Վեցնյակի ձևաչափը, որն ունի Մոսկվայի համաձայնությունը, որի մասին բարձրաձայնում է Անկարան մեծ խանդավառությամբ։ Ըստ էության, համընկնում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։ Ի վերջո, Վեցնյակն անվտանգության հարթակ է՝ իբրև առաջադրանք, իբրև ծրագիր, իբրև նախագիծ։ Բայց այնտեղ նաև կա կարևոր կետ, որը վերաբերում է Վրաստանին։ Առ այս պահը Երևանը չի արձագանքել Վեցնյակին ներգրավվելու առումով Թուրքիայի հրավերին։ Կարծում եմ՝ այնտեղ նաև Անկարայի հայտարարության շատ դիվանագիտական ձևակերպումը կար, «եթե հայական կողմը դրական քայլեր անի»։ Այսինքն, կար պայման՝ «եթե»։ Դրանք ուրիշ բան չեն, կարծում եմ, եթե ոչ Թուրքիայի նախնական նախապայմանները Հայաստանին։

– Այսինքն՝ ցեղասպանության ճանաչումից հրաժարո՞ւմ, թե՞ այլ հարցեր էլ կան։

– Առաջին կետը հայկական ուժերի հեռացումն է Արցախից։ Հիմա սա որոշ առումով, կարելի է շրջանցել, որովհետև Ադրբեջանը հայտարարել է, նաև Թուրքիան ձայնակցել է, որ «Արցախի հարցն այլևս անցյալում է»։ Այսինքն՝ «իրենք լուծել են արդեն Արցախի հարցը»։ Երկրորդը ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումն է։ Եվ երրորդը ճանչնալն է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սահմանները և այլն։ Ինչը նշանակում է, որ իրավական առումով ամրագրել, որ որևէ տարածքային պահանջ հայկական կողմը չի ունենալու։ Հստակ են նախապայմանները, ոչինչ չի փոխվել։

– Պարո՛ն Գանտահարյան, բայց այդ տարածքային պահանջներն ուղիղ կապ ունեն ցեղասպանության ճանաչման հետ, չէ՞։

– Իհարկե կապ ունեն։ Ցեղասպանության ճանաչումը, կարծում եմ, ինքնանպատակ չէ, որովհետև դրանից հետո գալու է հատուցումը։ Իհարկե, հատուցումն ունի ենթաուղղություններ (ես իհարկե խոսում երեք գլխավոր ուղղությունների մասին)՝ անհատական ինչքերի, կալվածքների, երկրորդը՝ համայնքային, վանքապատկան, եկեղեցապատկան կալվածքների, և երրորդը տարածքային պահանջներն են։ Եվ որը, ինչպես Դուք նշեցիք, սերտորեն կապված է ցեղասպանության միջազգային ճանաչումի հետ։ Գիտե՞ք, դա նաև քաղաքական պահի ստեղծած հանգամանքների հետ է կապված։ Օրինակ, չմոռանանք, որ Միացյալ Նահանգների և՛ Սենատը, և Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Մնացել է վարչակառավարման համակարգը, նախագահի հայտարարությունը։ Բայց արդեն այս օրերին Սպիտակ տան անանուն բանբերի կողմից նախաբանային հայտարարություն է եղել, որ Բայդենը չի հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից հայկական հարցերի նկատմամբ։ Այսինքն՝ մոտավորապես այն, որ շարունակելու է մնալ իր համոզմունքների վրա։ Եթե քաղաքական դիտարկում անենք, սա պատասխան էր Թուրքիային։ Բայդեն-Պուտին աննախադեպ վեճ էր եղել, Բայդենը Պուտին իբրև մարդասպան էր մեղադրել, որին կոշտ հակադարձել էր Էրդողանը՝ պաշտպանելով Պուտինին։ Դրա պատասխանը ցեղասպանության ճանաչման, քաղաքականորեն եթե ասենք, սպառնալիքնն էր Սպիտակ տնից հնչած։

Ուզում եմ ասել, որ այս քաղաքական վայրիվերումների հասունացման խնդիրն է։ Ինչպես եղավ և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում, երբ որ օդանավերի գնման խնդիրը կար։ Եվ երկրորդ՝ զուգահեռ նաև միջինարևելյան տարածաշրջանում կարմիր գծեր էին հաստատվել Միացյալ Նահանգների կողմից՝ քրդական խմբավորումներին հարված հասցնելու առումով, որոշակի զսպման կոչեր էին եղել։ Այդ կարմիր գծերը հատեց Անկարան՝ հարվածելով քրդերին։ Այս բոլորն արագացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Կարելի է համարել, որ ԱՄՆ-ը համալրեց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը։ Ի վերջո, ճանաչումը խորհրդարանական մակարդակների վրա է, և ԱՄՆ Կոնգրեսը բավական լայն մեծամասնությամբ քվեարկեց ճանաչման օգտին։ Իհարկե այստեղ հրեական լոբբիստական խմբավորումների լուռ համաձայնությունը նաև կար։ Դա էլ, կարծում եմ, կապված էր Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրման հետ։ Այսինքն, երբ քաղաքական դաշտի նպաստավոր պայմանների ձևավորոմը կայանում է, և քաղաքական թայմինգը ճիշտ է օգտագործվում, նման բանաձևերի և հայտարարությունների ենք ականատես լինում։ Եվ շատ-շատ կարևոր է հայկական լոբբիստական խմբավորումների, Հայ դատի հանձնախմբերի տասնամյակներ տարած աշխատանքը՝ հատկապես թղթածրարները պատրաստելու և ճիշտ պահին այդ բոլորը ներկայանցելու և արձագանքելու առումով։ Նույն տրամաբանությունն աշխատում է նաև Արցախի Հանրապետության ճանաչման դեպքում։ Տեսանք, տարբեր աշխարհագրական միջավայրերում, Եվրոպայում ինչպես Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատը քվեարկեցին Արցախի ճանաչումն առաջադրող բանաձևերի օգտին։

Սերգեյ Առաքելյան

Աղբյուրը՝ hraparak.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here