ԱՆԿՈՒՄ

0
243

Ռուբէն Յովակիմեան

«Կեանքում, գէթ մէկ անգամ, բախտը

թակում է իւրաքանչիւրի դուռը, միայն

 թէ, շատ դէպքերում, այդ պահին

մարդը լինում է բացակայ եւ

չի լսում դռան բախիւնը»։

Մարկ Տուեն

Թոյլատրելի է՞ մտածել, թէ մենք անկումային շրջան  ապրող  ժողովուրդը ենք։ Երազանքի անկախութեանը հասնելուց ի վեր՝ երեք տասնամեակ է, որ երկրի ղեկին տիրում են ծայրայեղ ապիկար եւ անպատասխանատու ընտրեալներ (élite)։ Գիտակցում եմ այս գնահատականի կարեւորութիւնն ու կշիռը, քանզի սարսափելի է տեսնել սիրելի երկրի անկումը  մէկ սերնդագործման ընթացքին։         Այդ անբանները, որ  կարծում են ամենազօր լինել, կարողացան 80-ականների  գրեթէ ծաղկուն երկիրը, որ զուրկ չէր նաեւ թերութիւններից, վերածել «բանանային» անկառավարելի զանգուածի։ Այսօր գործող սերունդը գիտի՞ արդեօք, որ այդ շրջանին մեր երկիրը խորհրդային 15 երկրների շարքին շատ շատերից առաջնակարգ էր իր տնտեսութեան եւ գիտական մակարդակով, առանց նաւթի եւ գազի պաշարներ ունենալու, զիջելով միայն մի քանի խոշոր հարեւանների։ Չինաստանը դեռ միջին դարերի մակարդակի էր, մինչդեռ մենք ունէինք Նաիրիտը եւ Կանազը, Էլեկտրօ-մեխանիկականը (447) մի քանի տասնեակ հազար աշխատակազմով։ Գործում էր Մերգելեանի անուան մաթեմատիկայի հաստատութիւնը, Միջուկային ուժանիւթի  հետազօտման կենտրոնը,    միջազգային մակարդակի Աստղադիտարանը  եւ բազում ուրիշներ, իսկ գործազրկութիւնը եւ մուրացկանութիւնը բացակայ էին։ Սա կարօտ- ախտ չէ, այլ իրականութիւն։

Այս բոլորը անկախութեան սկզբնական տարիներին սկսեցին անհետանալ, իսկ ազգային ժառանգութիւնը բռնեց սեփականաշնորհումների ճամփան։ Բազում էին այս հազուագիւտ աւերումի մասնակիցները՝ նախկին պաշտօնեայ թէ գործարար,  եւ երկիրը դարձաւ այն,  ինչ ունենք այսօր։ Նիւթական կորուստի կողքին մնաց՝ կաղ բարոյական եւ հիւանդ հասարակարգ:

Դպրոցը եւ կրթութեան համակարգը, որ կարելի էր մեր հպարտութեան արժէքները համարել, այլեւս գիտութեան տաճար չեն,  այն աստիճան են սուզուել կեղծ կացութեան մէջ, որ այսօր երկրում մայրենի լեզուն անթերի գործածողները հազուագիւտ են։ Բազմացել են մասնաւոր բնոյթի կիսատ-պռատ համալսարանները, որոնց դերը այլեւս ուսումնառութիւնը չէ, այլ շահը,  եւ նախկինում տիրող ռուսախօսութեանը փոխարինելու է եկել  ամերիկեանը։

Վերոնշեալ արդիւնաբերութիւնից մնացել է միայն ուրուականը՝ տեղը զիջելով սրճարաններին ու շքեղ հիւրանոցների կառուցմանը, որ իրականում գողօնը քօղարկելու լաւագոյն միջոց է,  հոգ չէ, թէ բիւրաւոր են գործազուրկները։

Գիւղատնտեսութիւնը դեռ շնչում է, բայց փայլուն չէ, երբ շուկան ողողուած է ներմուծած թուրքական մթերքով։ Բացի այդ՝ մեր ապաշնորհ ղեկավարները գիւղացուն խեղդում են տարբեր տեսակի հարկերով ու վարկերով այնքան, որ նա կորցնում է իր զգօնութեան ունակութիւնը։

Առողջապահութեան համակարգը անմխիթար է։ Հիւանդանոցները դարձել են մասնաւոր անձանց բիզնես եւ թանկ հաճոյք, իսկ սակաւապետ-օլիգարխները  բուժւում են արտերկրերում։

Երկաթուղային ցանցը այլեւս մեզ չի պատկանում։ Այն եռագոյն երիզով սկուտեղի վրայ նուիրեցին Ռուսաստանին Քոչարեանի առատաձեռնութեամբ՝ գոյք պարտքի դիմաց խաբեբայութեան ճամփով։

Երկրի անվտանգութեան եւ պաշտպանութեան բանակի մասին խօսում է վերջին պարտութիւնը։ Տիրում է անհասկանալի անկարգապահութիւն, ուր անհիմն ներքին սպանութիւնները հազուադէպ չեն, եւ սպառազինութեան լիովին  վերանորոգումի կարիք կայ։ Այստեղ եւս չարաշահումները դարձել են սովորական եւ օրինական բնոյթի։ Ամէն ինչ բանակին  յղումը ճիշտ է։

Ոստիկանութիւնը յուսալքուած է ցուցարարների եւ իշխանութեան միջեւ, որին յաճախ պարսաւում են իր պարտականութիւնը կատարելու մէջ: Չկայ մի երկիր, ուր ոստիկանը սիրուած եւ յարգուած է։

Արդարադատութեան եւ ՍԴ-ի մասին աւելորդ է խօսել, քանի ոչ միայն նրանք գոյութիւն չունեն, այլ նաեւ գործում են արդարութեան դէմ, անյայտ հրամանի համաձայն։ Անհրաժեշտ է նրանց արմատախիլ անել եւ հիմնել նորը  արդի պահանջի սկզբունքով՝ Սինգապուրի օրինակով։

Խորհրդարանում պատգամաւորների թիւը եւս հեռու չէ անիմաստ լինելուց, երբ այն ըստ բնակչի 5/10 անգամ աւելի է, քան 60/100 միլիոն բնակչութեամբ երկիր, բացի այդ գռեհիկ գաւառականութիւն է տիրում անգրագէտ միջավայրում։ Թեկնածուների ընտրութեան սկզբունքը պէտք  վերանայել  պարտդրելով ստուգում անհրաժեշտ գիտելիքների վերաբերեալ։

Մտաւորականութեան կրաւորական կեցուածքը, մեծ թէ փոքր, բայց կարեւոր կենսական խնդիրների դէպքում համազօր է բացակայութեան։ նրանց մի մասը այն տպաւորութիւնն է ստեղծում, թէ երկրի հոգսը իրենց չի վերաբերում, եւ իրենք մնացել են խաղից դուրս։ Արթնացնել է պէտք՝  նրանց ներկայութիւնը կարեւոր է։

Կարելի է այս ցանկը շարունակել, միայն թէ  դա արդէն մեր պետական այրերի եւ իրաւաբան մասնագէտ-ների պարտականութիւնն է, որ յուսանք լրջօրէն յանձնա-ռու կը լինեն այն իրականացնել՝ մաքրելով ներկայ աղբա-նոցը, այլ կերպ բացառուած չէ, որ նախկինները վերա-դարձի լաւ մշակած իրենց խարդախ ծրագրերը իրակա-նացնեն, ինչպէս, ցաւօք,  եղաւ քոչի դատավարութիւնը, իսկ այդ պարագային՝ ապահով է դէպի ԱՆԿՈՒՄ գնալը ։

10-4-21

(Սեն Ռաֆայել)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here