«Թուրքերի Նախապայմաններն Ընդունելով Հայաստանի Վերջի Սկիզբը Յայտարարած Կը Լինենք»

0
560

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՆՈՐԹՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՀ իշխանութեան տարբեր օղակներից վերջերս անընդմէջ հնչում են յայտարարութիւններ, որոնք տեղիք են տալիս ենթադրելու, որ Հայաստանի ներկայի կառավարութիւնը նախաձեռնել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց եւ ըստ ամենայնի՝ Թուրքիայի պայմաններով: Հայաստանի վարչապետն իր ելոյթում նշում է, որ չգիտի, թէ որտեղից է սկսուել հայ-թուրքական թշնամանքը, Անվտանգութեան խորհրդի քարտուղարն առաջարկում է որոշակի շտկումներ կատարել Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականութեան մէջ եւ խուսափում է ճանաչել Թուրքիային որպէս թշնամի երկիր, Ազգային ժողովի նախագահի տեղակալն էլ նշում է, որ հիմա լաւ հնարաւորութիւն կայ, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ Ի՞նչ վտանգներով է յղի իշխանութիւնների նման նախաձեռնողականութիւնը:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Մենք Հայաստանում չենք բնակւում, որպէսզի Հայաստանի զարկերակն անմիջականօրէն զգանք, սակայն քաղաքական յայտարարութիւնները մեզ հասնում են: Մեր մեկնաբանութիւններում պէտք է հաշուի առնենք, թէ իշխանութիւնների քայլերը պետութեան համար ինչ իմաստով են ասւում ու իրականացւում: Տարիներ առաջ Սփիւռքի մեծամասնութեանն անակնկալի բերած հայ-թուրքական արձանագրութիւններն, ի բարեբախտութիւն մեզ, չստորագրուեցին Թուրքիայի կողմից, ինչը, կարծում եմ, սխալ էր նրանց կողմից, քանի որ ի նպաստ իրենց էր: Յուսանք, որ այս պահին արձանագրութիւնների նման մի նախաձեռնութեան առաջ չենք գտնւում, կամ արձանագրութիւնների վերականգնման փորձ չի արւում, ինչը յանկարծակի մեզ կը հրամցուի: Պէտք է զգօն լինենք: Այո՛, մենք Թուրքիայի հետ հարեւաններ ենք, եւ բնական է բարիդրացիական յարաբերութիւններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ մեր սկզբունքները պէտք է ոտնակոխ լինեն՝ Ցեղասպանութեան հարցը պէտք է չեղարկուի, հողային եւ այլ պահանջներ չլինեն, եւ սահմաններն ընդունուեն այնպէս ինչպէս կան, այսինքն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վերջաւորութեան շրջանում մեզ պարտադրուած սահմանները, որոնք մինչ օրս էլ օրինական չեն: Չեմ կարծում, որ Հայաստանի որեւէ ղեկավար համարձակութիւն կ՛ունենայ մոռացութեան տալու Հայոց Ցեղասպանութիւնը կամ հողային պահանջներից հրաժարուելու որոշում ընդունի, քանի որ այդ հարցը պատկանում է ոչ միայն Հայաստանի կառավարութեանը այլ՝ համայն հայութեանը, Սփիւռքին, յատկապէս արեւմտահայերի սերունդներին, որոնցից մէկն էլ ես եմ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի ներկայի իշխանութիւնները Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու նպատակով եթէ այդուհանդերձ համաձայնուեն մեր թշնամիների պայմաններին, ի՞նչ է սպառնում Հայաստանին:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Թուրքերի նախապայմաններն ընդունելով՝ Հայաստանի վերջի սկիզբը յայտարարած կը լինենք: Դա ընդունելի չէ: Թուրքիան զօրեղ՝ շուրջ 85 միլիոն բնակչութիւն ունեցող պետութիւն է հզօր բանակով, որի կարողութիւնները վերջին պատերազմում մեր վրայ էլ ցոյց տուեցին, նաեւ ՆԱՏՕի անդամ է, բայց դա չի նշանակում, որ ինչ պայման դնի պիտի ընդունենք: Թէեւ այժմ մենք տկար դիրքերի վրայ ենք, եւ տկարներին սովորաբար պարտադրւում են պայմանները, բայց սկզբունքներ կան, որ հայութեան համար անընդունելի են ոտնակոխ անել: Յարաբերութիւններ կարող են լինել, բայց ոչ ի հեճուկս Հայաստանի եւ հայութեան:

Եթէ պէտք է ասուի, որ Ցեղասպանութեան հարցը պէտք է մի կողմ դրուի եւ հայերը պէտք է դրա մասին մոռանան, դա անընդունելի է: Եթէ Թուրքիան ասի, որ պատմաբանները թող որոշեն Ցեղասպանութիւն եղել է, թէ ոչ, ինչպէս արձանագրութիւնների ժամանակ էր, դա անընդունելի է մեզ համար նաեւ այսօր: Այսչափ պետութիւններ, եւ յուսանք, ԱՄՆ էլ իր նախագահով ընդունում են փաստը, ու եթէ Թուրքիան ասի, որ պէտք է հրաժարուենք հողային պահանջից՝ դա էլ անկարելի է: Թուրքիան եթէ իսկապէս հզօր պետութիւն է, պէտք քաջութիւն ունենայ սխալներն ընդունելու, բայց փոխարէնը, ականատես ենք, թէ ինչպէս է այդ երկիրը մինչեւ հիմա միջնադարեան յորդաների քաղաքականութիւն վարում՝ ջարդելով, զաւթելով, բռնագրաւելով, մարդու իրաւունքները ոտնակոխելով, եւ թշնամական վերաբերմունք ունենալով գրեթէ բոլոր հարեւանների հետ անխտիր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի իշխանութիւնների հովանաւորութեամբ փորձ է արւում հայ հանրութեան շրջանում տարածել, որ թուրքը մեզ թշնամի չէ, այն դէպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը յայտարարում են, որ իրենք մէկ ազգ երկու պետութիւն են, ինչը եւս մէկ վկայութիւնն էր արցախեան վերջին պատերազմում Թուրքիայի բացայայտ աջակցութիւնն ադրբեջանցիներին,եւ մեր դէմ շարունակուող նրանց թշնամական գործողութիւնները տարբեր ուղղութիւններով: Արդեօք ՀՀ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը հարուած չէ՞ մեր ազգային անվտանգութեանը:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Սա քաղաքական տհասութիւն է բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր նման յայտարարութիւններ են անում, կամ խրախուսում են այդ միտումը, եւ ինչը նաեւ նշանակում է, որ պատմութիւնից ոչինչ չենք սովորել: Թուրքիա պետութիւնն մեր հանդէպ՝ լինի Հայաստանի, թէ Սփիւռքի, թշնամական քաղաքականութիւն է վարում եւ դա ապացուցող փաստերից մէկը նրանց դասագրքերում մեր հանդէպ ատելութեան սերմանումն է: Տասնամեակներով հայ եւ հայութիւն բառերը չկային նրանց դպրոցական գրքերում, իսկ հիմա, երբ վերատեսութեան են ենթարկել՝ հայը ներկայացւում է որպէս հրէշ, գերագոյն թշնամի, եւ վերաբերմունքը մեր նկատմամբ բարելաւելու փոխարէն վատթարացել է: Ուրեմն, պետութիւնը, իշխանութիւնը, նրանց քաղաքականութիւնը թշնամի են, ու թէեւ կարելի է որոշ չափով տարանջատել ժողովրդին իշխանութիւնից, բայց եթէ նկատի ունենանք, որ Թուրքիայի բնակչութեան շուրջ հարիւրից նուազ քան տասը տոկոսն է ընդունում Հայոց Ցեղասպանութիւնը, ուրեմն ժողովուրդն էլ որոշ չափով համամիտ է այդ քաղաքականութեանը: Երբ նրանք հային համարում են թշնամի, իսկ մենք նրանց ոչ, դա տկարութեան վատթարագոյն դրսեւորումն է: Պէտք է ատամ ցոյց տալ, պայքարել, Հայաստանը կարող է ճկուն քաղաքականութիւն վարել առանցքային դեր ունենալով տարածաշրջանում, բայց ճկունութեան ոչ մի նշոյլ այժմ չի ցուցադրւում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարի, առաւել քան երբեւէ, հաւանական է, որ Միացեալ Նահանգների նախագահը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Որքանո՞վ էք իրատեսական համարում:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- ԱՄՆ օրէնսդիր մարմինն անցեալ տարի ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, եւ հիմա գործադիրի՝ նախագահի հերթն է: Խանդավառութիւն կայ այս հարցում, սակայն ես ցանկանում եմ զսպուած լաւատեսութիւն ունենալ, քանի որ միշտ խաբուել ենք՝ ասել են կը ճանաչեն եւ չեն ճանաչել խոստումը: ԱՄՆ նախագահի խօսքը մեծ կշիռ ունի, բայց նրա կողմից ճանաչումն ինչպէս կ՛ազդի Թուրքիայի վրայ՝ վստահ չեմ: Թուրքիան է, որ վերջիվերջոյ պիտի ընդունի Ցեղասպանութիւնը եւ նստի մեր հետ սեղանի շուրջ, քանզի մեր հիմնական պահանջը Թուրքիայից է: Բայց եթէ ամբողջ աշխարհը ճանաչի, Թուրքիան որքա՞ն կարող է ժխտել: Ասենք, եւս հարիւր տարի մերժի ու ստի, բայց աշխարհը լռելեայն կամ բացայայտ կը ճնշի Թուրքիային, ճանաչելու բոորի կողմից ընդունուած փաստը: Տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ապտակներ են Թուրքիային, եւ ժամանակի ընթացքում նրա պարանոցի շուրջ օղակը կը սեղմուի: Ներկայում հայկական կողմը շարունակում է մեծ ջանքեր ներդնել, որ նախագահ Բայդենը ճանաչի, բայց նաեւ Թուրքիան է աշխուժօրէն աշխատում դա կանխելու ուղղութեամբ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Արդեօք Հայաստանի կառավարութեան կողմից Թուրքիայի նկատմամբ իրականացուող խաղաղասիրական քաղաքականութիւնը չի՞ խոչընդոտի ԱՄՆ նախագահի ճանաչմանը:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հաւանականութեան մեծացմանը զուգընթաց այսպիսի երեւոյթներ, խաղեր ամէն անգամ ի յայտ են գալիս: Թուրքերը, յանկարծ ինչ-որ նախաձեռնութեամբ են հանդէս գալիս, եւ յայտարարում են, որ երկխօսութեան մէջ են հայերի հետ՝ կոչ անելով չխանգարել իրենց: Հայ-թուրքական արձանագրութիւններն էլ նոյն նպատակով էին: Ես նման խաղերի չեմ հաւատում, եւ պէտք է, որ Հայաստանն էլ միամիտ չլինի այդ իմաստով: Հայաստանի հետ սահմանի բացումը, ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան բառի օգտագործման հետ կապ չունի: Թուրքերը շատ խորամանկ են, եւ մենք դաս չենք առնում պատմութիւնից:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի, հայութեան վիճակը եւ ի՞նչ ելքեր էք առաջարկում:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Հայաստանը շրջափակուած է՝ չունենալով ելք դէպի ծով: Վրաստանն էլ, եղել են պահեր, որ փակել է սահմանը եւ արդիւնքում, ռուսական մեքենաներն օրերով, շաբաթներով հնարաւորութիւն չեն ունեցել մուտք գործել Հայաստան: Իրանը, ասում են, որ ամենավստահելի գործընկերն է, բայց դա էլ միանշանակ չէ, ինչպէս օրինակ վերջին պատերազմում, երբ Իրանից յայտարարութիւններ հնչեցին, որ հայկական ազատագրուած տարածքները Ադրբեջանական են, եւ պատրաստակամութիւն յայտնեցին ադրբեջանցիներին օգնելու միասին վերակառուցելու դրանք: Քաղաքականութիւնը ոսկոր չունի, եւ ամէն բան կարելի է, եւ մեր դէպքում էլ պէտք է այդպէս լինի՝ պայմանով, որ հայկական հիմնական շահերը ոտնակոխ չլինեն: Դա սկզբունքային է, եւ այդ գիծը չենք կարող անցնել: Այլապէս անիմաստ կը դառնայ Հայաստանի գոյութիւնը, հայ ժողովրդի գոյութիւնը:

Հայաստանում իրավիճակը ճգնաժամային է. ժողովուրդը ցանկանում է արտագաղթել, յատկապէս արու զաւակներին հեռացնել: Բանակի արդիականացումից ենք խօսում, բայց իրականում անորոշութիւն կայ, իրարանցում կայ: Հայաստանի ժողովուրդն էլ ինքն իրեն չի օգնում՝ անչափ պառակտուածութիւն կայ, ոչ քաղաքակիրթ արտայայտուելու եւ միմեանց հետ հաղորդակցուելու ապակառուցողական մթնոլորտ կայ, տարբեր կողմեր միմեանց դաւաճան են կոչում եւ յայտնի չէ, թէ ով ով է:

Դժբախտաբար Հայաստանում բարոյական դաստիարակութեան պակաս է նկատւում, եւ դա կարծում եմ, պէտք է համակարգի առաջին հերթին եկեղեցին, բայց ըստ երեւոյթին եկեղեցու գերագոյն մարմիններն էլ քաղաքական շահերով են առաջնորդւում: Այս պայմաններում ո՞վ պէտք է լինի այդ բարոյական կողմնացոյցը, որը ինձ թւում է կորել է: Հայութիւնը պէտք է առաւել քաղաքակրթուի, եթէ տարբերութիւններ կան մտածելակերպի քաղաքական կամ այլ, կարելի է քաղաքակիրթ երկխօսութիւն վարել: Աշխարհի առաջ ծաղրի առարկայի վերածուեցինք մեր իսկ շնորհիւ՝ միմեանց վիրաւորելով, վատաբանելով, բացակայում է քաղաքակիրթ եղանակով խօսելու մշակոյթը: Ղեկավարը, քաղաքական այրերը տարբեր պէտք է լինեն, եւ կարիք չկայ որ առաջնորդուեն զգացումներով, այլ պէտք է իրենց միտքը որոշումներ կայացնի, մինչդեռ, իրենց միտքն այժմ օգտագործում են ժողովրդին զգայական ձեւերով շահագործելու նպատակով: Չեմ տեսնում այն առաջնորդող ուժը՝ անհատ կամ խումբ, ով կարող է այս ճահիճից դուրս գալ եւ առաջնորդել Հայաստանը մինչեւ բարեյուսոյ հրուանդան: Յուսահատ չեմ, կամ յոռետես չեմ, բայց կարիք ունենք այդ ուժի, ովքեր աւելի խոհուն կը լինեն:

Կարծում եմ, որ Սփիւռքը կարող է մեծ ներդրում ունենալ եւ օգուտներ տալ, ու Հայաստանը չպէտք է վախենայ Սփիւռքից: Խելացի անհատներ ենք, բայց ոչ խելացի հաւաքականութիւն, ուստի պէտք է հասնենք խելահաս մակարդակի բոլորով միասին:

Ազգային դաստիարակութիւնը լուրջ վերանայելու կարիք կայ, եւ նկատի չունեմ զգացական մակարդակում: Մենք Սփիւռքում մեծացել ենք առաւել զգացականօրէն, բայց մեր նախնիները, ովքեր կորցրել էին հայրենիքը այլ ձեւեր չգիտէին, եւ այդ ռոմանտիկ կապն էր, որ մեզ կապում էր հայրենիքի հետ: Շատ կարեւոր է, որ այսօր լրջօրէն մօտենանք այս հարցերին. դասագրքերը վերանայուեն ճիշդ բովանդակութեամբ, ուսուցիչները վերապատրաստուեն նոր մեթոդաբանութեամբ՝ աւելի հաւասարակշռուած, առարկայական, նուազ զգացական, որպէսզի մաքուր քաղաքացի եւ մեր պատմութիւնը ճիշդ ըմբռնող հայ կրթենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here