Կարծիք` «Յիշում Ենք Եւ Պահանջում» Գիրքին Վերաբերեալ

0
196

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ
ՀՀ գիտութիւնների Ազգային Ակադեմիայի

Պատմութեան ինստիտուտի տնօրԷն, ակադեմիկոս

Սիրելի՛ ընթերցող,

Հրատարակուել է Հրանուշ Հրանտի Յակոբեանի` «Յիշում ենք եւ պահանջում» վերտառութեամբ գիրքը:

Աշխատանքը  Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները նախապատրաստելիս եւ անցկացնելիս` հեղինակի գիտական, հրապարակախօսական աշխուժ գործունէութեան առհաւատչեան է:

Հայոց ցեղասպանութեան թեման շատ արդիական է նաեւ այսօր, քանզի արցախեան պատերազմին ի ցոյց դրուեցին թուրք-ազրպէյճանական վայրագ զոյգի յանցաւոր նկրտումները, ցեղասպանական գործողութիւնները:

Հազարամեակների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է փառաւոր հաղթանակներ, նուաճումներ եւ ցաւոք` դժուարին ու ողբերգական իրադարձութիւններով լի ժամանակներ, որոնցից ամենադաժանը 1894-1923 թթ. Հայոց ցեղասպանութիւնն է, որն իրականացրեց Օսմանեան կայսրութիւնը` Թուրքիան:  Հեղինակը գրեթէ իր բոլոր ելոյթներում  ներկայացնում է , որ սուլթան Համիտի, ապա երիտթուրքական կառավարութեան հայատեաց քաղաքականութեան նպատակը հազարամեակներ շարունակ հայրենի հողում ապրող հայ ցեղի ոչնչացումն էր:

Հ. Յակոբեանը, աշխատութեան տարբեր հատուածներում եւ յստակ տուեալների յղում կատարելով, եւս մէկ անգամ փաստում է, որ Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին եւ պատերազմի քողի տակ Հայոց ցեղասպանութիւնն ահռելի չափերի հասաւ, եւ աշխարհի հզօրների թողտուութեամբ, նրանց սառն ու անտարբեր հայեացքի ներքոյ եղեռնազարկ եղաւ մի ողջ ժողովուրդ: Տեղահան արուեցին եւ մահուան ճամբէքով անապատ քշուեցին միլիոնաւոր հայեր, հարիւր հազարաւոր անթաղ դիերով ծածկուեցին արաբական անապատները. անմեղ զոհերի հոգիներն ապրողների համար մինչ օրս էլ պատմական ճշմարտութեան ընդունման կոչնակ են հնչեցնում, պահանջում արդարութեան վերականգնում:

Աշխատութեան մէջ քանիցս անդրադարձ է կատարւում մշակութային եղեռնին, պատկերաւոր եւ յուզիչ ներկայացւում, թէ ինչպէս է թուրքական իշխանութիւնն անթաքոյց մոլուցքով ոչնչացրել քաղաքակիրթ ազգի մշակութային արժէքները, դարերով ստեղծուած հարստութիւնը` կալուածքներն ու շինութիւնները, իւրացրել գոյքը, դրամական ու նիւթական այլ միջոցները, ի չիք դարձրել դրամատնային խնայողութիւնները: Աւերուել, քարուքանդ են արուել քրիստոնեայ ազգի հետքերը` մեր դարաւոր եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու յուշարձանները, հրոյ ճարակ են դարձել ձեռագիր մատեաններն ու գրաւոր յիշատակարանները, այսինքն անխնայ ջնջել կամ սեփականացրել են այն ամէնը, ինչը հայկական էր. հայոց պատմութիւնը, հայկական մշակոյթը, հայոց դաւանանքի մարմնաւորումները, սրբատեղիները, ինչը, աւաղ, շարունակւում է նաեւ մեր օրերում` Արցախում: Այս պարունակում տարբեր ելոյթներում  նա ընդգծում է, որ  Թուրքիայում մշակութային ցեղասպանութեան արդիւնքում հայ ժողովուրդը կորցրել է լեզուի կարեւոր բաղկացուցիչ հանդիսացող իր տասնեակ բարբառներից շատերը, աղճատուել է լեզուն եւ պատահական չէ, որ  հայերէնի ճիւղերից մէկը` արեւմտահայերէնը ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից դասուել է վտանգուած լեզուների շարքը: Եւ  տեղին է հեղինակի դիտարկումը /Սրբօրէն պահենք մեր ազգային ինքնութեան եւ լինելիութեան վկայականը, էջ 403-412, որ այսօր օսմանցիների պատճառով ոչ միայն լեզուի պահպանման, այլեւ վերականգնման խնդիր ունենք:

Գրքում հեղինակը ներկայացնում է հայկական  սփիւռքի եւ հայ համայնքների ձեւաւորման, Հայոց ցեղասպանութիւնից հրաշքով փրկուած, օտարազգի միսիոներների, դիւանագէտների, հոգեւորականների ջանքերով Սիրիա, Լիբանան, ապա` Ֆրանսա, Միացեալ Նահանգներ, լատինական Ամերիկա հասած եւ այլ երկրներում ապաստանած մեր տառապեալ ժողովրդի բեկորների  վերընձիւղման հոգեցունց պատմութիւնը: Նկարագրում է, որ  հայի ամուր կամքը, կենսահաստատ ուժն ու համբերութիւնը, տաղանդն ու աշխատասիրութիւնը, ապրելով վրէժ լուծելու անյագ ձգտումը տուեցին իրենց պտուղները: Եւ որբ, սովալլուկ ու անօգնական, միաժամանակ անկոտրում հայը մերժեց մահուան մահիճը եւ փիւնիկի նման յառնեց մոխիրներից: Նա իր ստեղծագործ ու արարող տեսակի, նուիրումի, մարդկային բարձր որակների շնորհիւ` օտար ափերում արմատներ ձգեց ու հաստատուեց, կայացաւ որպէս տուեալ երկրի օրինապաշտ քաղաքացի, մասնակցեց իր երկրորդ հայրենիքի տնտեսական, մշակութային, քաղաքական, ընկերային կեանքին եւ յարութիւն առաւ որպէս հայկական սփիւռք` ընդգրկելով աշխարհի հարիւրից աւելի երկրներ:

Հրանուշ Յակոբեանն առանձնակի սիրով է անդրադառնում ազգային կառոյցների` հայկական սփիւռքի համախմբմանն ու կազմակերպմանն ուղղուած գործունէութեանը եւ բերում նրանց մասին ճշգրտուած վիճակագրութիւն: Այսօր Երկիր մոլորակի չորս ծագերում գործում են հայկական համայնքներ` իրենց հազարից աւելի դպրոցներով, եօթ հարիւրից աւելի մշակութային կենտրոններով, բիւր եկեղեցիներով ու յուշարձաններով, հայկական եւ քրիստոնէութեան խորհրդանիշ հանդիսացող մօտ հազար խաչքարերով, երեք աւանդական կուսակցութիւններով, երեսուն հազարից աւելի բարեգործական, երիտասարդական, կրթական, մարզական, առողջապահական, մշակութային, կանանց եւ այլ կազմակերպութիւններով, հարիւրից աւելի համալսարանական հայկական կենտրոններով, քառասունից աւելի համահայկական կառոյցներով, ընկերային-մշակութային եւ այլ հաստատութիւններով:

Գրքում Հ. Յակոբեանը իւրայատուկ  ոգեւորութեամբ  է անդրադառնում հայ ժողովրդի տաղանդաւոր զաւակների գործունէութեանը` աշխարհի տարբեր երկրներում: Աշխարհասփիւռ հայութիւնը ծնեց` համաշխարհային ճանաչում ունեցող մտաւորականներ, գիտնականներ ու գիւտարարներ, ճարտարապետներ ու ճարտարագէտներ, երգիչներ ու նկարիչներ, գրողներ ու կառավարիչներ, գործարարներ ու հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հսկայական նպաստ բերեցին համաշխարհային քաղաքակրթութեան զարգացմանը: Եւ իրօք, հայերի աւանդը համաշխարհային առաջընթացի, գիտութեան, կրթութեան, մշակոյթի, տնտեսութեան զարգացման գործում հսկայական է:

Ամէնուր հայը վաստակեց անուն ու պատիւ, արժանիօրէն վայելեց օտարների յարգանքն ու սէրը, ձեւաւորեց վստահութիւն եւ ակնածանք հայութեան եւ Հայաստանի նկատմամբ: Սփիւռքի մեր ազգակիցները դարձան հայրենիքի դեսպանները հարիւրաւոր պետութիւններում:

Հեղինակն ընդգծում է աշխարհատարած հայութեան ազգային ինքնութեան պահպանման եւ համաշխարհայնացմանը դիմագրաւելու կամքն ու ձգտումը: Դառնալով աշխարհի քաղաքացիներ` հայերը հաւատարիմ մնացին իրենց ազգային ինքնութեանը, հայկական ընտանեկան աւանդոյթներին, հաւատքին, հայրենիքին: 21-րդ դարում կիրթ եւ գրագէտ, կարող եւ նախաձեռնող հայ ժողովուրդը շարունակում է Հայ դատի պահանջատէրը լինել, պայքարում է արդարութեան հաստատման, իր պապերի կորցրած իրաւունքների վերականգնման համար:

Թէ՛ գիտական յօդուածներում, թէ՛ հրապարակային ելոյթներում ակնյայտ է հեղինակի այն համոզմունքը, որ հէնց ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի զաւակները պէտք է պայքարեն ցեղասպանութիւնների դէմ:  Հայութիւնը պայքարում է ոչ միայն իր ոտնահարուած իրաւունքների վերականգնման, այլ նաեւ որեւէ այլ երկրում ցեղասպանութիւնը բացառելու, մարդկութեան դէմ ուղղուած ամենածանր ոճրագործութեան հնարաւորութիւնը մէկընդմիշտ բացառելու համար:

Ուստի, պատահական չէր, որ 2015 թուականին ստեղծուեց Հայոց  ցեղասպանութեան 100-րդ տարելիցը նախապատրաստող եւ միջոցառումները համակարգող պետական յանձնաժողով` ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, նախապատրաստուեցին եւ իրականացուեցին լայնածաւալ ծրագրեր ու աննախադէպ ձեռնարկներ հայրենիքում` Հայաստանի Հանրապետութիւնում,  Արցախում, եւ ի հարկէ նաեւ սփիւռքում: Աշխատանքում կարեւոր տեղ է յատկացուել ինչպէս պետական յանձնաժողովի գործունէութեանը, այնպէս էլ սփիւռքում գործող տարածաշրջանային յանձնախմբերի լայնածաւալ աշխատանքների լուսաբանմանը:

Հեղինակը նշում է, որ պետական յանձնաժողովի կազմում ընդգրկուել էին ոչ միայն հայաստանեան եւ Արցախի պետական-քաղաքական գործիչներ, բարեգործներ, այլ նաեւ` հայկական սփիւռքի հոգեւոր, մշակութային, հասարակական եւ քաղաքական կառոյցների ղեկավարներ, աշխարհահռչակ հայեր, եւ այն ձեռք էր բերել համահայկական կառոյցի նշանակութիւն: Պետական յանձնաժողովի նիստերին հեղինակի ներկայացրած զեկուցումների մեծ մասը վերաբերում է տարածաշրջանային յանձնաժողովների կատարած հսկայածաւալ աշխատանքներին: Տարածաշրջաններում կազմաւորուել էին վաթսունից աւելի յանձնաժողովներ, իւրաքանչիւր համայնքի ներսում ձեւաւորուել էին յանձնախմբեր` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի  միջոցառումները նախապատրաստելու եւ պատշաճ անցկացնելու համար:

Տիկին Յակոբեանը կատարուած բազմաթիւ եւ բազմաբնոյթ աշխատանքները դաս-դասել է եւ ընդգծել, որ ազգային ոգով միաւորուծ` սփիւռքեան կառոյցները ծաւալել են գործունէութիւն` քաղաքական, քարոզչական, կրթամշակութային, գիտական, գիտահետազօտական, համայնքային, եկեղեցիների եւ մշակութային յուշարձանների, խաչքարերի, համալիրների կառուցման ու վերանորոգման ուղղութիւններով: Գրքում արուած կարեւոր հետեւութիւններից է նաեւ այն, որ հայկական սփիւռքի եւ հայոց պետութեան միասնականութեամբ առաւել մեծ թափ ստացաւ թուրքական ժխտողական, կեղծարար քաղաքականութեան դէմ պայքարը: Թուրքական իշխանութիւնները, ոչնչի դէմ կանգ չառնելով, փոխեցին նոյնիսկ Կալիփոլիի ճակատամարտի օրը եւ փորձեցին այն նշել 2015թ. ապրիլի 24-ին` չկանխատեսելով, որ դրանով իսկ առաւել նպաստեցին  Հայոց ցեղասպանութեան մասին տեղեկատուական-քարոզչական աննախադէպ արշաւին:

Էական է հեղինակի այն եզրայանգումը, որ հայ ժողովրդի պայքարը չի աւարտուել եւ չի աւարտուի, քանի դեռ իրականութիւն չեն դարձել հայոց իրաւունքների վերականգնումը, պատմական արդարութեան ու ճշմարտութեան ճանաչումը:

Պայքարը գնալով հզօրանում եւ նոր թափ է ստանում, քանզի պատմական յիշողութիւնը որեւէ կերպ ջնջել հնարաւոր չէ: Հայութեան սերունդները շարունակելու են յիշել եւ յիշեցնել աշխարհին Ցեղասպանութեան մասին. «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսը իւրաքանչիւրինս է եւ բոլորինս:

Հրանուշ Յակոբեանը երախտագիտութեամբ է յիշում ոչ միայն միսիոնարներին, այդ դժնի ժամանակներում հայ ժողովրդին ձեռք մեկնած երկրներին, ազգերին ու անհատներին, այլեւ յիշատակում է բոլոր այն պետութիւններին եւ յայտնի գործիչներին, որոնք անցնող տարիներին անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանութեան հիմնախնդիրներին:

Առանձնակի շնորհակալութեամբ է ընթերցողին ներկայացնում Հռոմի պապ Ֆրաչիսկոսի կողմից Վատիկանում տրուած պատարագը, հայ ժողովրդին եւ աշխարհին ուղղուած նրա խորիմաստ խօսքերը…

Հեղինակը քանիցս անդրադարձել է Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաստին` որպէս հայ ժողովրդին տրուած բարձր գնահատական, նրա հանճարեղ զաւակին ըստ արժանւոյն գնահատելու աննախադէպ իրողութիւն:

Նշել է, որ բազմաթիւ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը, ընդունել են օրէնքներ, որոշումներ, բանաձեւեր ու յայտարարութիւններ, եւ այդ գործընթացը շարունակական է:

Հեղինակը համոզմունք է յայտնել, որ հայ ժողովուրդն անվերապահօրէն եւ միասնաբար շարունակելու  է  Հայ դատի համար պայքարը, քանի դեռ Թուրքիան` որպէս Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ, չի ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը եւ չի զբաղուել հետեւանքների վերացման հարցերով:

Աշխատութեան մի գլխում զետեղուած է հեղինակի` «Հայկական սփիւռքը յարափոփոխ աշխարհում» գրքի այն հատուածը, որը վերնագրուած է «Հայոց ցեղասպանութիւնից 100 տարի անց» եւ նկարագրում է  Թուրքիայի հայկական համայնքը, անդրադառնում  ազգային ինքնութեան պահպանման հիմնախնդիրներին, հայկական պատմաճարտարապետական յուշարձանների ճակատագրին:

Աշխատանքը գնահատելի է նաեւ այն առումով, որ անդրադառնում է մեր օրերին եւ ներկայացնում հեղինակի արձագանգը արցախեան 2020 թուականի պատերազմին: Այստեղ այն յօդուածներն են ու կոչերը, որոնք հեղինակն ուղղել է հայկական սփիւռքին, աշխարհի խորհրդարանականներին,  Ռուսաստանի Դաշնութեան Պետական տումային, ներկայացրել է օրհասական իրավիճակը, նկարագրել, թէ ինչպէս է Արցախը, հրէ բոցերում, միայնակ պայքարում միջազգային ահաբեկիչների դէմ` յորդորելով օգնել եւ օր առաջ դադարեցնել պատերազմը, կանխել ահաբեկիչ պետութիւնների եւ կազմաւորումների յանցաւոր գործունէութիւնը:

Գրքում տեղ են գտել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պետական յանձնաժողովի եւ տարածաշրջանային յանձնախմբերի կազմերը, ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից սփիւռքի հայկական համայնքների, տարածաշրջանային յանձնախմբերի հետ համատեղ մշակած եւ իրականացրած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների ծրագիրը:

Աշխատութեան մէջ հեղինակը կարեւորում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրի ընդունման փաստը, վերլուծում Հռչակագրում ամրագրուած դրոյթներն ու սկզբունքները, հիմնական ուղերձները` ուղղուած տարբեր պետութիւններին, կառոյցներին եւ ապագայ սերնդին:

Հեղինակն իր ելոյթներում ընդգծում է, որ Օսմանեան կայսրութեան կողմից պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը, միջազգային իրաւունքին համապատասխան, վաղեմութեան ժամկէտ չունի եւ երիտասարդութեանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայութեան ոտնահարուած իրաւունքների վերականգնման, պատմական արդարութեան ու ճշմարտութեան  յաղթանակի եւ ցեղասպանութիւնների կանխման համար:

Գրքի ամփոփիչ մասում` որպէս առանձին յաւելուած, ներկայացուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի բնագիրը:

Հրանուշ Յակոբեանը աշխատանքի եզրափակիչ հատուածում զետեղել է նաեւ բոլոր այն պետութիւնների, կազմակերպութիւնների ու մարմինների ցանկը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը:

Գրքի հեղինակը տարիներ շարունակ եղել է հայոց պահանջատիրութեանն առնչուող գործընթացների կիզակէտում, եւ այս գրքում  նա ի մի է բերել իր գիտական, հրապարակախօսական, քաղաքական, մշակութային բնոյթի յօդուածներն ու զեկուցումները, ելոյթներն ու այլ նիւթեր` նուիրուած Հայոց ցեղասպանութեան հիմնահարցին:

Հրանուշ Յակոբեանը Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ ազգային պայքարի հետագայ շարունակութեան վերաբերեալ ներկայացրել է նաեւ  գիտագործնական, կազմակերպական բնոյթի բազմաթիւ առաջարկներ ու երաշխաւորութիւններ, որոնք կարող են օգտագործուել հայկական սփիւռքում եւ հայրենիքում:

Աշխատութիւնը կարեւոր ներդրում է  Հայոց ցեղասպանութեան պատմութեան, սփիւռքագիտութեան մէջ եւ կարող է օգտակար լինել հասարակական-քաղաքական գործունէութեամբ զբաղուող անձանց, ուսանողների,  հետազօտողների, սփիւռքեան կառոյցների, ցեղասպանագէտների, սփիւռքագէտների, նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here