Էլ ոչ մի արցունք, էլ ոչ մի թախիծ…

0
219

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Վերջ, էլ չեմ լացի,

Վերջին արցունքս քամել եմ արդեն

Այս քարսիրտ դարի անհոգի գրկում…

Վերջ, էլ չեմ թախծի,

Վերջին անգամ եք ինձ տեսնում

Այսքան հուսահատ ու հեգ…

Վերջ, էլ չեմ խղճա,

Խիղճս թաղել եմ իր իսկ օրոցքում

Մորթված անմեղ մանկան շնչի հետ,

վերջին արցունքիս, վերջին լացիս հետ…

Հանգիստ է այսպես…

Վայրի գազանը, որ առանց հոգի

Ապրում էր մինչ այս շատերի սրտում,

Ինձ էլ է տիրել…

Այսուհետ, ա՛զգ իմ,

Պիտի ո՛չ թե լոկ պաշտպանվես սրից,

Այլ դու սրատես,

Ու թող պաշտպանվեն հիմա քեզանից:

Ազգ իմ, չպե՛տք է խուսափես մահից,

Պիտի ընդունես նրան գրկաբաց,

Դարձնես նրան քեզ ապրելակերպ…

Այս դեպքում գուցե նա էլ հասկանա,

Որ շատ է դարձել առօրեական,

Մի տեսակ շատ է մեր տանը լինում,

Այնքան հուրասեր մեր հարկի ներքո,

Եվ գալը նրա՝ ո՛չ  ժամանակին,

Արժեզրկում է մի տեսակ նրան:

Չպիտի թախծես այսուհետ, ա՛զգ իմ,

Այլ քո թշնամյաց թախծի պատճառը

Դո՛ւ պիտի դառնաս…

Եվ ո՛չ մի արցունք, լսու՞մ ես, ա՛զգ իմ,

Եվ ո՛չ մի արցունք՝ այդ ստահակների

Ծարավ սրտերի հագուրդման համար:

Ճիշտ հակառակը՝

Նրանց ամեն մի կաթիլ արցունքի

Եվ լացի դիմաց՝

Քեզ կամենում եմ մի բուռ լիաթոք,

Հագեցած ծիծաղ,

Մի անսիրտ քրքիջ…

Վերջ, էլ սիրտ չկա,

Սիրտս վաճառել ու նրա տեղակ

Երկնքում թևող խեղճ հոգիների

Վրեժն եմ կրում…

Լսու՞մ ես, ազգ իմ՝

Էլ ո՛չ մի արցունք…

Էլ ո՛չ մի թախիծ…

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here