ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

0
178
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Մեր սրտերի մեջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրո,
Նվիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրավետ,
Կյանքի, սիրո ու քաղցրության վայելքով։
Բայցեվ պատած
Ձեր սրբազան հուր վրեժի փուշերով,
Զինավորված ու զինավառ
Ասպետական մեր ուխտով,
Որ տանում ենք
Ու կտանենք
Նվիրական մեր պայքարը
Ետ խլելու ձեզ մահից,
Ետ խլելու իրավունքը ձեր կյանքի,
Մեր կյանքի ու ժառանգության
Իրավունքը անժամանց,
Որով դոփում է մեր սիրտը,
Ընթացք տալիս մեր կյանքին,
Ոգի բաշխում
Հայրենիքին մեր ծաղկող,
Որ տարածվի
Ու ընդգրկի
Ձեր սուրբ արյամբ ոռոգված
Հայ դաշտերը,
Հայ սարերը,
Հայ ձորերը,
Հայաստանը ամբողջական փառապանծ․
Կվերակառուցենք հողով,
Ու քարերով մեր մարմնի,
Մեր սրտերի ալ արյունով շաղախված։
Մեր սրտերի մեջ են բուրում
Ծաղիկները ձեր շնչի,
Ձեր խոսքի ու պատգամի,
Որով ձեր սերը խոստացաք
Ձեր սիրածին,
Մեր մայրերին,
Մեր հայրերին,
Հայրենիքին, հայրենիքին սիրասուն։
Ու բուրեցին ծաղիկները վարդացած,
Որ բուրում են ձեր իղձերով,
Որ բուրում են մեր կյանքում,
Իմաստ տալիս մեր սիրույն,
ժողովրդին, հայրենիքին,
Մեր սիրույն,
Եվ սերունդին,
Որ եղան մեր ծնողները,
Որ մենք եղանք
Ձեզ հարազատ ժառանգորդ,
Ու սերունդին,
Որ ծաղկում են մեր սիրուց,
Ու տոնում են հայրենիքը
Հայրենական զեղումով,
Նվիրումով ամբողջական, սրբագին։
Մեր սրտերի լայն դաշտերը
Ծաղկավառ են
Ձեր երփներանգ գույներով,
Որ մեր կյանքի հենքն են լցնում
Ավանդական իմաստով,
Բովանդակությամբ բանի,
Ծիածանով կամարակապ,
Որ գրկում է հորիզոնը
Հայրենիքի բովանդակ։
Մեր սրտերի մեջ են բուսել
Ծաղիկները ձեր սիրո,
Զոհողության ու կտակի
Ծաղիկները անթառամ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here