ՎԵՐՋԱՊԷՍ

0
185

Ռուբէն Յովակիմեան

«Միայն խանդավառ հոգիներն են,

որ պայքարել ու յաղթել են, բոլոր

վեհ գործերը պատկանում են նրանց»:

Ժան Ժակ  Ռուսօ

«Մտածիր հանդարտօրէն, բայց

 որոշումդ կատարիր  արագութեամբ»:

Իզոկրատոս- յոյն փիլիսոփայ

Վերջապէս: Երկնեց երկիր, երկնեց երկինք, երկնեց եւ   ծովն Ատլանտեան,  եւ եղէգնի դարաւոր ծխացող բոցերից Ջոն Բայդենի բերանով ծնաւ Génocide բառը: Մեզ եւ ձեզ մեծ աւետիս: Ինչ խօսք ազգովին շնորհակալ ենք եւ գոհ եւ մեր գոհունակութիւնը առանց զլանալու պիտի յայտնենք, քանզի երկար էր երկունքը եւ բացառիկ: Չմոռանանք նաեւ, որ այն որեւէ տեսակի նուէր չէ, այլ «Հայ դատ»-ի  տասնամեակներ տեւած հետեւողական եւ ժրաջան աշխատանքի պտուղ, որ կարողանում ենք վայելել: Վարձքերը կատար,  բայց ի՞նչ պիտի լինեն  տուեալ բերկրանքին յաջորդող քայլերը, որ դէմ-դիմաց ենք անյաղթահարելի թուրք ժխտումի պատնէշին: Արդեօք գերբնական ուժերին, չար ու բարի ոգիներին է, որ պիտի ապաւինենք, քանզի մեր ազգային ներուժը սպառւում եւ մաշւում է միմեանց գզելով: Ում համար է գաղտնիք, որ աւելի քան երկու տասնամեակ իշխանութիւնները իւրացրել են  պետութեան եկամուտները՝ հուսկ բազում մեծահարուստների ներկայութիւնը մի երկրում, որ նպաստներ է հայցում աշխարհով մէկ, ժողովրդի արժանապատւութեան զգացումը  տրորել են՝ մի քանի հազար դրամով զիջելու ընտրական իրաւունքը, երկրի նուիրեալները բացակայ են, մինչդեռ լայնօրէն  զարգացել են՝  արգելուած տարածքներում   դղեակների կառուցումը, օֆշորային դրամատներում ներդրումները, բանակի հաշուին միլիոնատէր դարձած գեներալները եւ տարբեր   այլանդակութիւններ, որ մեր կենցաղին, պահանջներին եւ սկզբունքներին յարիր չեն: Բացառուած չէ նոր արտագաղթի մեկնարկը, որի ուրուականը նշմարելի է:

Մեր յարգարժան ընթերցողը իրաւացիօրէն կարող է մտածել, թէ այդ բոլորին ծանօթ ենք եւ  արդեօք դարձեալ անդրադառնալու կարիք կա՞յ: Մեր պատասխանը կը լինի, որ քանի այդ ազգային դարձած արատները վերացնելու ոչ մէկ լուծում գտնուած է, կամ եղածը չի պատժուած եւ շարունակւում է՝ պէտք է անդադար յիշեցնել, ինչպէս եղաւ ցեղասպանութեան պարագան՝ տարբեր փուլերով մէկ դար շարունակ:           Ինչպէ՞ս եւ ի՞նչ պարճառով կարելի է մոռանալ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կամ քառասուն չորս-օրեայ դժոխքը, որոնց կողքին տնտեսութեան կատարեալ օտարումը՝ հուսկ  զրկուած ենք էներգետիկ համակարգից, չունենք երկաթուղի, կրթական համակարգը դարձել է կուսակցական մարզադաշտ՝ առանց ուսումի, իսկ ազգային սեփականութիւն համարուող հանքերի արտադրութեան  բարիքները բաժանում են մի քանի մենաշնորհներ, որոնցից աչքի է ընկնում աւազակապետ ռոբը, որ իրեն յատուկ աճպարարութիւններով եւ իր իսկ ստեղծած կաղ իրաւական համակարգի ջանքերով ոչ միայն կարողացաւ  ջրցեխից սպրդել, այլ նաեւ յաւակնում է վարչապետի աթոռը վերագրաւել երկիրը փրկելու միտումով:

Այս ցաւալի վիճակի ողբալին է, որ ոմանք նրանով դեռ հրապուրւում են եւ նոյնիսկ հաւատում, իսկ դարաւոր քաղաքական փորձառութիւնով կուսակցութեան  բիւրօն իր նորաթուխ  անդամի միջոցով յայտարարում է, որ դաշինք կարող են կազմել ռոբի հետ, քանզի իրենց գերագոյն նպատակն է ներկայ իշխանութեան տապա-լումը եւ վերջին իրադարձութիւնների վերաբերեալ՝ «Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը Սիւնիքի մարզում արժանացաւ համատարած մերժման, որին յաջորդեց հաւասարակշռութիւնը կորցրած անձի յայտնի ապօրինի յանձնարարականը իրաւապահ-ներին»: Գրելու ի՛նչ գերազանց ոճ:(Տես «Ասպարէզ» 26 եւ 28/4): Այլեւս թուրքը չէ՛ մեր թշնամին: Չեմ կարծում թէ կարիք կայ աւելին ասել երկրում տիրող թերաճ քաղաքական մթնոլորտի եւ սնկի պէս ծլող խղճուկ՝  կուսակցութիւն անունով արձանագրուածների մասին, երբ նրանց թիւը հարիւրից անցնում է: Նրանք ի ծնէ՝ արդէն մաշուած են եւ ուղղակի չգիտեն այդ մասին, ինչպէս շատերը չգիտեն եւ ունակ եւս չեն հասկանալու, որ Փաշինեանի՝ իր թերութիւններով հանդերձ,  տապալումը, երկրում կը ստեղծի  անկայուն եւ անկառավարելի վիճակ: Ոմանց մօտ իշխանատենչութիւնը ուղեղային խախտում է առաջացրել եւ կորցրել են բանականութիւնը, իսկ երբեւէ քաղաքակիրթ եղե՞լ են, թէ՞ ո՛չ, այլ հարց է։           Բազում են ԱՄՆ նախագահին իրենց երախտիքը ներկայացնողները, միայն թէ, ոչ մէկ խօսք եղաւ հետագայ անելիքների մասին եւ, թէ որոնք են մեր առջեւ դրուած առարկայական մարտահրաւէրները։ Իրաւ է, որ մեր հայրենակից Կարօ Փայլանը համարձակուեց Թուրքիոյ խորհրդարանին ներկայացնել ցեղասպանութիւնը ճանաչող օրէնքի ծրագիր, բայց արժանացաւ ծաղրանքի ու նախատինքների,  եւ տակաւին  վախ կայ, որ ի վերջոյ նա եւս արժանանայ Հրանդ Դինքի բախտին։

Ի՞նչ կարելի է ասել առաջիկայ ընտրութիւնների մասին։

Շատ բան չկայ ասելիք, միայն թէ ողբալի է, երբ վարչապետի ընդդիմադիր թեկնածուների ցանկում հիմնական տեղ են գրաւում մարդիկ, որոնց միայն անունը նողկանք է առաջացնում, իսկ սպասուելիք մեծ ու փոքր խարդախութիւնների կծիկը սկսել են գործի դնել եւ այդ ասպարէզում առաջընթաց արձանագրուել է, մանաւանդ կաշառքի բնագաւառում փորձառութիւնը կատարեալ է։

Մարգարէութիւն  չանենք գուշակելու, թէ ո՞վ քանի տոկոս քուէի կ՝արժանանայ, միայն թէ յուսանք, որ մեր հայրենաբնակները շատ աւելի զգօն եւ ուշադիր լինեն եւ իրենց ընտրողի իրաւունքը մի քանի հազար դրամով որեւէ մէկի բաժին չդարձնեն, այլ քուէարկեն ըստ իրենց խղճի եւ ոգու թելադրանքի։ Այլ կերպ խորհրդարանը դարձեալ կը վերածուի մարդկային աղբակոյտի՝ ինչպէս էր նախկինների օրերին։

Յուսանք

29-4-21- Սեն Ռաֆայել

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here