Արցախի ԱԳՆի Յայտարարութիւնը՝ «Օղակ» Գործողութեան 30ամեակին Առիթով

0
138

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը «Կոլցօ» (Օղակ) գործողութեան 30ամեակին առիթով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

«30 տարի առաջ` 1991 թ. Ապրիլի 30ին, Ադրբեջանի իշխանութիւնները նախաձեռնեցին «Կոլցօ» (Օղակ) գործողութիւնը, որն իրաւամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարիւնահեղ եւ անմարդկային գործողութիւններից մէկը:

«Գործողութեան ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչութեան դէմ կիրառուեցին հրասայլեր, ռազմական ուղղաթիռներ եւ հրետանի, դատարկուեցին եւ աւերուեցին Հիւսիսային Արցախի, ինչպէս նաեւ Շահումեանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների հարիւրաւոր հայկական գիւղեր, տասնեակ հազարաւոր մարդիկ տեղահանուեցին, հարիւրաւորները սպանուեցին եւ գերեվարուեցին: Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անյայտ է:

«Կոլցօ» գործողութիւնը դարձաւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան հերթական դրսեւորումը եւ 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպէս նաեւ ԼՂԻՄ եւ Հիւսիսային Արցախի բնակավայրերում իրականացուած հայկական ջարդերի ու ցեղային զտումների շղթայի շարունակութիւնը:

«Այն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը տեղափոխեց ռազմական հարթութիւն եւ հետագայում յանգեցրեց Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի լայնածաւալ ագրեսիային (յարձակումին-Խմբ.), որը շարունակւում է առ այսօր:

«Կոլցօ» գործողութեան, 2016 թ. ապրիլեան պատերազմի եւ Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբաւորումներից վարձկանների աջակցութեամբ Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախի դէմ սանձազերծուած 44օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերի կողմից իրականացուած ռազմական յանցագործութիւնները եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտումները վկայում են, որ մարդկայնութեան դէմ ուղղուած յանցագործութիւններն անտարբերութեան մատնելն ու անպատիժ թողնելը յանգեցնում է դրանց կրկնութեան»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here