Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցվել

0
240

https://www.azatutyun.am-Նաիրա Բուլղադարյան

Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցել։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյոք Հայաստանի նախագահը 2018-ի ընտրության ժամանակ ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին փաստաթղթեր, թե ոչ։

Վերջերս ավելի քան 50 փաստաբաններ այս հարցով դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Այժմ Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության այս մերժումը և քրեական գործ հարուցել փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածով։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն մանրամասնեց՝ դատախազը եզրահանգել է, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ գործողություններ. «Հատկապես իմ նշած հոդվածով առկա կասկածները դեռևս փարատված չեն և միայն դրական գործի շրջանակներում իրականացվելիք լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ կարելի է ստանալ անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները և ըստ այդմ վերջնական իրավական գնահատական տալ այդ փաստաթղթերի իսկության կապակցությամբ: Այսինքն ուզում եմ նշել, որ տվյալ պահին որևէ վերջնական իրավական դիրքորոշում դրանց հետ կապված չի կարելի հայտնել, այդ ամենը կպարզվի, բոլոր հանգամանքները կպարզվեն քրեական գործի շրջանակներում»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որ միացել է գործընկերների դիմումին, ասաց՝ իրավապահներին կոնկրետ ապացույց են ներկայացրել այն մասին, որ 2018 թվականին խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Սարգսյանը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

«Մենք նաև հաղորդման մեջ բրիտանական մի կազմակերպության աղբյուրն ենք նշել, որտեղ պաշտոնական հարցումով ստացել ենք տեղեկատվություն Արմեն Սարգսյանի վերաբերյալ, կոչվում է հաշվետվություն: Այդ փաստաթղթի մեջ նշված էր՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականը, 10 տարի եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի և ընտրող», – ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Զոհրաբյանը պնդեց՝ Գլխավոր դատախազությունն իրենց փաստարկները հիմնավոր է համարել. «Գտել է, որ՝ այո, նախաքննության մարմինը չի քննարկել այդ հարցը, որովհետև մենք կոնկրետ ապացույց ենք ներկայացրել, և այդ ապացույցին նա չի անդրադարձել և ասել է, որ ողջամիտ կասկածներ կա, ասում է՝ «հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ դեռ չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության դիմումի իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն Քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասով քրեական գործեր հարուցելու բավարար հիմքեր»:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ իրենց նպատակը նախագահին մեղադրյալի աթոռին տեսնելը չէ, այլ՝ ճշմարտությունը բացահայտելը։

Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիություն ունենալու հարցն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է։ Այս մասին դեռ ընդդիմադիր դաշտից խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Դեռևս 2018-ի մարտի 1-ին, երբ այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գործընկերներին խնդրում էր կողմ քվեարկել, իր բնորոշմամբ, իրենց արժանավոր թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի օգտին, Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ:

«Արդյոք մենք ունե՞նք ձեռքի տակ փաստաթուղթ պաշտոնական, թե պարոն Սարգսյանը երբ է հրաժարվել քաղաքացիությունից Մեծ Բրիտանիայի և դիմումը համապատասխան երբ է գրվել, երբ է Բրիտանիայի օրենսդրության համապատասխան ուժի մեջ մտել և այդպես շարունակ», – հարց է հնչեցրել Փաշինյանը:

Այդ ժամանակ նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել էր միայն Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղեկանքը իր քաղաքացիության և բնակության վայրի մասին, բայց չէր հրապարակել դրա մասին վկայող փաստաթղթերը: Այս աղմկահարույց հայտարարությունից հետո վարչապետ ընտրվելուց առաջ ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, ասելով, թե Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին։

«Պարոն Փաշինյանի հարցին, թե ինչու է տեղեկանքը վերցված ոչ թե պետական կառույցից, այլ մասնավոր ընկերությունից, պարոն Սարգսյանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու խնդրով դիմում է ոչ թե ուղղակիորեն պատկան մարմնին, այլ մասնավոր իրավաբանական գրասենյակի ծառայությանը և այդ տեղեկությունը համարվում է նույնքան հավաստի», – այդ օրերին «Հետք»-ի գրավոր հարցմանը պատասխանել էր վարչապետի մամուլի քարտուղարը:

Օրերս տված հարցազրույցում էլ նախկին նախագահն Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը ունի՞ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ասել էր՝ «Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ ես իրեն ուղիղ եմ հարցրել, և ինքն ասել է, որ վաղուց հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, այլ նաև մեր պատկան մարմիններից ես որևէ ահազանգ այդ մասով չեմ ստացել»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here