Վարչապետի պաշտոնում չընտրվելուց մեկ օր անց Փաշինյանը կրկին վարչապետի թեկնածու է

0
292

https://www.azatutyun.am-Աստղիկ Բեդեւյան

Վարչապետի պաշտոնում չընտրվելուց մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետի թեկնածու է. առաջադրողները բացառապես իշխանական «Իմ քայլի» պատգամավորներն են՝ 75 հոգի։ Երկրորդ ընտրությունը հաջորդ երկուշաբթի կանցկացվի։

Եթե առաջին ընտրությանը թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները, ապա վարչապետ չընտրվելու դեպքում, ինչն էլ երեկ տեղի ունեցավ, պատգամավորների առնվազն մեկ երրորդը, այս խորհրդարանի դեպքում՝ առնվազն 44 պատգամավոր։ Առավոտից «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ էին մտնում իշխանական պատգամավորները՝ առաջադրման համար ստորագրելու։ Նրանց թվում էր նաև Հրաչյա Հակոբյանը։

Ինչո՞ւ հենց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, եթե ինչպես վարչապետի առաջին, այնպես էլ երկրորդ ընտրությունը, իսկ ավելի ճիշտ չընտրությունը խորհրդանշական բնույթ է կրում, որպեսզի խորհրդարանական ուժերի պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովն արձակվի՝ առաջիկա արտահերթի անցկացման համար։ «Քաղաքացիական պայմանագրում» այլ թեկնածուի մասին, ըստ Հակոբյանի, անգամ չեն էլ մտածել. «Մեր վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, այլ թեկնածու պարզապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում քննարկել կամ առաջադրել այլ թեկնածուի հարցը»:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կրկնեց՝ ԼՀ-ի կողմից չկա որևէ գործընթաց, որը կարող է խափանել արտահերթի անցկացումը։ Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարն անձամբ էր հավաստիացրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Չնայած ընդդիմադիրների այս հավաստիացումներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ երեկ զգուշացրեց՝ եթե պայմանավորվածություն խախտելու փորձ լինի, «Իմ քայլը» վարչապետ կընտրի։ Այսինքն, խորհրդարանը չի արձակվի։ Ընդդիմադիր երկու ուժերը միասին 40 պատգամավոր ունեն, 9 պատգամավոր էլ որևէ խմբակցությունում ընդգրկված չէ։

«Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանի ականջին չեն հասել խոսակցություններ, որ ընդդիմադիրները մտածում են պայմանավորվածություն խախտելու մասին, ավելին՝ կարծում է՝ պայմանավորվածությունները կպահպանվեն։ Այդ դեպքում ի՞նչ էր ուզում ասել Փաշինյանը:

«Պարզապես իրազեկեց մեր հանրությանը, նաև հիշեցրեց քաղաքական ուժերին, որ նման սցենարի դեպքում ինչ տեղի կարող է ունենալ: Իմ ականջին համենայն դեպս նման խոսակցություններ չեն հասել, իսկ թե ինչու, չեմ կարող ասել», – ասաց Հակոբյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելացնում է. «Պարզապես իր խոսքը հիշեցում էր պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել բանակցությունների ընթացքում, երբ նաև ամրագրվել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն, նախատեսվում են անցկացնել հունիսի 20-ին: Ընդամենն այդ համատեքստում էր»:

Իսկ «Լուսավորից» Անի Սամսոնյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները հենց «Իմ քայլին» էին ուղղված. «Տարբեր շրջանակներ` հասարակական, քաղաքական, մեզ ասում են, որ դուք պիտի վարչապետ առաջադրեք, և բնականաբար մենք, իհարկե, ունենք իմունիտետ, որևէ ճնշման չենք ենթարկվում: Միգուցե հաշվի առնելով, որ հանկարծ կարող է այդ ճնշմանը որևէ մեկը տեղիք տալ, կան մտավախություններ, բայց ես կարծում եմ, որ այդ մտավախությունները ոչ թե մեզ են ուղղված` «Լուսավորին» և «Բարգավաճին», այլ ուղղված են իր խմբակցությանը, որովհետև անվստահությունը հենց սկզբից չի եղել մեր հանդեպ, անվստահությունը եղել է, երբ որ չի ուզեցել հրաժարական տա, որ մարդ չառաջադրեն, իր խմբակցության նկատմամբ: Իր խմբակցությանն էր լսեցնում, որ եթե հանկարծ որևէ շարժ եղավ, իմացեք, որ ամեն ինչ չեղյալ եմ հայտարարելու»:

Իշխանությունն արդեն որոշում ունի ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա արտահերթին առանձին կմասնակցի: Վարչության որոշումը փոխանցեց Լիլիթ Մակունցը. «Մենք դաշինք չենք կազմելու որևէ կուսակցության հետ»:

Ընտրական ցուցակին, հավաստիացնում էր, մայիսի տասից հետո են անդրադառնալու, հիմա բանակցություններ են ընթանում:

2018-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը եզրափակվեց մասնակից բոլոր ուժերի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճով։ Արդյոք պատերազմից հետո անխնա քննադատվող իշխանությունը չի՞ խուսափի նման բանավեճից, Մակունցն ասում է. «Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա: Նախորդ անգամ Փաշինյանի հենց նախաձեռնությամբ էր բանավեճը, և չեմ բացառում, որ այս անգամ էլ լինի հենց իր նախաձեռնությամբ»:

Հարցին, թե այսինքն` քննարկել են նման բանավեճի հնարավորությունը, և Փաշինյանը կողմ է դրան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք բոլորս կողմ ենք»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here