Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը

0
370

https://www.azatutyun.am-Նաիրա Նալբանդյան

Առաջին նախագահի հայտարարությունը Մակունցի տարակուսանքն է առաջացրել

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին՝ արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Տեր-Պետրոսյանի երբեմնի գաղափարակից ու թիմակից Լիլիթ Մակունցի տարակուսանքն է առաջացրել։

«Ինձ համար` որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել, իհարկե, արժեքաբանական հիմքերի վրա, ինձ մոտ, իհարկե, այդ ելույթը, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրել է: Ինչո՞ւ, որովհետև այն շարժումը, որի մաս եմ կազմել ես և շատ քաղաքացիներ, այդ թվում` քաղաքական թիմի անդամ լինելով, և 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին, այս անգամ արդեն ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա` իմ կարծիքով», – ասում է Մակունցը:

Տեր-Պետրոսյանն իր կազմած հայտարարության մեջ, որը պետք է ստորագրեին երեք նախկին նախագահները, շեղ տառերով առանձնացրել էր այն հատվածը, որ իրենք անձնապես չեն հավակնելու իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոնի։ Չնայած սրան՝ Մակունցը հայտարարությունից չի եզրակացրել, որ տարիներ շարունակ քաղաքական հակառակորդներ եղած նախկին նախագահների միավորման նպատակը մեկն է լինելու՝ Փաշինյանի հեռացումը. «Որքանով ես հասցրել եմ հետևել, բավականին մեծ թվով մարդիկ հասկացել են այնպես, ինչպես ներկայացրի:

Կարծում եմ` երկրորդ և երրորդ նախագահների արձագանքը նույնպես վկայում է, որ նրանք այլ եզրակացություն են արել»:

Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները, իշխանության ներկայացուցիչը անարձագանք թողեց. «Եթե թույլ տաք, ես չանդրադառնամ որակումներին»:

Երկրորդ և երրորդ նախագահները մերժում են առաջին նախագահին

Առաջին նախագահի երեկվա հրապարակային առաջարկից ժամեր անց Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժեցին նրան՝ հայտարարելով՝ իրենք արդեն ընտրություններին մասնակցության այլ ձևաչափ են ընտրել։ Ավելին, երկուսն էլ իրենց դժգոհություն էին հայտնել, որ Տեր-Պետրոսյանը առանց կողմերի հետ համաձայնեցնելու հրապարակայնեցրել էր մարտի 25-ի իրենց հանդիպումը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարությունում Տեր-Պետրոսյանի հրապարակման հետ կապված այլ վերապահում ևս կար. «Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել»։

Իսկ առաջիկա ընտրություններին անկուսակցական Քոչարյանը կգլխավորի Հայ հեղափոխական դաշնակցություն և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Քոչարյանի գլխավորությամբ և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կուսակցության հետ միասին ընտրությունների գնալու մասին այսօր տեսաուղերձի միջոցով հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Դաշինքի ձևավորման, դաշինքի անվան, համամասնական ցուցակի և մյուս անելիքների մասին մենք առաջիկայում հանդես կգանք համատեղ հայտարարությամբ»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ Տեր-Պետրոսյանին հիշեցրել են, որ Հանրապետականը խորհրդարանական ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու որոշում ունի: Նկատենք, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 25-ի փակ հանդիպմանը առաջին նախագահի առաջարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանը որևէ կարծիք չի արտահայտել, մինչդեռ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ կարդում ենք. «Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում»։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից դեռ որևէ կերպ չեն արձագանքում այս հայտարարություններին։ Մայիսի 16-ին նախատեսված է ՀԱԿ-ի համագումարը, ենթադրվում է, որ այդ օրն էլ պարզ կդառնա` առաջին նախագահի ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here