Այսօր լուծվում է Արցախի, Հայաստանի ապագայի հարցը․ ընտրությունները պետք է հիմնված լինեն գաղափարական տեսլականների վրա

0
1728

https://yerevanlur.am-Yerevanlur-ի զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։

— Պարոն Սարաֆյան, Հայաստանը պատրաստվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նոր դաշինքներ են ձևավորվում, ԿԸՀ-ն երեկ հաստատեց, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին։ Ինչպիսի՞ նախընտրական պայքար եք կանխատեսում։

— Արդեն, կարծես, ուրվագծվել է երկբևեռանի պայքարի պատկեր, բայց, անշուշտ, դեռ 2-3 շաբաթվա ընթացքում կարելի է տեղաշարժեր ակնկալել, որովհետև այն պատկերը, որ այսօր ունենք, չեմ կարծում՝ վերջնական է լինելու։ Հիմնական բոլոր խաղացողներն էլ հասկանում են, որ մի քանի խմբավորում պայքարում են որոշակի ընտրազանգվածի ձայների համար, իսկ իշխանության ընտրազանգվածի հետ նրանք, այսպես թե այնպես, առնչություն չունեն։ Պարզ է, որ պետք է լինեն հաշվարկներ՝ ինչպես աշխատել ընտրազանգվածի հետ, որպեսզի քվեարկության ժամանակ կարողանան նրանից ձայներ ստանալ, իսկ եթե չկարողանան, ապա ինչպես են բաժանվելու այդ ընտրազանգվածի ձայները։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հստակ է, հիմնված են մի ընտրազանգվածի վրա։ «Լուսավոր Հայաստանը» և «Ազգային բևեռը» մի քիչ տարբեր ընտրազանգվածներ ունեն։ Նախընտրական մթնոլորտը, կարծում եմ, հետզհետե շատ ավելի կշիկանա, բայց, անշուշտ, նախընտրելի է, որ ընտրություններն իսկապես լինեին բովանդակային և գաղափարական տեսլականների վրա հիմնված՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, այլ ոչ թե այն մակարդակով և ատելության մթնոլորտի մեջ, որ հիմա գոյություն ունի։

— Կարծես արդեն երևում է, որ լինելու է ոչ թե գաղափարական, այլ՝ փոխադարձ մեղադրանքների, նախկինների ու ներկաների, հնի ու նորի պայքար։

— Դժբախտաբար, այդպես է ու դա շատ վատ է։ Նախ՝ պետք է ընդունենք, որ Հայաստանում երբեք, անգամ նախորդ ընտրությունների ժամանակ, չի եղել գաղափարի պայքար, չի ձևավորվել ընտրական մշակույթ։ Այդ երևույթը շարունակվում է այսօր՝ շատ ավելի սուր և ընդգծված։ Դա որևէ լավ բանի չի կարող հանգեցնել, որովհետև, եթե չկա գաղափարական պայքար, մենք դատապարտված ենք անընդհատ հայտնվելու այսպիսի իրավիճակների մեջ։ Հատկապես հետպատերազմյան այս շրջանում շատ ավելի կենսական է, որ գաղափարական դաշտ լիներ։ Այսօր լուծվում է Արցախի, Հայաստանի ապագայի հարցը։ Ինչպիսին լինի ընտրությունների որակը, այդպիսին էլ կլինի ապագան։ Ընտրողների 40 %-ը կողմնորոշված չէ։ Նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց քվեն տալ այն կուսակցությանը կամ դաշինքին, որը կներկայացնի, թե Հայաստանի ապագայի ինչ տեսլական է պատկերացնում։

Ավելին՝ հիմա իսկապես ժամանակն է անկեղծ, ճիշտ ու սթափ մոտեցումներով առաջ գնալու, այլ ոչ թե այսպես ամպագորգոռ հայտարարություններով կամ անիրատեսական երազներով, ցանկություններով ինչ-որ կոնֆլիկտներ ստեղծելու համար, որովհետև մենք չունենք դրա ժամանակը։ Հիմա լուրջ, անկեղծ և ճիշտ մոտեցումներով առաջ գնալու ժամանակն է։

— ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծեց իր առաջարկները Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։ Երկու տիպի մեկնաբանություններ եղան, թե ինչպես կարող է առաջին նախագահը միավորվել, իր իսկ խոսքերով, «նախկին ավազակապետական ռեժիմի ղեկավարների» հետ, և որ Տեր-Պետրոսյանի առաջարկի մեխն այն էր, որ նրանք չեն հավակնելու որևէ քաղաքական պաշտոնի։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն էր Տեր-Պետրոսյանի առաջարկի էությունը։

— Ինչ որ ասվել է՝ ասվել է, բացատրությունն արդեն տրվել է։ Սակայն, մեր կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պիտի լիներ այդ քայլը, դրա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի ընտրության մասնակցության և այլընտրանքային ուժ դառնալու հայտը, որովհետև այսօրվա դրությամբ շատ հստակ է մեզ համար, որ միակ քաղաքական գործիչը, որը բարոյական իրավունք ունի և տարիների ընթացքում հետևողականորեն նույն քաղաքական ուղեգիծն է հետապնդել, նա է։ Ինչպես տեսնում ենք՝ իր բոլոր կանխատեսումները և մտահոգություններն իրականություն դարձան։ Տրամաբանական կլիներ, որ նա ոչ միայն մասնակցեր, այլև հրապարակային հանդես գար իր հայտնի բովանդակային հոդվածներով և ելույթներով։ Այսինքն, ինքը սկսեր ձևավորել քաղաքական, գաղափարական դիսկուրսը, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանի ապագան, որովհետև մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք այսօրվա տարածաշրջանային նոր իրականության, հարևանների հետ հարաբերությունների, Արցախի կարգավիճակի և Ռուսաստանի ժամանակավոր ներկայության առումով։ Ինչպե՞ս է օգտագործվելու առաջիկա 4 տարվա ժամանակահատվածը։ Ուզենք, թե չուզենք՝ ժամանակը գնում է։ Ինչպե՞ս մենք պետք է վարվենք այս իրավիճակում, ինչպե՞ս պետք է գոնե ինչ-որ չափով ետ բերենք մեր ինքնիշխանությունը, որից այսօր զրկվել ենք, և այժմ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլև ՀՀ-ն է ապավինում Ռուսաստանին, որպեսզի կարողանանք մեր սահմանները պահել, երթևեկել դեպի Սյունիք, կամ Արցախ։ Այսինքն՝ իրապես կան շատ լուրջ գործընթացներ, որոնց մասին պետք է խոսել և սթափ որոշումներ կայացնել։
— Պատերազմից հետո շատ են խոսակցությունները, թե Սփյուռքը դեմ է գործող իշխանություններին։ Իրո՞ք այդպես է, և որքանո՞վ է Սփյուռքի ձայնը լսելի Հայաստանում։
— Իրականությունը բոլորովին այդպես չէ, որովհետև այստեղ կա մի քանի գործոն և այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մոտավորապես նույն պատկերը Սփյուռքում է։ Այստեղ անհատական կամ անհատականացված պատասխանատվության խնդիր չէ։ Խնդիրը մեղավորներ փնտրելու մեջ է, դավաճան և հայրենասերի պիտակավորումների մեջ է, թե ում պատճառով է պատերազմը տեղի ունեցել։ Նոյեմբերի 9-ից հետո մեջտեղ նետված կարգախոսը շատ բան աղավաղեց իրականությունից և նպաստեց հասարակության ոչ միայն բևեռացմանը, այլև, իմ կարծիքով, սխալ օրակարգի արմատավորմանը և դրանից բխող անիմաստ ու անհեթեթ բոլոր մեղադրանքներին, փողոցային, բամբասանքի մակարդակի խոսակցություններին, ապատեղեկատվությանը, ինչու ոչ՝ տեղեկատվական տեռորին, ժողովրդին բարոյալքելու բոլոր ջանքերին, որ նպատակ ունի սուտ, նենգ լրատվություն հրապարակելով, մարդկանց՝ արդեն վիրավոր հոգիները ցավեցնելու։ Հիմա նույն իրավիճակը Սփյուռքում է, բայց մենք հստակ տեսնում ենք, որ պարտվեց գաղափարը։ Այսօրվա իշխանությունը կրում է պատասխանատվություն, և վարչապետը ևս ասում է՝ մենք պատասխանատու ենք։ Այո՛, բայց, միանշանակ, պատասխանատվությունը միայն այսօրվա իշխանության վրա չէ։ Այսինքն, այն գաղափարը, թե «մենք կարող էինք դիմադրել, նոր հաջողությունների հասնել, ոչ մի թիզ հող, ոչ մի զիջում, մենք ի վիճակի ենք Արցախի սահմանները պաշտպանել, նոր պատերազմ, նոր տարածքներ», որ վերջին 20 տարվա ընթացքում արմատավորվել էր ժողովրդի մեջ, պարտվեց։ Այդ պարտված գաղափարի կրողներն են և՛ նախկին իշխանությունները, և՛, դժբախտաբար, այսօրվա իշխանությունները։ Ուղղակի հիմա, այդ պատրանքի շղարշը պատռվելուց հետո, երբ իրականությանը դեմ հանդիման ենք, պարզ է՝ թե՛ մեր հնարավորությունների և թե՛ կարողությունների սահմանը, և բոլորը հասկանում են ինչ վիճակի մեջ ենք հայտնվել։ Դրանից է բխում Սփյուռքի վերաբերմունքը։ Այստեղ, դժբախտաբար, նկատի չի առնվում մի գործոն, այն, որ Արցախի պարտությունը կամ պատերազմն ընդհանուր պատկերի միայն մի մասն է, իսկ երկրորդ մասը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է, թե ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը։ Պարզ է, որ այդ երկուսն իրարից զանազանելու անհրաժեշտություն կա, ինչը Սփյուռքում ավելի հեշտ է անել, որովհետև նաև հեռու ենք այդտեղի թեժ իրավիճակից։ Դրանից հետևություններ են արվում, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում՝ հավերժական թշնամակա՞ն հարաբերություններ ունեցող հարևանների հետ, Ռուսաստանի ուժի աջակցությանը ապավինո՞ղ, թե՞ սկսելու ենք հարցերին մոտենալ բոլորովին այլ տեսանկյունից, այսինքն՝ ունենալ կանխատեսելի, կարգավորված հարաբերություններ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ։ Պարզ է, որ դժվար է հիմա դա պատկերացնելը, բայց, ուզենք թե չուզենք, դա պիտի անենք, որովհետև դրանից է կախված երկրի ինքնիշխանություն ունենալու հնարավորությունը։ Եթե մենք չկարողանանք ստեղծել այդ հարաբերությունները, չսկսենք այդ գործընթացը, ուրեմն հավերժ մնալու ենք այս իրավիճակի մեջ։ Պարզ է՝ դաշնակիցն իր շահերն ունի։ Երբ մեր շահերը համընկնում են, շատ լավ է, բայց երբ շահերը չեն համընկնում, շատ վատ է լինում, ինչին մենք ականատես ենք եղել պատմության մեջ և ականատեսն ենք այս անգամ։

— Պարոն Սարաֆյան, Դուք դեռ մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկում համախմբման կոչ էիք անում, բայց պատերազմն ավելի խորացրեց ջրբաժանը, հասարակությունն է՛լ ավելի է բևեռացել։ Ինչպե՞ս եք այս խնդրի լուծումը տեսնում, Սփյուռքի ներուժը ինչպե՞ս կարող է օգտագործվել, զանգվածային հայրենադարձություն հնարավո՞ր է։ Դա կփոխե՞ր մթնոլորտը, ինչպես, օրինակ, սիրիահայերի, թեկուզև, պարտադրված հայրենադարձումը այստեղ բիզնես մթնոլորտ փոխեց։

— Նախ՝ մենք միշտ համոզված ենք եղել, որ մեր շատ ցանկություններ, իղձեր իրականության ենք վերածելու, բայց երբեմն գերագնահատվում է կամ վերնագրային բառերի մեջ է մնում Սփյուռքի ներուժը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, օժանդակության խնդիրը, կամ Սփյուռքի մասնակցությունը հայրենիքի զարգացմանը և բարգավաճմանը։ Ինչո՞ւ եմ դա ասում։ Որպեսզի հայրենադարձությունն իրական լինի, բնական է, որևէ մեկն իր հանգիստ կյանքը թողած չի գնալու և ավելի վատ ու անապահով պայմաններում ապրելու։ Սա չի լինելու։ Եթե մենք վերցնենք Իսրայելի օրինակը, այստեղ մի քանի գործոններ կան։ Առաջինը՝ հայրենիքի պահպանման կամ հզորացման գործոնը, որի պատճառով հայրենադարձությունը տեղի է ունենում։ Երկրորդը՝ կյանքը շատ ավելի բարեկեցիկ է այնտեղ, օրինակ, երբ Ռուսաստանից հսկայական արտագաղթ եղավ դեպի Իսրայել, այդ մարդիկ շատ ավելի լավ պայմաններում սկսեցին ապրել։ Հայաստանի դեպքում 2 շատ կարևոր գործոն կա։ Առաջինը՝ համերաշխության մթնոլորտ պետք է լինի։ Այսինքն, նոյեմբերի վերջին արված մեր՝ պետականության շուրջ համախմբվելու կոչն այդ ելակետն ուներ, որ պետք է զանազանել պետականությունն իշխանություններից, կուսակցություններից և ամեն ինչից։ Պետք է լինի Հայաստանի ազգային տեսլական, և կարող են լինել քաղաքական տարբերություններ։ Առանց այդ գաղափարի ես չեմ տեսնում ներգաղթի հավանականություն։ Անշուշտ, ներգաղթը կնշանակի նաև մտավորական ներուժի ներհոսք, դրսում ձեռք բերված հսկայական, բազմաթիվ տասնյակ տարիների շատ մասնագետների փորձ, որը կարելի կլինի օգտագործել Հայաստանի զարգացման համար։ Դա իսկապես շատ բան կփոխի բոլոր ոլորտներում, ոչ միայն քաղաքական առումով։ Բայց դա անելու համար, առաջին հերթին, սփյուռքահայը պետք է կարողանա հասկանալ, որ չի ընկնելու վատ իրավիճակի մեջ, իսկ դրա ամենակարևոր ցուցանիշը հարաբերություններն են և Հայաստանի ներքաղաքական մթնոլորտւը։ Այսպիսի մթնոլորտում, ինչպիսին այսօր մենք ունենք, իհարկե, պատկերացնել չենք կարող, որ որևէ մեկը կցանկանա նման քայլի դիմել, եթե դա պարտադրված չի անում, ինչպես սիրիահայերի պարագայում պատերազմի պատճառով էր։

Գայանե Խաչատրյան

Մարիամ Ասատրյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here