Համաճարակից Տուժած Փոքր Ձեռնարկութիւններին Պետական Աջակցութիւնը Շարունակւում է

0
235

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ԱՄՆ Փոքր Ձեռնարկութիւնների հարցերի վարչութիւնը (SBA) «Կորոնա» ժահրի համաճարակի արդիւնքում տուժած ձեռնարկութիւններին շարունակում է տրամադրել աջակցութիւն տարբեր ծրագրերի միջոցով: «էս.Բի.Էյ»ը (SBA) վարկ է, որը տրւում է երեսուն տարով, 3,75 տոկոսադրոյքով այն ձեռնարկութիւններին, որոնք ունեն հինգ հարիւրից քիչ աշխատող եւ համարւում են փոքր ձեռնարկութիւն: Վարկի տրուելուց յետոյ առաջին վեց ամիսները պետութիւնն է ստանձնել գումարի մարումը, սակայն հնարաւոր է, որ յետագայում այս ժամկէտը երկարաձգուի, նշում է հաշուապահ Սոնա Յովսէփեանը եւ տեղեկացնում այլ նորութիւնների մասին: «Այսօր արդէն կարելի է պահանջել աւելացնել «էս.Բի.Էյ» ծրագրով տրուող վարկի չափը: Նախկինում տրամադրւում էր համախառն եկամուտի կէսը վէս ամսուայ կտրուածքով, այժմ տալիս են քսանչորս ամսուայ համար, բայց առաւելագոյնը 500 հազար դոլարի չափով: Այսինքն, հնարաւոր է պահանջել վարկի աւելացում, որի համար դիմողից պահանջուելու է թոյլտուութիւն՝ նրա հարկերի մասին տեղեկատուութիւն ստանալու Ներքին եկամուտների ծառայութիւնից (IRS): Դրա նպատակն է համոզուել, որ դիմողի համախառն եկամուտը համապատասխանում է նրա հարկային փաստաթղթերում ներկայացուած գումարի չափին»: Մասնագէտը չափազանց կարեւոր է համարում հանգամանքը, որ դիմողները մանրամասն ծանօթ լինեն պայմանագրին մինչ այն ստորագրելը: «Առաջին կարեւոր հարցը, որ ցանկանում են ուշադրութիւն հրաւիրել այն է, որ եթէ տրամադրուող վարկը երկու հարիւր հազար դոլարից աւել է՝ դիմողն ինքն է երաշխաւոր դառնում վարկի համար, մինչդեռ մինչեւ երկու հարիւր հազարի դէպքում՝ տուեալ ձեռնարկութեանն է պատկանում վարկային պարտաւորուածութիւնը: Այս դէպքում, դիմողը պէտք է հաշուի առնի հնարաւոր ռիսկերը կապուած իր անձնական ֆինանսական պատմութեան հետ: Նոյնիսկ այն դէպքում, երբ դիմողի ձեռնարկութիւնը սնանկ է ճանաչւում, անհատն է հանդիսանում պատասխանատու, եւ անձամբ նրանից կարող են գանձել գումարը», նշում է Սոնա Յովսէփեանը: Նա նաեւ տեղեկացնում է, որ երկու հարիւր հազար դոլարից աւելի վարկի դէպքում, Փոքր Ձեռնարկութիւնների հարցերի վարչութիւնը կարող է իւրաքանչիւր պահի դիմողից պահանջել ֆինանսական զեկոյց, որտեղ ներկայացուած կը լինեն ամսական կամ եռամսեակի կտրուածքով տեղեկութիւններ եկամուտի, ֆինանսական փոխանցումների եւ այլնի մասին: Սա այն դէպքում, երբ սովորաբար, փոքր ձեռնարկութիւններից նման փաստաթղթեր չի պահանջւում: Այս մօտեցումն, ըստ մասնագէտի, նշուած վարկաչափի տրամադրման նախապայմաններից է:

Փոքր Ձեռնարկութիւնների հարցերի վարչութեան կողմից իրականացուող մէկ այլ՝ «Փի.Փի.Փի» (PPP) անուանումով ծրագրի ֆինանսաւորումն այս պահին դադարեցուած է: Յովսէփեանը տեղեկացնում է, որ հնարաւոր է, որ կառավարութիւնը նոր ֆինանսական յատկացում կատարի այս ծրագրին: «Սա հինգ տարի ժամանակահատուածով, մէկ տոկոսով տրամադրուող ֆինանսական աջակցութիւն է, որը մեծ հաւանականութեամբ ներուելու է, այսինքն՝ դրամաշնորհ է: Այս ծրագրի մասին յաճախ եմ հանդիպում սխալ տեղեկութիւնների սոցիալական հարթակներում, օրինակ շատերը չգիտեն, որ եթէ անկախ պայմանագրային աշխատող են, եւ ստանում են հարկային հաշուետուութեան 1099 ձեւի փաստաթուղթ կամ ինքնազբաղ գործարար են, եւ հարկային յայտարարագրում ներառում են «Սքեջուլ Սի» (Schedule C)՝ որակաւորուած են դիմելու «Փի.Փի.Փի.»ի համար: Նաեւ, պարտադիր չէ ունենալ գրանցուած ձեռնարկութիւն: Դիմելու համար անհրաժեշտ պայման է, որ գործն աշխոյժ ընթացքի մէջ եղած լինի 15 Փետրուարի 2020-ի դրութեամբ եւ տուժած լինի համավարակի պատճառով»:

Անդրադառնալով համավարակի պատճառով գործազրկութիւն ստանալու դէպքում 2020 թուականի հարկային հաշուետուութեանը, Յովսէփեանը նշում է, որ Ապրիլի 4ին ընդունուած հրամանով, տասը հազար երկու հարիւր դոլարը հարկուող եկամուտ չի համարուի, եւ նրանք, ովքեր արդէն ներկայացրել են հարկային հաշուետուութիւն՝ պետութիւնը կը հաշուարկի եւ անհրաժեշտութեան դէպքում կը փոխհատուցի:

 

Տեղեկանք.- Փոքր Ձեռնարկութիւնների հարցերի վարչութիւնը Միացեալ Նահանգների պետական գործակալութիւն է, որն աջակցութիւն է տրամադրում ձեռնարկատէրերին եւ փոքր ձեռնարկութիւններին: Այս կառոյցի նպատակն է «պահպանել եւ ամրապնդել երկրի տնտեսութիւնը` հնարաւորութիւն ընձեռելով փոքր ձեռնարկատիրութեան կայացմանն ու կենսունակութեան ապահովմանը, եւ աջակցելու աղէտներից յետոյ համայնքների տնտեսական վերականգնումը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here