Փաշինյանի ու Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին, հայտարարում է Տեր-Պետրոսյանը

0
338

https://www.azatutyun.am – Գայանե Սարիբեկյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ Նախընտրական ինտրիգային այս հարցը Կոնգրեսի այսօրվա համագումարում Տեր-Պետրոսյանը կարծես թե հանգուցալուծեց։

«Նստեք, բայց զգուշացնում եմ` մի բան եմ ասելու, դրանից հետո ավելի ուժեղ ծափ չտաք, դահլիճը կփլվի: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, կարող է փոշմանի, այս ձեր ծափերը կարող է խաբուսիկ են, մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին», – հայտարարեց նա:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի հարցուպատասխանից ուրվագծվեց, որ մտադիր են մասնակցել, 76-ամյա Տեր-Պետրոսյանն էլ ցուցակը գլխավորելու է։ Բայց նորընտիր վարչությունը առաջիկա երկու օրվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի որոշման ու ցուցակը գլխավորող թեկնածուի մասին. «Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա. Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»:

Այսօրվա համագումարում ձևավորվեց նորընտիր վարչությունը, կուսակցության ղեկավար վերընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նա նախագահի միակ թեկնածուն էր։ Փոխնախագահները կընտրվեն վարչության առաջիկա նիստում։ Ինչպես նախկին, այնպես էլ նորընտիր վարչության 35 հոգանոց կազմում է ներքին գործերի նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։ Դա խորհրդանշական բնույթ ունի։

Մինչ նախընտրական պայքարին միանալ-չմիանալու հարցին անդրադառնալը, նախ Տեր-Պետրոսյանը խոսեց Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառների, երկրին սպառնացող վտանգների ու ելքի մասին։

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին` վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի` «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ, և ինչը եղավ Հայաստանի վերջը` Ղարաբաղի վերջը», – նշեց ՀԱԿ առաջնորդը:

Իսկ ինչո՞ւ ինքը չկարողացավ լուծել Արցախի հարցն ու հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։ Հայաստանի նախկին ղեկավարն ասաց՝ իր խաղաղության ծրագրի դեմ պայքարող ներիշխանական խմբավորմանը հաջողվել էր իրեն զրկել քաղաքական ուժերի աջակցությունից։ Խաղաղության ծրագրի դեմ պայքարողները պատրաստ էին քաղաքացիական պատերազմի։ Հրաժարական է տվել բացառապես դրանից խուսափելու համար. «Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից»:

Ի՞նչ է ակնկալում առաջիկա ընտրություններից Կոնգրեսի առաջնորդը` կանխել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի իշխանության վերարտադրությունը ու Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը. «Դա լուծված հարց էր, եթե այդ դաշինքը կայանար, Նիկոլը երբեք չէր վերադառնա իշխանության: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո ես նրան անկեղծորեն ասել եմ, նույն այդ հանդիպման ժամանակ, որի մասին դուք գիտեք, որ ես այդ դեպքում ստիպված եմ լինելու պայքարել նույնքան կատաղի ոչ միայն Փաշինյանի, այլև իր` Քոչարյանի դեմ»:

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին և երկրորդ նախագահներին մարտի 25-ին առաջարկել էր միասնաբար` Ազգային համաձայնության դաշինքով մասնակցել սպասվող ընտրություններին՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը։ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր սպառնալիքները։ Ռոբերտ Քոչարյանը կտրուկ մերժել էր առաջարկը, իսկ Սերժ Սարգսյանը դա արդյունավետ կհամարեր, եթե բոլոր կողմերի միջև համաձայնություն լիներ։ Ի՞նչն է ստիպել Տեր-Պետրոսյանին նման առաջարկ անել իր քաղաքական հակառակորդներին։ Այս առաջարկը դավադրության ու բարոյականության տեսանկյունից քննարկողների համար պարզաբանեց։ Աշխարհի տարբեր երկրներում նույնիսկ քաղաքացիական պատերազմներում միմյանց դեմ պատերազմող ուժերն են համախմբվում, երբ երկիրը հայտնվում է կործանման եզրին.

«Հրապարակ էին նետվել հազար ու մի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ և բարոյական տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, միայն քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը, և դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ անգամ այդ հանելուկի բանալին, այն է` մի կողմից` խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով»:

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Քոչարյանի մերժելը նշանակում է, որ նա առաջնորդվել է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Իսկ Սերժ Սարգսյանն, ըստ Կոնգրեսի ղեկավարի, իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում և ընտրություններին մասնակցելով պարզապես ուզում է սեփական կուսակցության նկատմամբ իր պարտքը կատարել` հանրապետականների փոքր խմբի ներկայացված տեսնել Ագզային ժողովում: Տեր-Պետրոսյանն ասաց՝ անգամ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ է ասել, որ կատաղի պայքարելու է ոչ միայն Փաշինյանի, այլև նրա դեմ. «Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ:

Հարց վեցերորդ. իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից՝ չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին և Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ և հակասություններ, այլև կոշտ հակամարտություն: Դուք գիտեք` ինչի մասին է խոսքը:

Պատասխան. ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձևավորվում են հենց այն ուժերի միջև, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ և նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում, կոտորել են իրար, հետո նստել, ազգային համաձայնության կառավարություն են ձևավորել:

Եթե այս հանգամանքը չլիներ, ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձևավորման կարիք երբեք չէր լինի: Նման կարիք առաջանում է միայն այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին և հանուն պետականության նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի»:

Սպասվող ընտրություններում վտանգավոր է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, նրանցից որևէ մեկի հաղթանակի պարագայում ներքաղաքական հակամարտությունն ավելի է սաստկանալու, հայտարարեց Տեր-Պետրոսյանը. «Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը: Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին. աշխարհը չի հասկանալու, թե ինչպես է հայ ժողովուրդը ղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here