Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին

0
415

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր չեն վերսկսվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Գորիսում հայտնեց իշխող ուժից պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ բանակցությունները չեն ավարտվել:

Արդեն անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանային հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին:

Երեկվա բանակցություններին իշխանական պատգամավորը «արդյունավետ» բնորոշումը տվեց, չհստակեցնելով, սակայն, թե խոսքը մասնավորապես ինչի մասին է:

«Դետալային չեմ ուզում ներկայացնել, թե արդյունավետությունն ինչում է կայանում, ամեն դեպքում երեկվա բանակցությունները արդյունավետ են ավարտվել, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին: Միաժամանակ դետալները չպարզաբանելով կոչ եմ անում և հորդորում եմ բոլորին, բոլոր պաշտոնյաներին՝ նախկին, ներկա, զինվորականներին, պաշտոններ զբաղեցնողներին, զբաղեցրածներին, իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են: Այս պահի դրությամբ չի կարելի, այդ բանակցային պրոցեսի մեջ և այս լարված իրավիճակի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են անմիջապես 180 աստիճանով փոխել ամեն ինչի ելքը», – նշեց պատգամավորը:

Ի դեպ, Արմեն Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը, որ բանակցություններին անձամբ մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Մինչ բանակցությունները դադարել են, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Գորիսում է կրկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա վերջին օրերին ժամանակ առ ժամանակ Սյունիքում է լինում, թե ինչ գործառույթներով, նրա գրասենյակից հրաժարվում են մեկնաբանություն տրամադրել: Ավինյանը երեկ ուշ երեկոյան հրաժարվեց պատասխանել ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր հարցերին:

Այսօր մենք զրուցել ենք Գորիսի բնակիչների հետ: Մարդիկ այստեղ էլ անհանգիստ են: Սպասում են բանակցությունների արդյունքներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here