Փաշինյանն ընդգծում է՝ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»

0
83

https://www.azatutyun.am –Արտակ Խուլյան

Երկօրյա դադարից հետո բանակցություններն այսօր այդպես էլ չվերսկսվեցին՝ ադրբեջանական կողմը պայմանավորված ժամին չի ներկայացել, կեսօրից հետո հայտնեցին պաշտպանության նախարարությունից՝ առանց այլ որևէ մանրամասնի, թե ինչն է եղել պատճառը և արդյոք ադրբեջանական կողմը որևէ կերպ հիմնավորել է իր բացակայությունը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել», – ասված է հայտարարությունում:

Իրադրությունը կայուն է, բայց լարված, այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ շեշտելով՝ իրավիճակը անընդունելի է հայկական կողմի համար:

«Մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր Զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով», – նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը հայտնեց՝ շարունակում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակներում, նշելով՝ գուցե գործընթացները ցանկալի արագությամբ չեն ընթանում, բայց վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները կան և հայկական կողմը շարունակում է հետևողական աշխատանքը:

«Շարունակելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ:

Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն Ադրբեջանի գործողությունները համարում է ապակառուցողական: Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը տարածաշրջանում լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր է ձեռնարկում. «Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը»:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, ընդգծելով՝ այստեղ տեղին չեն դեմարկացիայի ու դելիմիտայի մասին խոսակցությունները:

Կողմերին Մոսկվան է առաջարկում սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել, որում կարող է մասնակցել որպես միջնորդ: Ավելի վաղ ռուսական կողմի առաջարկին նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արձագանքել:

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից», – ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը կրկին անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանց պետք է ստեղծվի. «Ճանապարհների բացումը, այո, մեզ համար կարևոր է: Մենք հունվարի 11-ի հայտարարությունն ստորագրել ենք, քանի որ այդ հայտարարությունը բխում է մեր շահերից: Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Բայց ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև զգում եմ, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ: «Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here