Զարիֆը՝ Ալիևին. «Այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»

0
130

https://www.azatutyun.am – Ազա Բաբայան, Մոսկվա

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», – նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:

Բաքվից Զարիֆն ուղևորվելու է Երևան: Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Ադրբեջան և Հայաստան՝ ղարաբաղյան պատերազմից հետո:

Հունվարին տարածաշրջան այցի ժամանակ Զարիֆը հայտարարել էր, թե հետպատերազմյան շրջանում Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է:

Այսօր Մոհամադ Զարիֆին ընդունելիս Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հիմա ադրբեջանա-իրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի այս, պաշտոնական Բաքուն հուսով է, որ Թեհրանի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության զարգացման համար:

«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ՝ կապված տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրավիճակի հետ: Իհարկե, Իրանն ու Ադրբեջանը որպես երկու եղբայրական երկրներ պետք է համակարգեն ջանքերը և նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը: Ես վստահ եմ, որ Իրանի կառավարությունը կիսում է նույն մոտեցումը», – ասել է Իլհամ Ալիևը:

Իրանի արտգործնախարարի տարածաշրջան այցի նախօրեին պաշտոնական Անկարան շտապեց հայտարարել, թե առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here