Սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը «երկու առաջարկ է արել, մնացել անարձագանք»

0
421

https://www.azatutyun.am- Արտակ Խուլյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի վերաբերյալ անցած շաբաթ հայկական կողմը երկու առաջարկ է արել՝ բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից, սակայն այն անարձագանք է մնացել, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։

«Ադրբեջանի զորքերը, զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան մեր սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել, և ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը», – ընդգծեց Փաշինյանը:

Կա՞ արդյոք մտավախություն, որ հայկական զորքերի պատժիչ գործողություններից հետո Ռուսաստանի Դաշնության կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքերը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորությունները, որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցն էր Նիկոլ Փաշինյանին։ Ինչին ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ դա նույնն է, ինչ որևէ պետություն կամ կազմակերպություն հայտարարի ինքնալուծարման մասին, անհավանական համարեց նման իրավիճակը։

«Պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն այն է և մեկնաբանությունն այն է, որ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա հարձակում է Ռուսաստանի Դաշնության վրա: Դա գրված է թղթի վրա: Սա նշանակում է, որ եթե որևէ մեկը անպատիժ կարող է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, ուրեմն ցանկացած մեկն անպատիժ կարող է հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա», – ասաց նա:

Փաշինյանը այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում. «Ռազմական դրություն կարող է, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»:

Ադրբեջանը ցանկանում է կոծկել պայմանագրային զինծառայողի սպանության փաստը, հայտարարում է Հարությունյանը

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմանը, թե մայիսի 24-ից 26-ը Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական ստորաբաժանումները հրազենից կրակ են արձակել Քելբաջարի և Գեդաբեկի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ միջադեպ է արձանագրվել նաև Շուշիի մերձակայքում։ Վաղարշակ Հարությունյանը հերքեց ադրբեջանական կողմի մեղադրանքները։

Ադրբեջանը ցանկանում է կոծկել պայմանագրային զինծառայող Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստը, հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, թե հայկական կողմը հստակ գիտի ադրբեջանական կողմի մարտավարությունը։ Խուրշուդյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել էր երեկ՝ Գեղարքունիքի մարզում։

«Հստակ գիտենք, թե իրանք ինչ մարտավարություն են մշակել, և եթե ուշադիր նայել եք, ապա Իլհամ Ալիևը հայտարարում է, թե ի՞նչ ա տեղի ունեցել որ, դե սահման ենք ճշտում, և ամենակարևորը՝ ասում ա՝ դուք տեսնո՞ւմ եք որևէ կրակոց չկա: Երեկ դա եղավ», – նշեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here